«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2009-07-14 | #131, 2009-07-15 | #132, 2009-07-16


ԱԲՐԱՀԱՄԻ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱԿԻՑԸ ԹԵՅԼՈՐՆ Է

Նյու Յորքի «Մեդիսոն Սկվեր Գարդեն» մարզասրահում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ամերիկյան SHOWTIME հեռուստաալիքի ղեկավարությունը պաշտոնապես հայտարարել է 6 ուժեղագույն միջինքաշային բռնցքամարտիկների մասնակցությամբ մրցաշար անցկացնելու մասին: Նրանց թվում են IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոն Միքել Կեսլերը, WBC-ի վարկածով չեմպիոնական գոտու տեր Կառլ Ֆրոխը, միջին քաշում աշխարհի նախկին չեմպիոն Ջերմեն Թեյլորը, ինչպես նաեւ Անդրե Դիրելը եւ Անդրե Ուորդը:

Երեք փուլով անցկացվելիք նախնական հանդիպումների արդյունքներով առավելագույն քանակի միավորներ վաստակած չորս բռնցքամարտիկները պայքարը կշարունակեն կիսաեզրափակիչումՙ վիճարկելով եզրափակիչի ուղեգիրը: Այնպես որ յուրաքանչյուր բռնցքամարտիկ մրցաշարի ընթացքում նվազագույնը 3 մենամարտ կանցկացնի: Յուրաքանչյուր հաղթանակի համար բռնցքամարտիկը 2 միավոր կվաստակի, ոչ-ոքիի դեպքումՙ մեկ միավոր:

Մրցաշարը կսկսվի այս տարվա հոկտեմբերին եւ կավարտվի 2011-ի նոյեմբերին: Արդեն հայտնի են առաջին փուլի զույգերը: Արթուր Աբրահամը մենամարտելու է Ջերմեն Թեյլորի հետ, Ֆրոխի մրցակիցը կլինի Դիրելը, Կեսլերը կպայքարի Ուորդի դեմ: Մենամարտերի անցկացման ժամկետներն ու վայրերը շուտով կհաստատվեն:

Մամուլի ասուլիսին ներկա են գտնվել մրցաշարի մասնակից բռնցքամարտիկները, որոնք իրենց կարծիքն են արտահայտել: Արթուր Աբրահամը հետեւյալն է ասել. «Մշտապես ձգտել եմ աշխարհի ուժեղագույն բռնցքամարտիկների հետ մենամարտել: Երազանքս իրականություն է դառնում: Ցանկանում եմ դառնալ աշխարհի ուժեղագույն բռնցքամարտիկը միջին քաշում»: Աբրահամի մրցակից Թեյլորը եւս լավատեսորեն է տրամադրված. «Կարիերայիս ընթացքում քիչ սխալներ չեմ գործել, ուստի պատրաստվում եմ ամեն ինչ սկսել նորից եւ ամբողջովին նվիրվել բռնցքամարտին»:

Մրցաշարի կազմակերպիչները տեղեկացրել են, որ 2,5 ամիս է պահանջվել զանազան հարցեր կարգավորելու համար: Սկզբում նրանք պայմանավորվել են եվրոպացի բռնցքամարտիկների հետ, իսկ երբ ավարտել են բանակցություններն ամերիկացիների հետ, զբաղվել են մրցակարգի մշակմամբ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4