Քաղաքագետը մեկնաբանում է մադրիդյան սկզբունքներն ու բանակցությունները
Մադրիդյան սկզբունքները ներկայացնող փաստաթղթում քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը ձեռքբերում է համարում ոչ թե շարադրված 6 կետերը, այլ այն, ինչը գրված չէ: «Տարածքային ամբողջականության խնդիրը փաստաթղթում նշված չէ եւ չի ընդունվում որպես մեկնակետ: Սա ձեռքբերում է», «Արմատ» ակումբում երեկ ասաց «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ նախագահ Ալեքսանդր Մանասյանը: Ուսումնասիրելով հրապարակված փաստաթուղթը` քաղաքագետը եզրակացնում է, որ խուճապի պատճառ չկա, բայց եւ հանգստանալու առիթն էլ է բացակայում: «Սա սկզբունքների փաթեթ է, եւ պետական պայմանավորվածությունների հարց է, թե ինչ հերթականությամբ կներկայացվի: Միակ կետը, որ տարբեր մեկնաբանությունների չի ենթարկվում, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի սահմանումն է, ինչն էլ պետք է որոշվի հանրաքվեի միջոցով», ասաց Ալեքսանդր Մանասյանը:
Լեռնային Ղարաբաղի խնդրի հանգուցալուծումը, քաղաքագետի դիտարկմամբ, մոտ ապագայում չի լինի: «Բանակցությունների այս փուլին եւ այս սկզբունքներին հասնելու համար պահանջվեց 20 տարի: Երկար տարիներ են անհրաժեշտ վերջնական լուծման հասնելու համար», նկատում է Ալեքսանդր Մանասյանը:
Որ Լեռնային Ղարաբաղը որպես ինքնորոշման սուբյեկտ կայացել է դեռ 20-րդ դարի սկզբին, Ալեքսանդր Մանասյանն ապացուցում է` հիմք ընդունելով Կավբյուրոյի որոշումները: «Նաեւ ԽՍՀՄ օրենսդրությունը սահմանում է, որ Խորհրդային Միության կազմից անդամ հանրապետության դուրս գալու պարագայում ինքնավարություններն իրավունք ունեն որոշելու իրենց կարգավիճակը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ձեւավորվել է` հիմք ունենալով օրենսդրությունը», ասաց Ալեքսանդր Մանասյանը:
Մադրիդյան սկզբունքները ներկայացնող փաստաթղթում նշված Լեռնային Ղարաբաղ տերմինը աշխարհագրական տարածք է ենթադրում: Քաղաքագետը նշում է, որ Քարվաճառը, Լաչինը եւ Ղուբաթլուն միանշանակ ներառված են Լեռնային Ղարաբաղի տարածքում: Մեկնաբանելով հարակից շրջանների վերադարձի կետը` Ալեքսանդր Մանասյանը նկատում է, որ ազատագրական պայքարի տարիներին Լեռնային Ղարաբաղի աշխարհագրական տարածքից հայ զինվորները դուրս չեն եկել, հետեւաբար հարակից շրջաններ կարող են համարվել միայն Դաշտային Ղարաբաղի տարածքները: Բանակցությունների կարեւորագույն հարցը, քաղաքագետի կարծիքով պետք է տարածքները լինեն: «Տարածքն ամենաբարձր արժեքն է: Անվտանգության երաշխիքը հենց տարածքն է», ասաց քաղաքագետը: Հայկական կողմի ամենակարեւոր խաղաթուղթը բանակցությունների գործընթացում քաղաքագետը համարում է այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղն անկախ Ադրբեջանի մաս երբեք չի կազմել եւ 1991 թվականին իր անկախությունը հռչակել է Ադրբեջանին չպատկանող տարածքներում:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ