«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2009-07-09 | #128, 2009-07-10 | #129, 2009-07-11


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆԿԱՏՎՈՒՄ ԵՆ ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐ»

Հայտարարեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

2010-ին Հայաստանը կունենա 1-1,5 տոկոսին մոտ տնտեսական աճ: Երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կանխատեսում կատարեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը : Նա նշեց, որ այս տարին սկսվեց բացասական սպասումներով, որը պայմանավորված էր համաշխարհային տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությամբ եւ առաջին կիսամյակում այդ ազդեցությունը մեր տնտեսության վրա նկատելի էր: Սակայն, ըստ նախարարի, տարվա կեսից սկսել են նկատվել կայունացման միտումներ: Տիգրան Դավթյանն ընդգծեց, որ խոսքը ոչ թե տնտեսության վերականգնման կամ ճգնաժամի հաղթահարման, այլ միայն կայունացման առաջին նշանների մասին է: Մասնավորապես, հարկերի հավաքման ցուցանիշը հունիսին կազմել է 43 մլրդ դրամ: Մայիսին կազմել էր 38 մլրդ դրամ: Հուլիսի առաջին 10 օրում այդ ցուցանիշն ավելին է, քան հունիսի առաջին 10 օրվանը: Այս ցուցանիշները ֆինանսների նախարարը պայմանավորեց ե՛ւ տնտեսության որոշակի կայունացմամբ, ե՛ւ հարկային վարչարարությամբ: Միաժամանակ, նշվեց, որ որոշակիորեն ավելացել են արտաքին առեւտրաշրջանառության ծավալները եւ մասնավոր փոխանցումները: Որոշակի աշխուժություն կա լեռնահանքային արդյունաբերության եւ շինարարության մեջ:

Բյուջեի կատարման մասին խոսելով, Տիգրան Դավթյանը նշեց, որ ընդհանուր առմամբ հաջողվում է կատարել բյուջեի ծախսերը, բայց դրանք մեծացնելու անհրաժեշտություն կար: Ծախսերի կրճատման տարբերակը նախարարը աննպատակահարմար գտավ, քանի որ դա կնշանակեր նպաստել տնտեսական անկմանը: Ուստի կառավարությունը բանակցություններ սկսեց ֆինանսական միջոցներ ներգրավելու ուղղությամբ եւ հաջողությամբ ավարտեց դրանքՙ Արժույթի միջազգային հիմնադրամից, Համաշխարհային բանկից, Ռուսաստանի Դաշնությունից եւ Ասիական զարգացման բանկից ստանալով անհրաժեշտ միջոցները: Այս գումարներին ավելացել են նաեւ ներքին խնայողությունները, որ կուտակվել են անցյալ տարի: Այդ բոլոր գումարները կծախսվեն ոչ միայն 2009-ին, այլեւ 2010-ին: Ֆինանսների նախարարի համոզմամբ, բյուջեի համար այս երկու տարիներին այլ միջոցներ ներգրավելու անհրաժեշտություն Հայաստանն այլեւս չի ունենա:

Համախառն ներքին արդյունք (ՀՆԱ) - արտաքին պարտք հարաբերակցության վերաբերյալ տրված հարցին Տիգրան Դավթյանը պատասխանեց, որ այդ հարաբերակցությունը ռիսկային է լինում, եթե անցնում է 50 տոկոսը: Մենք այդ մակարդակին չենք հասել: Այս տարին սկսել ենք ՀՆԱ - արտաքին պարտք 13-14 տոկոս հարաբերակցությամբ: Առաջիկա 10-11 տարիներին այդ հարաբերակցությունը կկազմի 30 տոկոս, իսկ եթե ներառվի նաեւ Կենտրոնական բանկի պարտքը, ապաՙ 37-38 տոկոս: Դա համարվում է կառավարելի արտաքին պարտք: Մինչեւ 2025 թվականը այդ վարկերի սպասարկման հաշվարկներ նախարարությունը կատարել է:

Մեկ այլ հարցի պատասխանելով, Տիգրան Դավթյանը հայտարարեց, որ պետական համակարգում աշխատավարձերի ուշացման դեպքեր չկան եւ չեն լինելու: Այնուհետեւ նախարարը ներկա պայմաններում ճիշտ համարեց ԿԲ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքների իջեցմանՙ ընդլայնողական քաղաքականությունը:

Մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացվեցին նաեւ կառուցապատող ընկերություններին պետական երաշխիքների տրամադրման տվյալները: Համաձայն դրանց, 5 ընկերություններիՙ «Էլիտ գրուպ», «Հերմեկ», «Լեւոն Ամիրխանյան», «Մ. Գ. Հաուզինգ» եւ վերջինըՙ «Վահե Հարությունյան», տրամադրվել է ընդհանուր առմամբ 10 մլն դոլարին համարժեք բյուջետային երաշխիք: Դրա շնորհիվ կառուցապատող ընկերությունները ավարտին կհասցնեն 108 քմ շինտարածք: Ներկայումս կառավարության ստեղծած օպերատիվ շտաբում քննարկվում է եւս երկու այդպիսի ծրագիրՙ 5 մլն դոլար արժողությամբ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4