«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#131, 2009-07-15 | #132, 2009-07-16 | #133, 2009-07-17


ԱՎԻԱՎԹԱՐԻՑ ԶՈՀՎԵԼ Է 36 ՀԱՅ, ՈՐԻՑ 5-Ըՙ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

Կառավարության երեկվա նիստը սկսվեց մեկ րոպե լռությամբՙ կառավարության անդամները հարգեցին Թեհրան- Երեւան չվերթի վթարված «Տու-154» օդանավի զոհերի հիշատակը: Այնուհետեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ դեպքի առթիվ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը զբաղվում է զոհվածների հարազատներին դեպքի վայր տեղափոխելու, հուղարկավորության ծախսերի, ապահովագրավճարների տրամադրման եւ այլ հարցերով:

Վթարված օդանավի վերաբերյալ նոր տեղեկություններ հայտնեց կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը: Մասնավորապես, ամբողջապես ճշտված է ուղեւորների ցուցակը, օդանավում եղել է 36 հայ, որոնցից 5-ը` 3 ուղեւոր եւ 2 ավիատեխնիկՙ Հայաստանի քաղաքացիներ, 4 երեխա, որից 1-ը` հայ: Գտնվել են ինքնաթիռի երեք սեւ արկղերը, որոնք ուղարկվել են Թեհրան: Եթե արկղերը վնասված չլինեն, կվերծանվեն, եթե վնասված լինեն, կուղարկվեն Մոսկվաՙ վերծանելու համար: Արտյոմ Մովսեսյանը հայտնեց, որ Իրանից Հայաստան է ժամանելու հատուկ ինքնաթիռ, որը զոհվածների շուրջ 50 հարազատներին տեղափոխելու է Թեհրան: «Կասպյան ավիաընկերությունը» զոհվածների ընտանիքներին յուրաքանչյուր անձի համար տրամադրելու է 32 հազար եվրո ապահովագրավճար:

Միաժամանակ, կառավարության որոշմամբ, պետբյուջեից 7,5 մլն դրամ է հատկացվելու վթարված օդանավի զոհերի ընտանիքներին օժանդակություն ցուցաբերելու նպատակով: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Գեւորգ Պետրոսյանը նշեց, որ յուրաքանչյուր զոհված ՀՀ քաղաքացու համար կհատկացվի 1,5 մլն դրամ: 675 հազար դրամ կտրամադրվի Երեւանի քաղաքապետարանինՙ հուղարկավորությանն աջակցելու նպատակով «Բնակչության հատուկ սպասարկում» ՓԲԸ-ին տրամադրելու համար (135 հազար դրամ յուրաքանչյուր զոհվածի հաշվով):

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4