Ինչպես նշում է Նյու Յորքի Turkishny.com կայքէջը, Ադրբեջանը ձեռնամուխ է եղել ստանձնելու միջնորդական առաքելություն Սիրիա-Իսրայել բանակցություններում, որը նախապես Թուրքիան էր ստանձնել: Միջնորդության հարցը Բաքվում քննարկվել է հունիսի 28-ին Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի Ադրբեջան այցելության ընթացքում:
Ի դեպ, Պերեսի այցին արձագանքելով բուռն հակազդեցությամբ, Թեհրանը Բաքվից հետ էր կանչել Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին: Այնուհետեւ Շիմոն Պերեսի այցին հետեւել էր Սիրիայի նախագահի հուլիսի 8-9 կայացած այցելությունը Ադրբեջան: Դրա ընթացքում էլ Իլհամ Ալիեւը Բաշար Ասադին էր փոխանցել Իսրայելի նախագահի Սիրիա-Իսրայել բանակցություններում Ադրբեջանի միջնորդական առաքելությանը վերաբերող ուղերձը:
Ենթադրվում է, որ Սիրիա-Իսրայել բանակցային գործընթացին որպես միջնորդ, Ադրբեջանից բացի, կներգրավվեն նաեւ ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսն ու Լիբանանը: Օգտվելով առիթից նշենք, որ անցած շաբաթ նախագահ Պերեսը այցելել էր նաեւ Եգիպտոս, որտեղ նախագահ Հոսնի Մուբարաքին իրազեկել է այն ուղերձի մասին, որը Բաքվում Ալիեւը փոխանցել էր նախագահ Ասադին:
Հ. Չ.