«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#131, 2009-07-15 | #132, 2009-07-16 | #133, 2009-07-17


ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ԴՐԱԿԱՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍՏԱՑԵԼ

Օրերս ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի հրավերով Արցախում էին Օմբուդսմենի եվրոպական ինստիտուտի գործադիր տնօրեն Նիկոլաուս Շվարցլերը, Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների նախկին լիազոր, Ռուսաստանի խաղաղության ազգային խորհրդի փոխնախագահ Օլեգ Միրոնովը եւ Ռուսական քաղաքագիտության ասոցիացիայի նախագահ, Համընդհանուր խաղաղության ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի օգնական Վլադիմիր Պետրովսկին:

Այցի նպատակը ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության եւ մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներով զբաղվող եվրոպական տարբեր հաստատությունների ու կազմակերպությունների հետ կապերի հաստատումն էր:

«Ազգի» թղթակցի հետ զրույցում ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը նշեց, որ արդեն մեկ տարուց ավելի իրենք բանակցություններ են վարում այդ կազմակերպությանն անդամագրվելու նպատակով: Ինչպես տեղեկացրեց Յու. Հայրապետյանը , Օմբուդսմենի եվրոպական ինստիտուտը հանրօգուտ միություն է, որի խնդիրներից են մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում գիտական հետազոտությունների անցկացումը, քաղաքացիական ազատությունների պաշտպանությունը, օմբուդսմենի գաղափարների տարածումը, սատարումն ու գիտական մակարդակով օժանդակումը: Այս ինստիտուտը հիմնադրվել է 1988 թվականին` Ավստրիայի Ինսբրուկ քաղաքում: Այսօր եվրոպական գրեթե բոլոր երկրների օմբուդսմենները հիշյալ կառույցի անդամներ են:

«Ազգի» այն հարցին, թե ո՞րն էր պատվիրակության այցի նպատակը, Յուրի Հայրապետյանն ասաց, որ նրանք խնդիր էին դրել ծանոթանալ Արցախի ՄԻՊ հաստատության աշխատանքներին եւ ուսումնասիրել այդ կառույցի զարգացման հեռանկարները:

Պատվիրակությանն ընդունել են ԼՂՀ նախագահը եւ Ազգային Ժողովի նախագահը: Միաժամանակ, Նիկոլաուս Շվարցլերը, Օլեգ Միրոնովն ու Վլադիմիր Պետրովսկին ելույթ են ունեցել խորհրդարանի պատգամավորների, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, դատարանների, դատախազության, ոստիկանության համակարգերի, արդարադատության եւ արտաքին գործերի նախարարության աշխատակիցների, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների առջեւ:

Ն. Շվարցլերը անդրադարձել է մարդկային գոյատեւման անվտանգության ստանդարտների հիմնախնդիրներին, Օ. Միրոնովը` մարդու իրավունքների պաշտպանության ռուսական փորձին, իսկ Վ. Պետրովսկին ներկայացրել է Հարավային Կովկասի կոնֆլիկտների կարգավորման իր տեսակետը:

Յուրի Հայրապետյանի խոսքով, պատվիրակության անդամները դրական կարծիք են կազմել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության եւ առհասարակ Ղարաբաղի մասին: Նրանք գնահատել են նման մարմնի ստեղծումը հատկապես ռազմական դրության պայմաններում, որը շատ երկրներում հիմք է մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակումներ մտցնելու համար: Պատվիրակության անդամներին գոհացրել է, որ մարդու իրավունքների ինստիտուտի մասին ԼՂՀ սահմանադրության մեջ առանձին գլուխ է հատկացված: Ն. Շվարցլերն, օրինակ, իր ելույթում կարեւորել է, որ մեկ տարվա ընթացքում ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը վերցրել է այն առավելագույն դրական փորձը, որը կուտակվել է եվրոպական տարբեր երկրների օմբուդսմանի ինստիտուտների գործունեության ընթացքում:

Յուրի Հայրապետյանը նաեւ հույս հայտնեց, որ ինչպես խոստացել է Նիկոլաուս Շվարցլերը, վերջինս իր դրական կարծիքը կհասցնի Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի գործադիր վարչության անդամներին, որոնք պետք է քվեարկության դնեն այդ ինստիտուտին ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի անդամակցելու հարցը:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4