«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2009-07-10 | #129, 2009-07-11 | #130, 2009-07-14


ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ` ԱՌԱՋԸՆԹԱՑ ԳՐԱՆՑՈ՞Ղ

«Վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում` իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով»

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստան, Ադրբեջան եւ նախատեսված կարգով, բայց եղանակային պայմանների պատճառով չիրականացված Լեռնային Ղարաբաղ տարածաշրջան վերջին այցելության ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ի դեմս Ֆրանսիան ներկայացնող Բեռնար Ֆասիեի, հայտարարեցին, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում քննարկվող մադրիդյան սկզբունքները մոտ 15-ն են: Դրանք, բնականաբար, չմանրամասնվեցին:

Ակվիլայում գագաթաժողով գումարած «Մեծ ութնյակի» ղեկավարներից երեք երկրների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբաման, Նիկոլա Սարկոզին եւ Դմիտրի Մեդվեդեւը նախորդ շաբաթ հանդես եկան հայտարարությամբ, որով Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին հորդորում են կարգավորել Լեռնային Ղարաբաղի երկարատեւ հակամարտությունը:

«Մենք հանձնարարում ենք միջնորդներին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին փոխանցել 2007 թվականին Մադրիդում ներկայացված խաղաղության հաստատման ծրագրի լրամշակված տարբերակը: Կոչ ենք անում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին լուծել մնացած մի քանի տարաձայնությունները եւ ավարտուն տեսքի բերել հիմնարար սկզբունքների վերաբերյալ իրենց համաձայնությունը, որով կուրվագծվի համապարփակ կարգավորման ընդհանուր պատկերը», ասվում է Օբամայի, Սարկոզիի եւ Մեդվեդեւի համատեղ հայտարարությունում:

ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարության համաձայն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահները հաստատում են իրենց նվիրվածությունըՙ աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին կարգավորման հիմնարար սկզբունքները վերջնական տեսքի բերելու գործում:

Հայտարարության տեքստի հետ ներկայացվող տեղեկանքում նշվում է, որ մադրիդյան հիմնարար սկզբունքները արտացոլում են բանական (խելամիտ) փոխզիջումՙ հիմնված ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, Ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշմանՙ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա:

«Հիմնարար սկզբունքներն, ի թիվս այլոց, կոչ են անում. Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ` անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքների տրամադրմամբ, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով, բոլոր ներքին տեղահանված անձանց եւ փախստականներիՙ իրենց նախկին մշտական բնակության վայրերը վերադառնալու իրավունք եւ անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություն», նշվում է հայտարարության մեջ:

Թե Բեռնար Ֆասիեի նշած մոտ 15 սկզբունքները ինչ բաշխվածություն ունեն այս համատեքստում եւ արդյոք դրանցից իրապես համաձայնեցման եզրին են միայն 2-3-ը այն դեպքում, երբ մյուսների առնչությամբ նոր-նոր միջնորդները ցանկանում են նոր քննարկում նախաձեռնել, ցույց կտա ժամանակը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարությունն ավարտվում է հույսով, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից այս հիմնարար սկզբունքների սատարումը թույլ կտա մշակել համապարփակ կարգավորման ծրագիրՙ ուղղված Հայաստանի, Ադրբեջանի եւ ամբողջ տարածաշրջանի համար խաղաղ, կայուն ու բարգավաճ ապագայի ապահովմանը»:

Այս հայտարարությամբ առաջին անգամ ընդհանրացված ներկայացվում են այն թեմաները, որոնք քննարկվում են, սակայն չեն առանձնացվում սկզբունքները: Միեւնույն ժամանակ, ասվածում նորություն չկա, բայց դրա փոխարեն հայտարարության պաշտոնական մակարդակն այնպիսի բարձրությամբ է ապահովված, որ չի կարող շարքային ու աննշան համարվել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4