«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2009-07-10 | #129, 2009-07-11 | #130, 2009-07-14


ՍԵՎԱՆՆ ՈՒ ԻՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Հիմնահարցերն այստեղ փոխկապակցված են

Որ Սեւանը հասել է մահացող լճերի մակարդակին, հաստատում է ՀՀ նախագահին առընթեր Սեւանի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահը: 1974 թվականից Սեւանա լճի հիմնահարցերով զբաղվող Վլադիմիր Մովսիսյանը համաձայնեց գլխավորել հանձնաժողովը, քանի որ «բնական այլ ռեսուրս չունենք, եւ յուրաքանչյուրս պետք է հոգ տանի Սեւանի մասին»: Հանձնաժողովի նախագահը, որ Սեւանի տվյալների մասին խոսում է միլիմետրերի ճշգրտությամբ, նկատում է, որ լիճը տարածաշրջանում քաղցրահամ ջրերի ամենամեծ պաշարն է: «Սեւանում 35 մլրդ խմ քաղցրահամ ջուր կա: 1933 թվականին այդ թիվը 58 մլրդ խմ էր, իսկ լճի մակարդակը նույն թվականի համեմատությամբ իջել է 16մ 17 սմ-ով», «Դե ֆակտո» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ասաց Վլադիմիր Մովսիսյանը:

Նաեւ Սեւանի պահպանության համար կառուցված Արփա-Սեւան թունելը, Որոտանի հանգույցը, Ապարանի եւ Ազատանի ջրամբարները, դրանց շինարարության ծախսերը աննպատակ կդառնան, «եթե չշարունակենք Սեւանի պահպանմանն ուղղված միջոցառումները»: Դեկտեմբերին կազմավորված հանձնաժողովը նպատակ ունի առաջարկություններով եւ ուսումնասիրություններով նպաստելու լճի պահպանմանը: Լճի մակարդակի բարձրացումը հիմնախնդիրների շարքում առաջինն է: «Լիճը պետք է հասցվի 1903.5 մետր բարձրության: Սա այն բարձրությունն է, որի դեպքում լճի թթվածնային եւ ջերմային ռեժիմը նորմայի սահմաններում է: Այդ մակարդակը խախտվել էր, այդ իսկ պատճառով լիճը սկսել էր «ծաղկել»: 1903.5 մետրին հասնելու համար մեզ անհրաժեշտ է լճի մակարդակը բարձրացնել 4մ 65 սմ-ով: 2031 թվականին նախատեսվում է ապահովել այդ նիշը: Նախորդ տարվա համեմատությամբ լճի մակարդակը բարձրացել է 13 սմ-ով», ասաց Վլադիմիր Մովսիսյանը: Հանձնաժողովում հաշվարկել են, որ այդ մակարդակին հասնելու դեպքում ջրի պաշարները կավելանան 8 մլրդ խմ-ով:

Ոռոգման նպատակով այս տարի Սեւանից բաց է թողնվել 142 մլն խմ ջուր, նախորդ տարվա 302 մլն խմ-ի համեմատությամբ: «Սա նաեւ բնության շնորհիվ էր, քանի որ տարին ավելի ջրառատ էր: Բայց խնդիրն այն է, որ բաց թողնված ջրի շուրջ կեսը կորում է ոռոգման ներքին ցանցերի վնասվածության պատճառով», ասաց հանձնաժողովի նախագահը:

Լճի մակարդակի բարձրացումն իր հերթին անիմաստ կդառնա, եթե չլուծվի ջրի մաքրության հարցը: Լճի մակարդակի բարձրացման դեպքում ջրի տակ են մնալու արհեստական անտառները, 18 կմ երկարության էլեկտրահաղորդման համակարգերը, 19 կմ գազատարը, ափամերձ կառույցները, որոնցից միայն 66-ն է օրինական: «1609 կառույց անօրինական է», նկատում է Վլադիմիր Մովսիսյանը:

Հանրապետության նախագահին հանձնաժողովը առաջարկ է ներկայացրել 3 տարով դադարեցնել ձկնորսությունը, որը հնարավորություն կտա վերականգնելու լճի ձկնային պաշարները: Առաջարկը նախագահի հավանությանն արժանանալու դեպքում կքննարկվի կառավարությունում:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4