«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2009-07-14 | #131, 2009-07-15 | #132, 2009-07-16


«ՀՈՒՅՍ ՈՒՆԵՄ, ՈՐ ԱՆԿԱՐԱՆ ՀԵՏԱՄՈՒՏ ԿԼԻՆԻ ԽՈՍՏՈՒՄԻՆ ԵՎ ՉԻ ԲԱՑԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ»

Հոխորտալով Լոնդոնում Հայաստանի վրաՙ հայտարարել է Իլհամ Ալիեւը

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Երեկվա համարում «Ազգը», վկայակոչելով «Արմենպրեսին», տեղեկացրել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Անգլիա կատարած այցի եւ Լոնդոնում նրա Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում ունեցած ելույթի մասին, որի ընթացքում վերջինը մատնանշել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում «ավելի հուսադրող դինամիկա է հաստատվել, կան առաջին արդյունքները, սակայն դրանք դեռեւս բավարար չեն գլխավոր նպատակինՙ վերջնական խաղաղությանը հասնելու համար»:

«Արմենպրեսի» համար որպես սկզբնաղբյուր, ծառայել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հուլիսի 14-ի հաղորդագրությունը: Ալիեւն այս ելույթին նույն օրը «Մեր հողերի համար կպատերազմենք» վերնագրով կայքէջում անդրադարձավ նաեւ թուրքական հանրային հեռուստատեսությունը: Մոտեցումների տարբերությունն ակնհայտ է: Ի տարբերություն ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, թուրքական հանրային հեռուստատեսությունը, Ադրբեջանի նախագահի ելույթում շեշտը դրել է վերջինի ռազմատենչ հայտարարությունների վրա, որպեսզի մեկ անգամ եւս ընդգծվի, այսպես կոչված, հայկական ագրեսիան Լեռնային Ղարաբաղում:

Ահա թե Իլհամի ելույթը ինչպես է ներկայացնում թուրքական հանրային հեռուստատեսությունը. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նախազգուշացրեց միջազգային կազմակերպություններին, մեծ տերություններին եւ Հայաստանին: Ալիեւն ասաց, որ Ադրբեջանի հողերում հայկական օկուպացիան վերացնելու համար օրակարգում են պահում անհրաժեշտության դեպքում պատերազմելու հարցը:

Անգլիայում շփումներ ունեցող Ալիեւը ելույթ ունեցավ Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում: Ալիեւն ասաց, որ ջանում են բանակցությունների միջոցով լուծել Ղարաբաղի հարցը, սակայն ջանքերը 15 տարի շարունակ արդյունքի չեն հանգեցնում, ապա եւ ավելացրեց. «Ցավոք, ես օրակարգում եմ պահում մեր հողերը պատերազմի ճանապարհով ազատելու հարցը»: Ալիեւը բացատրեց, որ միջազգային նորմերն իրենց տալիս են երկրի տարածքային ամբողջականությունը պահպանելու իրավունք, սակայն իրենք, լինելով ո՛չ լիարժեք խաղաղության, ո՛չ էլ լիարժեք պատերազմի իրավիճակում, ստիպված հզոր բանակ են պահում: Հուսադրող համարելով բանակցությունների միջոցով Ղարաբաղի հարցը կարգավորելու ջանքերը, Ալիեւը նշեց, որ դրանք բավարար չեն խաղաղության հաստատման համար»:

Հաջորդ օրը Լոնդոնում Ալիեւը նոր հայտարարություն է արել, կապված հայ-թուրքական հարաբերությունների հետ: Թուրքական հանրային հեռուստատեսությունը հուլիսի 15-ին «Թուրքիան սահմանները չի բացի» վերնագրով անդրադարձավ նաեւ դրան եւ մատնանշեց. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հույս հայտնեց, որ Անկարան կկատարի իր խոստումը եւ նախքան Ղարաբաղի հարցի լուծումը չի բացի Հայաստանի հետ սահմանը: Անգլիայում իրականացրած հանդիպումների ընթացքում Իլհամ Ալիեւը նշեց, որ իրենք ձգտում են խաղաղ ճանապարհով վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ Թուրքիան աջակցում է այս քաղաքականությանը: Իլհամ Ալիեւն ընդգծելով, որ իրենք չեն խառնվում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ծավալվող բանակցություններին, ավելացրեց. «Սակայն համոզված ենք, որ Անկարան հետամուտ կլինի իր խոստումին եւ մինչեւ Ղարաբաղի հարցի լուծումը չի բացի սահմանները Հայաստանի հետ»:

Այս կարգի հայտարարություններ Իլհամը միշտ արել է, ընդ որում առանց ձանձրանալու: Հետեւաբար նորություն չեն պատերազմը վերսկսելու պատրաստակամությամբ միջազգային ուժերին շանտաժի ենթարկելու նրա մտավարժանքներն ու Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին այս ուժերի ցուցաբերած նախանձելի հանդուրժողականությունը: Եթե դա չի ենթադրում ադրբեջանական ռազմատենչության խրախուսում, կնշանակի միջազգային ուժերը լուրջ չեն ընդունում Իլհամին, ըստ երեւույթին, համարելով վերջինի հոխորտանքները անհիմն ցանկատեսություն:

Սակայն անընդմեջ կրկնության պարագայում, այն էլ եվրոպական մայրաքաղաքներում, ցանկատեսությունը, անկախ սնանկությունից, քաղաքական դիրքորոշման երանգ է ստանում: Հատկապես այն դեպքում, երբ Իլհամը ստորագրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ռազմական ուժի կիրառումը բացառող մոսկովյան հռչակագիրը: Ավելին, նրա ռազմատենչ հայտարարություններից երեք օր առաջ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մադրիդյան սկզբունքներով կարգավորելու կոչ են արել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին:

Այլ կերպ, Իլհամը ռազմատենչ հայտարարություններով ոչ միայն շանտաժի է ենթարկել միջազգային ուժերին եւ շրջանցել մոսկովյան հռչակագրով ստանձնած պարտավորությունները, այլեւ ցույց է տվել, որ ինքն անկաշկանդ կարող է հակադրվել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների կոչին: Ինչպիսին էլ լինի միջազգային ուժերի մոտեցումը նրա հայտարարություններին, երբ դրանք չեն արժանանում համարժեք արձագանքի, ակամա օրինականացվում են: Սակայն Իլհամի ռազմատենչ հայտարարությունների օրինականացման պարագայում խնդիրը սոսկ միջազգային ուժերի հանդուրժողականությունը չէ, այլ հայկական իշխանությունների քար լռությունը: Դա իբրեւ Հայաստանի թուլության նշան, կոգեւորի մարդասպան ստահակին ազգային հերոս հռչակող Ադրբեջանին: Այդ ընթացքում Իլհամի հոխորտանքները հանդուրժող միջազգային ուժերը միեւնույն հանդուրժողականությունը կպահանջեն հայկական կողմից, որպեսզի պահանջի կատարման դեպքում ընկալվի որպես հակամարտության թույլ օղակ եւ դառնա ճնշումների թիրախ:

Ակնհայտ է, որ միջազգային ուժերին հետաքրքրում է ոչ այնքան Ադրբեջանի պես պետության շանտաժը կամ ստանձնած պարտավորությունների խախտումը, որքան ճնշումների թիրախ դարձնելու նպատակով կողմերից մեկին թույլ օղակի վերածելը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4