Այսօր ֆուտբոլի չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում ՀՀ բազմակի չեմպիոն «Փյունիկը» կհյուրընկալի Զագրեբի «Դինամոյին»: «Հանրապետական» մարզադաշտում հանդիպումը կսկսվի ժամը 20-ին: Մուտքը տոմսերով է: Խաղը կսպասարկի իտալական մրցավարական բրիգադը:
1945-ին հիմնադրված Զագրեբի «Դինամոն» նախկին Հարավսլավիայի առաջատար ակումբներից մեկն էր, որը 4 անգամ նվաճել էր երկրի չեմպիոնի, 7 անգամ գավաթակրի տիտղոսները: Հարավսլավիայի փլուզումից հետո «Դինամոն» 11 անգամ նվաճել է Խորվաթիայի չեմպիոնի, 10 անգամՙ գավաթակրի կոչումները: Ընդ որում, վերջին չորս տարիներին դինամոյականներն ուժեղագույնն են երկրում, 3 անգամ էլ դարձել են գավաթակիր:
Այս ամենը վկայում է, որ «Փյունիկի» մրցակիցը բավական ուժեղ թիմ է: «Դինամոյի» ամենաճանաչված ֆուտբոլիստը Խորվաթիայի հավաքականի 35-ամյա կենտրոնական պաշտպան Ռոբերտ Կովաչն է: Թիմը եվրոգավաթների մասնակցության հսկայական փորձ ունի: Անցկացրած 153 հանդիպումներից 55-ում «Դինամոն» հաղթել է, 37-ն ավարտել է ոչ-ոքի, 61-ում պարտվել է: Գնդակների տարբերությունն է 224-198:
«Փյունիկը» 10-րդ անգամ է մեկնարկի դուրս գալիս եվրոգավաթներում: Հայաստանի թիմերից «Փյունիկը» բոլորից հաջող է հանդես եկել եվրոպական մրցասպարեզներումՙ 4 անգամ հաղթահարելով չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը: Եվրոգավաթներում փյունիկցիների նորամուտը կայացել է 1996-ի հուլիսի 17-ին: Այն ժամանակ գործող կարգի համաձայն ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում ցածր գործակից ունեցող երկրների չեմպիոնները մասնակցում էին ՈւԵՖԱ-ի գավաթի մրցաշարին: Այդ մրցաշարի նախնական փուլում «Փյունիկը» հյուրընկալելով ֆիննական ՀԻԿ-ին, հաղթեց 3-1 հաշվով: Երկու գոլ խփեց Արսեն Ավետիսյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Համլետ Մխիթարյանը: Սակայն պատասխան խաղում ֆինները հաղթեցին նույնպիսի հաշվով, իսկ նշանակված լրացուցիչ ժամանակը շահեցին 2-1 հաշվով եւ մտան հաջորդ փուլ:
Առաջին հաջողությանը փյունիկցիները հասան 2002-ի չեմպիոնների լիգայի մրցաշարում: Օսկար Լոպեսի գլխավորությամբ «Փյունիկը» հաջողությամբ հաղթահարեց չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի արգելքըՙ երկու խաղերում էլ հաղթելով ֆիննական «Տամպերեին» (4-0, 2-0): Սակայն հաջորդ փուլում թիմի հաղթարշավը կասեցրեց Կիեւի «Դինամոն», որը սեփական հարկի տակ 4 անպատասխան գնդակ խփեց, իսկ Երեւանում հասավ ոչ-ոքի (2-2) արդյունքի:
Հաջորդ երկու տարիներին «Փյունիկը» կրկնեց հաջողությունը Միխայ Ստոյկիցայի եւ Վարդան Մինասյանի օրոք: 2003-ին «Փյունիկն» առավելության հասավ Իսլանդիայի չեմպիոն «Ռեյկյավիկի» նկատմամբ (1-0, 1-1), իսկ հաջորդ տարի պայքարից դուրս մղեց մակեդոնական «Պոբեդային» (3-1, 1-1): Վերջին անգամ փյունիկցիներն առաջին փուլի արգելքը հաղթահարել են 2007-ին Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբՙ առավելության հասնելով իռլանդական «Դերի Սիթիի» նկատմամբ (0-0, 2-0): Իսկ ահա անցած տարի «Փյունիկը» երկու խաղերում էլ պարտվեց Կիպրոսի «Անորտոսիսին» (0-1, 0-2), որը հանդես եկավ չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում:
Այսօրվա խաղը եվրոգավաթներում փյունիկցիների 27-րդ հանդիպումն է: Մեր չեմպիոնը տոնել է 6 հաղթանակ, նույնքան խաղ ավարտել է ոչ-ոքի, 14-ում պարտվել է: «Փյունիկը» խփել է 28 գոլ, բաց է թողել 40-ը: Թիմի ռմբարկուն Արսեն Ավետիսյանն է, որը խփել է 4 գոլ: Թիմի կազմում բոլորից շատ խաղ է անցկացրել Աղվան Մկրտչյանը (20), իսկ ներկա կազմից առավելագույն քանակի խաղեր (18) անցկացրել է «Փյունիկի» ավագ Սարգիս Հովսեփյանը:
Բուքմեյքերները երեւանյան խաղում առավելությունը տալիս են Զագրեբի «Դինամոյին», որի հաղթանակը գնահատել են 1,65 գործակցով: «Փյունիկի» հաղթանակի գործակիցը 4,5 է, իսկ ոչ-ոքին գնահատվել է 3,5:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ