«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2009-07-11 | #130, 2009-07-14 | #131, 2009-07-15


«ՄԵՆՔ ՓԱՍՏԱՑԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ԵՐԿՐՈՒՄ, ՈՉ ԻՐԱՎԱԿԱՆ»

Վրաստանում հայկական եկեղեցիների կարգավիճակը եւ վիրահայոց թեմի գրանցման հարցն այսօր թեմի առջեւ ծառացած առաջնային խնդիրներն են: Ի՞նչ է արվում այս ուղղությամբ եւ որո՞նք են լուծման հնարավորությունները: «Ազգի» հարցերին պատասխանում է վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:


- Վիրահայոց թեմին իրավական կարգավիճակ տալու բանակցությունները Վրաստանի կառավարության եւ թեմի միջեւ տարիների պատմություն ունեն: Ի՞նչ փուլում են այժմ բանակցությունները:

- Վերջին չորս ամիսներին բանակցություններ են վարվել Վրաստանի վերաինտեգրման նախարար Թեմուր Յակոբաշվիլու հետ: Նա հավաստիացրել է, որ Վրաստանի օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելով եւ համապատասխան օրենքի ընդունման դեպքում Վրաստանի տարածքում գործող ավանդական չորս կրոնական համայնքները` հայ առաքելական եկեղեցին, հռոմեական կաթոլիկ եկեղեցին, իսլամական եւ հրեական համայնքները հնարավորություն կունենան գրանցվելու եւ դառնալու հանրային իրավունքի սուբյեկտ: Սա հնարավորություն կտա դառնալու իրավահաջորդն ու ժառանգորդն այն ամբողջ հոգեւոր մշակույթի, որ դարերի ընթացքում ստեղծվել է Վրաստանի տարածքում: Սակայն նախարարի հետ տեղի ունեցած զրույցները, որոնք լուրջ բնույթ են կրել, շոշափելի որեւէ արդյունք չեն տվել: Մարտ ամսին տեղի ունեցած վերջին զրույցի ընթացքում նա հավաստիացրեց, որ օրենքի նախագիծը պատրաստ է եւ կառավարության հավանությանն արժանանալուց հետո կներկայացվի խորհրդարան: Ընդդիմության ցույցերի պատճառով այս գործընթացը հավանաբար կձգձգվի: Օրենքով կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը Վրաստանի ժողովրդավարական գործընթացներից մեկն է եւ հույս ունենք, որ օրենքը կընդունվի, բայց թե ինչպես կլինիՙ Աստծուն է հայտնի: Այցելությունները, հանդիպումները կառավարության ներկայացուցիչների հետ տեղի են ունեցել կրոնական մյուս համայնքների հետ, որովհետեւ բացի վրաց եկեղեցուց, բոլոր մյուս կրոնական համայնքներն օրենքով գրանցված չեն:

Օրենսդրական կարգավիճակ չունենալը ծանր վիճակ է ստեղծում թեմի համար: Մեր եկեղեցիները, եկեղեցապատկան հողերը, շենք շինությունները որեւէ իրավական ձեւակերպումով չեն պատկանում թեմին: Մենք փաստացի ներկայություն ենք երկրում, ոչ իրավական: Թեմը լեցուն խնդիրների առջեւ է կանգնում, երբ պետք է եկեղեցի նորոգենք, նոր շինություն կառուցենք: Այս ամենն անհնար է դառնում, որովհետեւ մենք իրավաբանական անձ չենք: Երբ դիմում ենք եկեղեցիների վերադարձման հարցով, մեզ պատասխանում են, թե ո՞ւմ վերադարձնենք, դուք իրավաբանական անձ չեք: Եկեղեցիների վերադարձը կախված է օրենքի ընդունումից:

- Օրենքի ընդունումը ի՞նչ երաշխիքներ կարող է տալ վիճահարույց եկեղեցիների վերադարձի համար:

- Վիճահարույց եկեղեցի հասկացությունը արհեստականորեն ստեղծված տերմին է: Պարզապես ոմանք չեն հասցրել Թբիլիսիի մյուս յոթ եկեղեցիների նման Նորաշենն էլ դարձնել վրացական եւ այն մնացել է այսպես կոչված վիճահարույց: Օրենքի ընդունումով հուսով ենք, որ կամաց-կամաց կլուծվի նաեւ այդ խնդիրը: Այն եկեղեցիները, որոնք արդեն վրացական են դարձել, դրանց վերադարձը գրեթե անհնարին է: Մենք այժմ պահանջում ենք մեր հինգ եկեղեցիները` Սուրբ Նորաշեն Աստվածածինը, Սուրբ Նշան եկեղեցին, Մուղնեցոց Սուրբ Գեւորգը, Երեւանցոց Սուրբ Մինասը, Շամխորեցոց Կարմիր Ավետարանը:

Շամխորեցոցը փլված է, Երեւանցոց եկեղեցին` կիսափուլ, Մուղնեցոց Սուրբ Գեւորգը եւ Սուրբ Նշանը վթարային շատ լուրջ վիճակում են, մխիթարականը Նորաշենն է, բայց այս եկեղեցին էլ շատ լուրջ ճեղքեր ունի: Հարցը բարձրացրել ենք Վրաստանի կառավարության առջեւ: Նրանք բանավոր խոստացել են նորոգել Նորաշենը, ոչ իբրեւ հայկական եկեղեցի, այլ իբրեւ Վրաստանի մշակութային կոթողներից մեկը: Վրաստանի պետության մոտեցումն այդպիսին է` առանց պատկանելության հարցի: Իհարկե, լավ կլիներ, եթե պետությունը հայ մասնագետների հետ կազմակերպեր եկեղեցու նորոգությունը: Մյուսը Ախալցխայի Սուրբ Նշան եկեղեցին է, որը նույնպես իննսունականներից այսպես կոչված վիճահարույց եկեղեցիների շարքին է դասվել:

«Վրաց հասարակությունը դեմ չէ հայկական եկեղեցիների վերադարձին: Մարդիկ հասկանում են, որ եթե եկեղեցիները հայերինը չլինեին, դժվար թե մենք վրացական եկեղեցու հանդեպ իրավունքներ ներկայացնեինք: Այդ եկեղեցիները պաշտոնապես պետության հաշվեկշռում են գտնվում եւ լուրջ պատմական արժեք են ներկայացնում: Էջմիածնի օգնությամբ այժմ վերանորոգվում է Թբիլիսիի Հավլաբար թաղամասի Սուրբ Էջմիածին եկեղեցին, իսկ գործում է միայն Սուրբ Գեւորգը:

- Ո՞րն է, Ձեր կարծիքով, օրենքի ընդունման ձգձգման պատճառը:

- Այստեղ միշտ այն մտավախությունն է եղել, թե իբր կրոնական փոքրամասնություններին գրանցելով աղանդավորությունը կարող է աճել: Կարծում եմ, դա այնքան էլ մտահոգիչ չէ Վրաստանի համար, որովհետեւ աղանդավորությունն այստեղ առավել տարածված է ազգային կրոնական փոքրամասնությունների մեջ: Դա սոցիալական բնույթի խնդիր է եւ վրացական միջավայրում աղանդավորությունը քիչ է: Գրանցման դեպքում մեզ տրվելու է թեմական կարգավիճակ: Այն աղանդները, որոնք գործում են այստեղ, գրանցված են որպես ոչ պետական հասարակական կազմակերպություն:

- Ո՞րն է վրաց եկեղեցու դերն այս գործընթացում:

- Վրացական եկեղեցին որեւէ դերակատարություն չունի իրավական տեսանկյունից, սակայն ունի բարոյական մեծ նշանակություն: Վրաց ուղղափառ եկեղեցին երկրում լուրջ ազդեցություն ունեցող հաստատություն է, պետական պաշտոնյաները նրանց հետ նմանատիպ հարցերում մշտապես խորհրդակցում են: Պատրիարքարանն այս հարցին դրական պատասխան է տվել: Օրենքի ընդունմանը կողմ են, քանի որ հարցը հավասարապես վերաբերում է ինչպես քրիստոնեական, այնպես էլ իսլամական եւ հրեական համայնքներին: Իսկ պատրիարքարանի հետ մեր հարաբերությունները մնում են փոխադարձ հարգանքի մակարդակով, եթե հաշվի չառնենք այն մեկ-երկու վրաց քահանաներին, ովքեր ոտնձգություններ են կատարել մեր եկեղեցիների նկատմամբ: Այդ քահանաներն այժմ ծառայության են տեղափոխվել այլ վայր եւ գոնե այս փուլում խոչընդոտներ հարուցող մարդիկ չունենք:

- Ի՞նչ փուլում է ջավախահայության թեմի հռչակման գործընթացը:

- Այս հարցն առկա է 1830-ական թվականներից ի վեր: Երբ Էրզրումի հայությունը տեղափոխվեց Ջավախք եւ միացավ հնուց ի վեր այնտեղ բնակվող հայերին, առաջացավ թեմ հիմնելու հարցը: 2001 թվականին Վեհափառ հայրապետը Բաբկեն աբեղային նշանակելով Ջավախքի առաջնորդական փոխանորդ` հաստատեց Ջավախքի փոխառաջնորդությունը: 2005 թվականից Վեհափառ հայրապետի օրհնությամբ փոխառաջնորդությանն ամբողջությամբ ինքնուրույնություն ենք տվել: Առանձին թեմի հռչակումը Ամենայն հայոց կաթողիկոսի իրավասության մեջ է մտնում եւ կախված է միայն Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից: Վրաստանի տարածքում ապրող հայության ուղիղ կեսն ապրում է Սամցխե-Ջավախք-Ծալկայում: Հաշվի առնելով այդ տարածքի էթնոսի հոգեբանությունը, մոտեցումները` կարծում ենք, որ առանձին թեմ եւ առանձին եպիսկոպոսական աթոռ ունենալով ավելի արդյունավետ կարող ենք աշխատել: Նույնն է նաեւ Միացյալ Նահանգներում, ուր կա արեւմտյան թեմ Լոս Անջելես կենտրոնով եւ արեւելյան թեմ` Նյու Յորք կենտրոնով: Իրանը երեք թեմ ունի, Ռուսաստանը` երկու:

- Նոր եկեղեցիների կառուցման կարիք զգացվո՞ւմ է:

- Կարիք կա հին եկեղեցիների վերադարձի եւ վերանորոգության: Սա առաջնահերթն է: Իսկ նոր եկեղեցիների կառուցման անհրաժեշտություն Թբիլիսիում, իհարկե, կա: Թբիլիսիում հարյուր հազարից ավելի հայ բնակիչ է ապրում եւ միայն Սուրբ Գեւորգ եկեղեցին բավարար չէ: Սուրբ Գեւորգ եկեղեցին այսօր ունի չորս քահանա, իսկ թեմը` տասներկու: Հատկապես մեծ տոներին ակնհայտ է, որ մեկ եկեղեցին բավարար չէ: Այս տարի Զատիկի տոնին եկեղեցու մոտ հսկա հերթ էր գոյացել: Այս տարի առաջին անգամ էր, որ Զատիկի տոնը նշեցինք Էջմիածնի տոմարով: Վերջին 150 տարիներին ինչպես Վրաստանում, այդպես էլ Ռուսաստանում, տոները նշվում էին հին տոմարով, որն էլ համընկնում էր վրաց եկեղեցու զատիկին: Վերջին տարիներին մենք քայլ արեցինք վերադառնալու Էջմիածնի տոմարին, որովհետեւ այն մեր հոգեւոր կենտրոնն է եւ մենք պարտավոր ենք նրա հետ նշել մեր եկեղեցական տոները: Այս տարվանից այլեւս բոլոր տոները նշել ենք Սուրբ Էջմիածնի տոմարով, եւ պետք է ուրախությամբ նշենք, որ մեր ժողովուրդը պաշտպանեց այս որոշումը: Սա արդեն լուրջ քայլ էր: Ես բանավոր Վեհափառ հայրապետին ներկայացրել եմ մեր որոշման մասին, մոտ ժամանակներս պետք է նաեւ գրավոր դիմեմ, որպեսզի ստանանք Վեհափառի կոնդակը եւ պաշտոնապես ժողովրդին տեղեկացնենք, որ հոգեւոր պետը իր օրհնությունն է տալիս մեր տոմարին անցնելու համար:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ, Թբիլիսի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4