«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2009-07-11 | #130, 2009-07-14 | #131, 2009-07-15


ՈՒՂԵԳՐԻ ՀԱՐՑԸ ԿՎՃՌՎԻ ԶԱԳՐԵԲՈՒՄ

Ֆուտբոլի չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» հյուրընկալել էր Խորվաթիայի վերջին չորս տարիների անփոփոխ չեմպիոն Զագրեբի «Դինամոյին»: Առաջին իսկ րոպեներից պարզ դարձավ, որ հանձինս հյուրերիՙ փյունիկցիները գործ ունեն բավական ուժեղ մրցակցի հետ, որը տեմպային ֆուտբոլ է ցուցադրում եւ որի խաղացողներն աչքի են ընկնում ֆիզիկական լավ տվյալներով ու արագաշարժությամբ: Բայց ի պատիվ փյունիկցիների, նրանք կարողացան արժանի մրցակից դառնալ դինամոյականներին, իսկ երկրորդ խաղակեսում իրենց ակտիվ խաղով նույնիսկ գերազանցեցին մրցակցին:

Առաջին խաղակեսում ավելի ակտիվ էին դինամոյականները, որոնք մեծ ուժերով գրոհներ էին կազմակերպումՙ փորձելով մրցակցության ելքը վճռել երեւանյան խաղում: Ի տարբերություն հյուրերի, «Փյունիկն» առջեւի գծում թողել էր միայն բրազիլացի Մարկոսին, որին գրոհների ժամանակ պետք է ակտիվորեն աջակցեին նրա խաղընկերները: Սակայն առաջին խաղակեսում «Փյունիկը» փոքր ուժերով էր գրոհում, ուստի չկարողացավ քիչ թե շատ սպառնալից պահեր ստեղծել մրցակցի դարպասին: Ճիշտ է, 12-րդ րոպեին «Փյունիկը» կարող էր բացել հաշիվը, երբ Մարկոսն անսպասելիորեն խլեց գնդակը եւ կարող էր մեն մենակ հայտնվել դարպասապահի դիմաց: Սակայն, չգիտես ինչու, նա շտապեց եւ թույլ հարվածեց, որը դարպասապահի համար վտանգ չէր ներկայացնում:

Հյուրերն էլ, թեեւ խաղային որոշ առավելությանը, գոլային իրական պահեր չկարողացան ստեղծել: Թերեւս հիշարժան էր 32-րդ րոպեին Միլան Բադելի հեռահար հարվածը, որը դարպասապահ Հովհաննիսյանն ակրոբատիկ ցատկով հետ մղեց:

Ընդմիջումից հետո փյունիկցիները զգալիորեն ակտիվացան եւ իրենց հատուկ հարձակողական խաղը ցուցադրեցին: Դա ստիպեց հյուրերին ավելի մեծ ուժեր կենտրոնացնել թիկունքում եւ մտածել սեփական դարպասի պաշտպանության մասին: 56-րդ րոպեին անհատական վարպետությամբ փայլեց Մարկոսը, որը խաբս տալով մի քանի պաշտպանների, մտավ տուգանային հրապարակ եւ փորձեց խոցել դարպասը: Սակայն հաջող խաղաց դարպասապահը: Հիշարժան էր նաեւ «Փյունիկի» ավագ Սարգիս Հովսեփյանի անհատական անցումը, սակայն, ցավոք, նրա հարվածը չստացվեց: «Փյունիկի» ավագը երկրորդ խաղակեսում անընդհատ աջ եզրով միանում էր թիմակիցների գրոհներինՙ փորձելով օգնել նրանց: Հյուրերը թեեւ ավելի շատ ուշադրությունը կենտրոնացրել էին պաշտպանության վրա, սակայն վտանգավոր հակագրոհներ էին կազմակերպում: Մի քանի անգամ ստիպված էր իր վարպետությունը ցուցադրել դարպասապահ Էդուարդ Հովհաննիսյանը: «Փյունիկի» գրոհների սրությունը մի փոքր թուլացավ, երբ դաշտից հեռացավ Մարկոսը:

Սուր մրցակցությունում անցած մրցախաղում այդպես էլ դարպասները մնացին անառիկ: Ինչ խոսք, պատասխան խաղում, որը կկայանա հուլիսի 21-ին Զագրեբում, «Փյունիկին» դժվարին պայքար է սպասվում ուղեգրի համար: Բայց ամեն դեպքում, «Փյունիկի» ցուցադրած խաղն արժանի է դրվատանքի: Հայաստանի չեմպիոնն աչքի ընկավ իր կամային հատկանիշներով եւ խաղային շատ դրվագներում ոչնչով չզիջեց ուժեղ մրցակցին: Հուսանք, որ պատասխան խաղը բարեհաջող ավարտ կունենա մեր չեմպիոնի համար:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4