«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2009-07-11 | #130, 2009-07-14 | #131, 2009-07-15


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ «ՀԻԼՏՈՆ» ՀՅՈՒՐԱՆՈՑ

25-30 մլն դոլար կազմող կառույցի շինարարությունը կսկսվի եկող տարի

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երկու տարի տեւած բանակցություններով, Երեւանում «Հիլտոն գարդեն ինն» հյուրանոց եւ ցուցահանդեսային համալիր կառուցելու իրավունք է ձեռք բերել «Բեդյան ինտերնեյշնլ» ընկերությունը: Այդ մասին մանրամասներ հաղորդելու նպատակով երեկ, Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատում (ՀԱԱՊ), լրագրողների հետ հանդիպեցին «Բեդյան ինտերնեյշնլի» նախագահ Գարի Բեդյանը, ՀԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը եւ փոխնախագահ Արամ Վարդանյանը:

  Արամ Վարդանյանը տեղեկացրեց, որ Գարի Բեդյանը Կալիֆոռնիայում հայտնի գործարար է, ավելի քան 20 տարի զբաղվում է հյուրանոցային բիզնեսով, ղեկավարում է 6 հյուրանոցներ ԱՄՆ-ում, որտեղ նաեւ բաժնեմաս ունի: ՀԱԱՊ հետ համատեղ ամերիկահայ գործարարը մշակել է Երեւանում նոր հյուրանոց կառուցելու նախագիծը: Արամ Վարդանյանը նշեց, որ առեւտրաարդյունաբերական պալատը հատկապես շահագրգիռ է ցուցահանդեսային համալիրի կառուցման հարցում, քանի որ Հայաստանում անցկացվող ցուցահանդեսները տեղի են ունենում տարբեր վայրերումՙ ընդհուպ կառավարության շենքում: Հյուրանոցային եւ ցուցահանդեսային համալիրներում ՀԱԱՊ-ն, ամենայն հավանականությամբ, կունենա իր բաժնեմասը: ՀԱԱՊ փոխնախագահը առաջիկայում հավանական համարեց նաեւ Գյումրիում նման հյուրանոցի կառուցումը, որին նպաստող գործոններ են դեպի Վրաստան նոր ճանապարհի կառուցումը եւ Թուրքիայի սահմանի հնարավոր բացումը:

  Գարի Բեդյանը նշեց, որ գոյություն ունեն 5,4 եւ 3 աստղանի «Հիլտոն» հյուրանոցներ, բայց որոշվեց Երեւանում կառուցել 3 աստղանի, որն ավելի մատչելի կլինի գործարարների եւ զբոսաշրջիկների համար: Նոր հյուրանոցը կսկսի կառուցվել եկող տարվանից Երեւանից օդանավակայան ճանապարհիՙ Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից մոտ 1 կմ հեռավորության վրա: Այդ նպատակով արդեն հատկացվել է 2 հա տարածք: Հյուրանոցը բաղկացած կլինի 202 հյուրանոցային եւ 40 բնակարանային համարներից, կունենա մեծ եւ փոքր կոնֆերանս-դահլիճներ, լողավազաններ, մարզասրահ, 3500 մ ցուցահանդեսային տարածք, 250 քմ ավտոկայանատեղի եւ այլն: Կունենա 24-ժամյա անվճար տրանսպորտային ծառայություն դեպի Երեւանի կենտրոն եւ օդանավակայան:

Սենյակների արժեքը սեզոնային ժամանակահատվածում կլինի 150-200 դոլարին համարժեք դրամ, իսկ ոչ սեզոնային ժամանակահատվածումՙ 120-150 դոլարին համարժեք: Հարցին, թե արդյոք այդ գները թանկ չե՞ն զբոսաշրջիկների համար, Գարի Բեդյանը պատասխանեց, որ խմբերով եկող զբոսաշրջիկների համար հյուրանոցային սենյակների արժեքը մոտ 50 տոկոսով ցածր կլինի:

  «Ազգի» հարցին, թե որքա՞ն ներդրումներ են կատարվելու եւ ի՞նչ աղբյուրներից, ամերիկահայ գործարարը պատասխանեց, որ ներդրումները կկազմեն 25-30 մլն դոլար: Ներկայումս 5 մլն դոլար է ներգրավվել չինական մի ընկերությունից, մնացած գումարը ձգտելու են ստանալ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից կամ ԱՄՆ կառավարության OPIC գործակալությունից: Գարի Բեդյանը կարեւորեց «Հիլտոն» ապրանքանիշի հայտնվելը Հայաստանում, որը միջազգայնորեն ճանաչված անուն է: Նա նաեւ հայտնեց, որ այդ ընկերությունն է իրականացնելու նորակառույց հյուրանոցի մենեջմենտը:

Հյուրանոցում տեղակայվելու են արեւային տաքացուցիչներ եւ արեւային կայաններ, օգտագործվելու է տեղական արտադրության ապրանքըՙ սկսած կահույքից մինչեւ տեղեկատվական տեխնոլոգիաներ: Այս մասին վերջում ավելացրեց ՀԱԱՊ փոխնախագահ Արամ Վարդանյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4