«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2009-07-11 | #130, 2009-07-14 | #131, 2009-07-15


ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸՙ ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻՑ ՀԵՏՈ

Մադրիդյան սկզբունքների մեկնաբանություններ

Անգամ մադրիդյան սկզբունքների քողազերծումից հետո էլ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումից քաղաքագետներ Սուրեն Զոլյանն ու Երվանդ Բոզոյանը հստակ ակնկալիքներ չունեն: Հանդիպումը, նրանց կարծիքով, կարելի է հերթական համարել, միակ տարբերությունն աշխարհում սրընթաց զարգացող դեպքերն են, որոնց լույսի ներքո էլ ընթանալու են բանակցությունները: «Մեծ ութնյակի» հանդիպումը, Նաբուկոյի համաձայնագրի ստորագրումը, ղարաբաղյան կարգավորման շուրջը հնչող հայտարարությունները եւ սկզբունքների բացահայտումը քաղաքագետներին ստիպելու են առավել ուշադրությամբ հետեւել նախագահների հանդիպմանը:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, մեկնաբանելով մադրիդյան սկզբունքները, «Հայելի» ակումբում նշեց, որ առանց հստակեցնելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը` տարածքների վերադարձի հարցի քննարկումը կարող է վտանագավոր տարրեր պարունակել: «Հիմնական խնդիրը` ԼՂՀ կարգավիճակի հարցը այս փաստաթղթում լուծված չէ», ասաց Երվանդ Բոզոյանը:

Սուրեն Զոլյանը նկատեց, որ սկզբունքները նոր չեն, իսկ մեկնաբանությունները կարող են հակասական լինել «կախված նրանից, թե ինչ հերթականությամբ կկիրառվեն սկզբունքները: Իսկ որն է առաջին սկզբունքը, որըՙ երկրորդ, փաստաթղթում նշված չէ»: Նրան մտահոգել է, որ մադրիդյան սկզբունքների շուրջը բանակցություններում ղարաբաղյան կողմը ներկայացված չէ:

Երկու քաղաքագետներն էլ վստահ են, որ արցախյան խնդրի լուծումը դեռեւս հեռավոր ապագայի հարց է: Ե՛վ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը պարզապես պատրաստ չեն այդ քայլին: «Այսօր լուծումը կարող է պարտադրված լինել մեծ տերությունների կողմից», ասաց Սուրեն Զոլյանը: Նա կարծում է, որ ներկա պահին Ադրբեջանը հզորանում է ի հաշիվ նավթային պաշարների, խոշոր տերությունները սիրաշահում են Ադրբեջանին: «Սա ժամանակավոր շրջան է հօգուտ Ադրբեջանի: Կարծում եմ, տերությունները պետք է կայունություն ապահովեն տարածաշրջանում, որը բնավ էլ չի նշանակում բավարարել Ադրբեջանի ախորժակը», ասաց Սուրեն Զոլյանը:

Երվանդ Բոզոյանը, սակայն, վստահ է, որ Ադրբեջանի կշիռն այնքան էլ բարձր չէ, որպեսզի մեծ տերությունները սիրաշահեն այդ երկրին: «Ադրբեջանում տիրում է մեկ մարդու քաղաքականությունը: Պարզապես կարգավորման հարցում օգտագործվում է մի մեխանիզմ, ըստ որի ճնշումն առավելապես գործադրվում է այն հատվածում, ուր ավելի արդյունավետ է», ասաց Երվանդ Բոզոյանը: Նա համոզված է, որ ստատուս քվոյի պահպանումն ու ժամանակն աշխատում են Հայաստանի օգտին:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4