«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#131, 2009-07-15 | #132, 2009-07-16 | #133, 2009-07-17


ԹՈՒՐՔԻԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

Եթե դա անցկացվի Կեսարիայում, ապա քաղաքի վերանորոգված մարզադաշտը կբացվի այդ հանդիպումով

Հ. ՉԱՔՐՅԱՆ

2008-ի սեպտեմբերի 6-ին, արձագանքելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերին, Երեւան ժամանեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Թեեւ այցի առիթը Հայաստան-Թուրքիա ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպումն էր, սակայն նախագահ Գյուլի այցը իրականացվեց նրա տիկնոջ Հայրուննիսայի ուղեկցությամբ: Թերեւս դրանով էլ ընդգծվեց, որ Թուրքիայի նախագահն այդ այցին մեծ կարեւորություն է տալիս: Ի դեպ, Երեւանից հետո Բաքու ուղեւորվելիս, Աբդուլլահ Գյուլն իր պաշտոնական այցը իրականացրեց առանց տիկին Հայրուննիսայի:

Ֆուտբոլային պատասխան խաղը նշանակված է հոկտեմբերի 14-ին: Տրամաբանական է, որ Աբդուլլահ Գյուլն էլ փոխադարձաբար Թուրքիա հրավիրեր նախագահ Սերժ Սարգսյանին: Հրավերն արդեն արվել է: Ավելին, որպես երկու երկրների հավաքականների ֆուտբոլային հանդիպման վայր նշվել էր նախագահ Գյուլի ծննդավայր Կեսարիայի «Քադիր Հաս» մարզադաշտը, որը վերջերս հիմնովին վերանորոգվել է, տեղավորում է 32.500 ֆուտբոլասերի:

Ենթադրվում էր, որ Կեսարիայի վերանորոգված մարզադաշտը կբացվի Թուրքիա-Հայաստան հանդիպումով: Սակայն թուրքական կրթական համակարգի աշխատողների արհեստակցական միության Կեսարիայի քաղաքային 2-րդ մասնաճյուղի ապրիլին ձեռնարկած հակահայ քարոզարշավն ու «Չեմ ուզում իմ քաղաքում տեսնել ազերի եղբորս դահիճներին» ձեւակերպմամբ ստորագրահավաքը գերազանցեցին ենթադրությունները:

Քարոզարշավի կազմակերպիչները, ինչպես հուլիսի 14-ի համարում նշել է «Հյուրիեթը», հավաքել եւ Թուրքիայի ազգային մեծ ժողովին են ներկայացրել Հայաստանի հետ ֆուտբոլային հանդիպումը Կեսարիայում անցկացնելու դեմ 250 հազար ստորագրություն: Եթե հանդիպումը տեղափոխվի մեկ այլ քաղաք, ապա մարզադաշտի բացումը նախատեսվում է կատարել սեպտեմբերի 5-ին Թուրքիա-Էստոնիա հանդիպումով:

Թուրքական թերթի վկայությամբ, Կեսարիայի քաղաքապետ Մեհմեդ Օզհասեքին դրա առնչությամբ ասել է, որ իրենք որպես տանտեր տեսել են Թուրքիա-Հայաստան հանդիպումը պատշաճ մակարդակով անցկացնելու համար անհրաժեշտ բոլոր նախապատրաստությունները, ապա եւ ավելացրել. «Այս հանդիպման անցկացումը Կեսարիայում մեծ նպաստ կբերի մեր քաղաքի ճանաչողությանը: Մեր հյուրերին, անատոլիական հյուրասիրությանը համապատասխան, կընդունենք ինչպես հարկն է: Սակայն հանդիպման անցկացման վայրի մասին վերջնական որոշումը մեր համաքաղաքացի պատվարժան նախագահն ու արտգործնախարարությունն են կայացնելու»:

Կեսարիայում քաղաքապետի հայտարարությանը հետեւել է քաղաքի ֆուտբոլասերների միության հուլիսի 15-ի հաղորդագրությունը, որտեղ «Սոնհաբերլեր» կայքէջի վկայությամբ, նշվել է, որ Էստոնիայի եւ Հայաստանի հետ նախատեսվող ֆուտբոլային հանդիպումները նպաստելու են աշխարհում ինչպես Կեսարիայի, այնպես էլ Թուրքիայի ճանաչողությանը:

Այդ ընթացքում Կեսարիայի ֆուտբոլասերների միության նախագահ Հասան Յալդըզլըն հայտարարել է. «Մենք աջակցում ենք Հայաստանի հետ հանդիպման առնչությամբ Կեսարիա ժամանող հյուրերին, կեսարացիների տներում հյուրընկալելու որոշ կազմակերպությունների առաջարկը: Ռամազանի տոներին համընկնող այս հանդիպումը մեր հյուրերին ազգային ավանդույթներին եւ թուրքական հյուրասիրությանը ծանոթացնելու պատեհ առիթ է: Հայաստանի հետ ֆուտբոլային հանդիպման պատճառով աշխարհի աչքը մեր վրա է լինելու: Համոզված ենք, որ ե՛ւ Կեսարիան, ե՛ւ Թուրքիան այս քննությունից պարզերես դուրս կգան: Միության բոլոր անդամները կազմուպատրաստ հանդիպմանն են սպասում»:

Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային պատասխան հանդիպումը կանցկացվի՞ Աբդուլլահ Գյուլի ծննդավայր Կեսարիայում, կամ Սերժ Սարգսյանը ի՞նչ արձագանք կտա հրավերին, դժվար է ասել: Բայց որ Թուրքիան պատասխան հանդիպմանը լրջորեն պատրաստվում է, իսկ դրա թերեւս գլխավոր առանձնահատկությունը ՀՀ նախագահին փոխադարձաբար Թուրքիա հրավիրելու առիթն է, կասկած չի հարուցում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4