«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2009-07-10 | #129, 2009-07-11 | #130, 2009-07-14


ԵՎՍ ՄԵԿ ՔԱՅԼ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հուլիսի 11-ին Հաղպատի վանքային համալիրի տարածքում տեղի ունեցավ «Ճանաչենք հայկական հուշարձանները» ծրագրով պատրաստված բազմալեզու բացօթյա տեղեկատվական 6 վահանակների տեղադրման շնորհանդեսը: «Վիվասել-ՄՏՍ» ԲԲԸ-ի, USAID/CAPS-ի, Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսի ֆինանսական աջակցությամբ եւ AMAP (Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր) մշակութային հասարակական կազմակերպության հովանավորությամբ կազմակերպված միջոցառումն սկսվեց աղուհացի օրհնությամբՙ ձեռամբ Հաղպատի վանքի հոգեւոր հովիվ Ասպետ վարդապետ Բալյանի: Հայր Ասպետը ողջունեց բոլորի ներկայությունը, ապա ողջույնի խոսք ասաց Հաղպատի գյուղապետ Սերգո Քառյանըՙ շնորհակալություն հայտնելով ծրագրի աջակիցներին ու հովանավորներին: Հաղպատի վանքի բակում կատարվեց ծառատունկի արարողությունՙ «Վիվասել-ՄՏՍ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, նշված կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի նախագահ Ռիկ Նայը եւ ծրագրի համահիմնադիր Ջոն Հյուզը իրենց ուրախությունն արտահայտեցին օրվա խորհրդի առիթովՙ հույս հայտնելով, որ վահանակների վրա տեղադրված տեղեկատվությունը հասկանալի եւ հասանելի կլինի բոլորին: Նշելով, որ ծրագրի աշխատանքային գործընկերՙ ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը, ՀՀ տրանսպորտի նախարարությունը մեծապես օժանդակում են այս գործին, նրանք տեղեկացրին, որ սա այս տարի արդեն վեցերորդ հուշարձանն է: 2009 թ. ծրագրում ընդգրկվել է եւս 14 հնավայր: Արդեն հատուկ վահանակներով նշվում է Հայաստանի Մետաքսի ճանապարհըՙ Վրաստանից մինչեւ Իրան:

Ռիկ Նայը, ի թիվս աջակիցների, շնորհակալություն հայտնեց նաեւ Հայկական «Կանաչ խաչ» բնապահպանական հասարակական կազմակերպությանը (գործադիր տնօրենՙ Գագիկ Ամիրյան)ՙ տարածքը կանաչապատելու եւ Սայաթ-Նովայի հիշատակին կազմակերպված ծառատունկին եղեւնու տնկի տրամադրելու համար:

Ներկաներին ողջունեց եւ ծրագրի կարեւորությունը շեշտեց Լոռու փոխմարզպետ Աղվան Վարդերեսյանըՙ բոլորին փոխանցելով մարզպետ Արամ Քոչարյանի ողջույնը:

Հուշարձանների պաշտպանության միջազգային ICOMOS կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի նախագահ Գագիկ Գյուրջյանը, Գյումրիում Իտալիայի պատվավոր հյուպատոս Անտոնիո Մոնտալտոն շեշտեցին Հաղպատի պատմամշակութային հուշարձանի համամարդկային արժեքըՙ նշելով, որ UNESCO-ի պարտադիր պահանջն էՙ համաշխարհային ժառանգության արժեքները նաեւ տեղեկատվությամբ ներկայացնել, եւ վահանակների տեղադրումն այս առումով խիստ կարեւոր է:

«Վիվասել-ՄՏՍ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն իր հպարտությունը հայտնեց հայկական մշակութային բարձր արժեքների առիթով: «Հաղպատի նման վայրը հայկական մեր ինքնության արտահայտումն է, հետեւաբար ամեն գնով պիտի պահպանենք այսպիսի վայրերը», ասաց նա:

Հնչեցին Սայաթ-Նովայի ստեղծագործություններըՙ երգ¬երաժշտության եւ ասմունքի տեսքով:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4