«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2009-07-14 | #131, 2009-07-15 | #132, 2009-07-16


ՀՈՒԼԻՍԻ 18-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՉԻ ՍՏՈՐԱԳՐՎԻ

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների առումով Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ տեղի կունենա հուլիսի 18-ին, Մոսկվայում: Այդ մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն: Նրա խոսքերով, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Մոսկվա կժամանեն ՌԴ նախագահի մրցանակով ձիարշավին ներկա լինելու համար:

Դեռեւս մի քանի օր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, ի պատասխան խոսակցություններին, թե Մոսկվայում սպասվում է շրջանակային փաստաթղթրի ստորագրում, հայտարարել էր, որ շրջանակային համաձայնագրի ստորագրումը Մոսկվայում երկու նախագահների հանդիպմանն անհնար է: Միեւնույն ժամանակ, «օգտագործելով այն առաջընթացը, որ ի հայտ եկավ Սանկտ Պետերբուրգում, ես հույս ունեմ Մոսկվայում շրջադարձային պահ արձանագրել», հայտարարել է ամերիկացի համանախագահը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը պարզաբանել է, որ շրջանակային համաձայնագրի ստորագրումը երկար գործընթաց է ու մինչ այդ դեռ երկար ժամանակ կա: «Ամեն դեպքում, առաջընթացը մեզանից չի կախված, այլ նախագահներից: Դատելով տրամադրություններից, որ մենք զգացել ենք Երեւանում եւ Բաքվում, կարող եմ ասել, որ հույս կա», նշել է Մեթյու Բրայզան:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը բանակցային գործընթացում հաջորդ քայլն է, եւ, ըստ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերրին դե Բրուշամբոյի` «Ազերիպրես» գործակալությանը տված հարցազրույցի, ԵԱՀԿ-ն ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում ամբողջովին աջակցում է Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին:

Բրուշամբոն կարեւորել է ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելությամբ սահմանված ջանքերը, այլեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի կողմից վստահության հաստատմանն ուղղված աշխատանքը: Միեւնույն ժամանակ, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի խոսքերով, վերջերս Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ նախագահների ղարաբաղյան հարցով հայտարարությունը միջազգային հանրության դերի կարեւորության ցուցանիշ է խաղաղ կարգավորմանը հասնելու հարցում:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4