Գերմանական MVV կոնսորցիումի հետ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն երեկ կնքեց կառավարման պայմանագիրՙ երեք տարի ժամկետովՙ եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Ինչպես հայտնի է, «Լոռի ջրմուղկոյուղի», «Շիրակ ջրմուղկոյուղի» եւ «Նոր Ակունք» ընկերություններում իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման, կառավարման արդյունավետության բարձրացման, սպառողներին որակյալ ծառայությունների մատուցման որակը բարելավելու նպատակով հայտարարվել էր միջազգային օպերատորի ընտրության մրցույթ: Հաղթած օպերատորին գերմանական KfW բանկը տրամադրելու է 3 մլն եվրո դրամաշնորհՙ ընկերությունների կառավարման համար: Իրենց առաջարկներն էին ներկայացրել միջազգային շուկայում հայտնի եւ ջրային ոլորտում մասնագիտացված 5 կազմակերպություններՙ գերմանական Remondis Aqua Gmbh & Co KG, գերմանական Berlinwasser International, ֆրանսիական Veolia Eau, գերմանական MVV dekon GmbH եւ ֆրանսիական SAUR: Մրցույթի հաղթող ճանաչվեց գերմանական MVV dekon GmbH, MVV Energe AG եւ հայկական AEG service ՍՊԸ կոնսորցիումը:
Պայմանագրի ստորագրման արարողության ժամանակ ջրային տնտեսության պետական կոմիտեի փոխնախագահ Գագիկ Խաչատրյանը ասաց, որ ջրամատակարարման եւ ջրահեռացման ոլորտում ներկայումս իրականացվող բարեփոխումներն ուղղված են ընկերությունների ֆինանսական եւ տեխնիկական գործունեության, բնակչությանը տրամադրվող ծառայությունների որակի բարելավմանը: Մի շարք ներդրումային ծրագրեր են իրականացվում միջազգային ֆինանսական կազմակերպությունների վարկային միջոցներով եւ կառավարության համաֆինանսավորմամբ: Մասնավորապես, կոմիտեի փոխնախագահը նշեց, որ հայ-գերմանական ֆինանսական համագործակցության շրջանակներում, գերմանական վերականգնման բանկի (KfW) վարկային միջոցներով իրականացվել է Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագիրը, իսկ Լոռու եւ Շիրակի մարզերում այդ աշխատանքները դեռ շարունակվում են: «Լոռի ջրմուղկոյուղին» սպասարկում է 1 քաղաք եւ 16 գյուղական համայնք, «Շիրակ ջրմուղկոյուղին»ՙ 2 քաղաք եւ 35 գյուղական համայնք, «Նոր Ակունքը»ՙ 2 քաղաք եւ 9 գյուղական համայնք:
Որպես կառավարման պայմանագրի կողմ հաղթող կազմակերպությունը պայմանագրի գործողության ընթացքում կմատուցի կառավարման, շահագործման եւ պահպանման ծառայություններ, կստանձնի լիարժեք պարտավորություններ եւ պատասխանատվությունՙ այս երեք ընկերություններն արդյունավետ կառավարելու համար: Մասնավորապես, ընկերության առջեւ պայմանագրով դրված են ջրամատակարարման տեւողության ավելացման, ջրակորուստների նվազման, վարձավճարների հավաքման պարտավորություններ:
MVV dekon GmbH-ը միջազգային ընկերություն է, որը ներկայումս իրականացնում է Գերմանիայի Մանհեյմ, Օֆենբախ, Զոլինգեն, Քիլ եւ այլ քաղաքների ջրամատակարարումը, ինչպես նաեւ ծրագրեր է իրականացրել աշխարհի ավելի քան 80 երկրներում:
Պայմանագրի ստորագրմանը ելույթ ունեցավ եւ գերմանական ընկերությանՙ պայմանագրով նախատեսված առաջիկա գործունեությանն անդրադարձավ նաեւ MVV-ի ներկայացուցիչ Սվեն Սոտերը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ