«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2009-07-09 | #128, 2009-07-10 | #129, 2009-07-11


ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀՈԳԱԼ 2011-Ի ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԾԱԽՍԵՐԻ 21 ՏՈԿՈՍԸ

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանում անցկացվելիք մարդահամարի հարցերն է երեկ քննարկել միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նա նշել է, որ կառավարության որոշմամբ մարդահամարն անցկացվելու է 2011-ի հոկտեմբերի 12-21-ը ներառյալ, փորձնական մարդահամարը` 2010-ի ապրիլի 14-23-ը ներառյալ` Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում եւ Տավուշի մարզի Գետահովիտի, Գանձաքարի, Աչաջրի եւ Խաշթառակի գյուղական համայնքներում: Կազմվել է մարդահամարի ծախսերի նախահաշիվը, որը հինգ տարվա` 2009-2013-ի համար, 2,5 մլրդ դրամ է: Նշվել է, որ այդ գումարից 1,9 մլրդ դրամը նախատեսված է 2011-ի համար: Կարեւորագույն այս միջոցառումն անցկացնելու նպատակով 2011-ին ներգրավվելու է ավելի քան 16 հազար ժամանակավոր աշխատակից, ինչը կարեւոր է նաեւ մարդկանց զբաղվածությունն ապահովելու եւ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները մեղմելու իմաստով: Տիգրան Սարգսյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ ճգնաժամի պայմաններում այսօրվա պատկերացումներով պետական բյուջեից հնարավոր կլինի ֆինանսավորել այդ ծախսերի միայն 21 տոկոսը, եւ դիմել է ներկաներին` հնարավորության դեպքում մարդահամարի անցկացման գործում Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերել ֆինանսական եւ տեխնիկական օժանդակություն:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4