Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում բացի «Փյունիկ»-«Դինամո» Զագրեբ մրցախաղից, կայացավ եւս չորս հանդիպում: Հաջող մեկնարկեց Բելառուսի ԲԱՏԷ-ն, որն անցած տարի մեծ անակնկալ մատուցեցՙ հանդես գալով չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում: Բելառուսի չեմպիոնը հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց «Մակեդոնիային» եւ գործնականում լուծեց հաջորդ փուլ մտնելու խնդիրը: Ինչպես հայտնի է, նոր մրցաշրջանում ԲԱՏԷ-ի կազմում է ընդգրկվել Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Հովհաննես Գոհարյանը: Սակայն նա հանդիպմանը չմասնակցեց:
Ադրբեջանի չեմպիոն «Բաքուն» հյուրընկալվելիս ոչ-ոքի (2-2) խաղաց Լիտվայի «Էկրանասի» հետ: Հաջորդ փուլի ուղեգրի հարցը գործնականում լուծեցին Սերբիայի «Պարտիզանի» ֆուտբոլիստները, որոնք 4 անպատասխան գնդակ ուղարկեցին Ուելսի «Ռիլի» դարպասը: Կիպրոսի «Ապոելն» էլ մրցակցի դաշտում 2-0 հաշվով պարտության մատնեց Ֆարերների «Ստրեյմյուրին»:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ