«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#131, 2009-07-15 | #132, 2009-07-16 | #133, 2009-07-17


ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԼՂՀ-ՈՒՄ

Երեկ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այցելել է Ստեփանակերտ, որտեղ նրան ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Զրույցն ընթացել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջը:

Հանդիպումից հետո, լրագրողների հարցերին պատասխանելիս` Է. Նալբանդյանը Մեդվեդեւ-Օբամա-Սարկոզի հայտարարության մասին ասել է, թե գնահատում է երեք համանախագահ երկրների նախագահների կողմերին աջակցելու ջանքերը` մոտեցնելու դիրքորոշումները եւ ընթանալու կարգավորման ուղղությամբ: Ըստ արտգործնախարարի` մադրիդյան փաստաթղթի առաջարկների մի մասի շուրջը բանակցություններ են ընթանում, կան եւ այնպիսիք, որոնք չեն քննարկվում: Նա հիշեցրել է, որ այնտեղ կան երեք սկզբունքներ, որոնց մասին Հայաստանը բազմիցս հայտարարել է` Ղարաբաղի իրավական կարգավիճակը ԼՂ ժողովրդի կամքի արտահայտությամբ պետք է որոշվի` իրավական պարտադիր ուժ ունենալով, անվտանգության երաշխիքները եւ Հայաստանի հետ Ղարաբաղի ցամաքային կապի առկայությունը աներկբա պետք է լինեն: Բացի այդ` Հայաստանը մշտապես ասել է կարգավորման երեք սկզբունքների` ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման մասին, սա հրապարակված մանրամասներում առկա է, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է խոսել միայն տարածքային ամբողջականությունից:

Իսկ ադրբեջանցի փախստականների` Ղարաբաղ վերադարձի վերաբերյալ, ինչի մասին մադրիդյան սկզբունքներում եւս խոսվում է, ըստ նախարար Նալբանդյանի` քննարկում չի ընթանում, այս հարցին անդրադարձ է լինելու հիմնախնդրի վերջնական կարգավորումից հետո, ավելի լայն համատեքստում` 400 հազ. հայ փախստականների հարցը եւս նկատի ունենալով:

Բանակցային գործընթացին ԼՂՀ-ի մասնակցելը Է. Նալբանդյանը համարում է անհրաժեշտություն, խաղաղ գործընթացի արդյունավետության երաշխիք: Նա ընդգծել է, որ ԼՂՀ կարծիքը Հայաստանի համար մեծ նշանակություն ունի, որը ոչ միայն չենք կարող անտեսել, այլեւ առանց Արցախի ժողովրդի եւ ղեկավարության հավանության որեւէ համաձայնություն չի լինի:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4