«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2009-07-11 | #130, 2009-07-14 | #131, 2009-07-15


ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻՆ ՈՒՂՂՈՐԴՈՒՄ Է ԱՆԿԱՐԱՆ

Դա պետք է ուսանելի լինի ինչպես սփյուռքահայության, այնպես էլ հայաստանյան իշխանությունների համար

  «Ազգը» հուլիսի 10-ի համարում «Թուրքական սփյուռք» վերնագրով նշել էր, որ թուրքերի արտահոսքը Գերմանիա սկսել է 1960-ականներին, 70-ականներին նրանք գաղթել են եվրոպական այլ երկրներ, մասնավորապես Հոլանդիա, Ֆրանսիա, 80-ականներինՙ կապված ԱՍԱԼԱ-ի գործունեության հետ, որը վերստին միջազգային հանրության օրակարգ մտցրեց Հայկական հարցը, Եվրոպայի թուրքերը կազմավորվեցին իբրեւ համայնքներ, որոնց ակտիվ զանգվածը Թուրքիայի անմիջական միջամտությամբ քաղաքականացվեց, ստեղծելով եվրոպական երկրներում Անկարայից ուղղորդվող բազմաթիվ միություններ եւ կազմակերպություններ:

Դրանց գործունեությունը ներկայումս համակարգում է Եվրոպայի թուրքերի պլատֆորմը, որին էլ վերահսկում է ԱՄՆ-ում գործող «Թուրքական ֆորում» կազմակերպությունը, ունենալով կենտրոնական վարչության կազմում Թուրքիայի վարչապետարանի եւ արտգործնախարարության խորհրդականներ:

Մեր թերթում միաժամանակ նշվել էր, որ Եվրոպայի թուրքական համայնքները փորձում են ոչ միայն հակակշռել սփյուռքահայության Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերը, այլեւ լոբբիստական բուռն գործունեություն են ծավալում ի նպաստ Թուրքիայի եւ ստանձնում առաջադրանքներ: Օգտակար գործողության գործակիցը բարձրացնելու համար այս համայնքների ներկայացուցիչները եվրոպական երկրներում ներթափանցում են խորհրդարաններ եւ զգալի թիվ են կազմում տվյալ երկրի տեղական ինքնակառավարման մարմիններում:

Ակնհայտ է, որ եվրոպական երկրների խորհրդարաններում եւ տեղական ինքնակառավարման մարմիններում թուրքերի թվի աճին զուգընթաց կաճի նաեւ Թուրքիայի ազդեցությունը, եւ թուրքական լոբբին հետզհետե կդառնա ազդեցիկ գործոն: Համենայն դեպս, 372 մլն բնակչություն ունեցող Եվրոպայում բնակվում են 14 մլն մահմեդականներ, որոնք բնակչության 5 տոկոսն են կազմում: Մահմեդականներից 4 մլն-ը Թուրքիայի քաղաքացիներ են, որոնցից 2,5 միլիոնը բնակվում է Գերմանիայում, 380 հազարըՙ Ֆրանսիայում, 320 հազարըՙ Հոլանդիայում, 140 հազարըՙ Ավստրիայում, 100 հազարըՙ Բելգիայում, 10 հազարըՙ Իտալիայում:

Չհաշված Անգլիայում, Շվեյցարիայում բնակվող թուրքերին, 150 հազարանոց թուրք բնակչություն ունի նաեւ Հունաստանը, որը թերեւս օսմանյան շրջանից է մնացել: Ինչ վերաբերում է շուրջ 300 մլն բնակչություն ունեցող ԱՄՆ-ին, ապա այստեղ բնակվող թուրքերի թիվը 400 հազարի է հասնում, որը թերեւս թուրքական սփյուռքի ամենակրթված եւ կազմակերպված հատվածն է:

Եվրոպայում բնակվող շուրջ 4 մլն թուրք բնակչություն 850 հազարն ունի ընտրելու իրավունք, 500 հազարն ստացել է Գերմանիայի քաղաքացիություն, 40 հազարը բարձրագույն կրթություն է ստանում եվրոպական տարբեր համալսարաններում, իսկ 60 հազար թուրք ձեռներեցների, որոնք 400 հազար աշխատատեղ են ստեղծել, տարեկան եկամուտը, Գերմանիայի գլխավորությամբ տարբեր երկրներում, հասնում է 30 մլրդ դոլարի:

Եվրոպական երկրներում գործում են մեծ ու փոքր թուրքական ավելի քան 5 հազար միություններ եւ կազմակերպություններ, որոնցից 3 հազարի գործունեությունը համակարգում է Եվրոպայի թուրքերի պլատֆորմը: Հատկանշական է, որ Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցությունը մերժում են այն երկրները, որոնք Եվրոպայում ունեն առավելագույն թուրք բնակչությունՙ Գերմանիան, Ֆրանսիան, Ավստրիան: Փոխարենը Իսպանիան կամ 10 հազար թուրքեր բնակեցնող Իտալիան պաշտպանում են Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին: Ավելին, Գերմանիայի բնակչության 56 տոկոսը դեմ է, որ Թուրքիան եվրոպական ընտանիքին մաս կազմի, իսկ յուրաքանչյուր երկու գերմանացիներից մեկն, ըստ հարցման արդյունքների, ասում է. «Ես թուրքերի հետ նույն շենքում չեմ բնակվի»:

Այս տվյալները քաղել ենք Գյոքնուր Աքչադաղի Նյու Յորքի Turkishny.com կայքէջում հրապարակված հոդվածից, որտեղ հեղինակը 17 միլիոնանոց Հոլանդիան համարելով թուրքերի համար ամենաիդեալական երկիրը Եվրոպայում, նշում է, որ նրանք երկրի խորհրդարանում ունեն երեք պատգամավոր, իսկ տեղական ինքնակառավարման մարմիններումՙ 110 ներկայացուցիչներ: Կարծում ենք, այս փաստը ուսանելի պետք է լինի հայկական սփյուռքի, իսկ պաշտոնական Անկարայի աջակցությունը թուրքական սփյուռքինՙ հայաստանյան իշխանությունների համար:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4