«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#131, 2009-07-15 | #132, 2009-07-16 | #133, 2009-07-17


ԱՌԱՋԱՏԱՐԸ ՓՈԽՎԵՑ

Մարտունիում ընթացող շախմատի «Սեւանա լիճ» միջազգային մրցաշարի 6-րդ տուրում կենտրոնականը միանձնյա առաջատար Լեւոն Բաբուջյանի եւ հանրապետության ներկայիս չեմպիոն Արման Փաշիկյանի մրցավեճն էր: Հաղթանակի դեպքում Բաբուջյանը կամրապնդեր առաջատարի իր դիրքը, իսկ եթե հաջողությունն ուղեկցեր Փաշիկյանին, ապա վերջինս կգլխավորեր աղյուսակը: Այնպես որ, հաղթանակի արժեքը բավական բարձր էր: Սպիտակներով խաղացող Փաշիկյանին հաջողվեց հաղթել մրցակցին եւ 4 միավորով գլխավորել աղյուսակը: Լեւոն Բաբուջյանը մրցաշարում անդրանիկ պարտությունը կրեց: Այժմ միայն Փաշիկյանն ու Սամվել Տեր-Սահակյանն են դեռեւս անպարտելի:

Ընդհանրապես 6-րդ տուրն արդյունավետ էր: 5 պարտիաներից միայն մեկումՙ Ռինատ Ջումաբաեւի եւ Իգոր Լիսիջի մրցավեճում խաղաղ ելք գրանցվեց: Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց Տիգրան Քոթանջյանին, Սերգեյ Ժիգալկոն առավելության հասավ Չհաո Լիի նկատմամբ, իսկ Ֆերենց Բերկեշը պարտության մատնեց Ավետիք Գրիգորյանին:

Մրցաշարի ավարտից 3 տուր առաջ աղյուսակում շախմատիստները շատ խիտ են դասավորված եւ վերջնագծում յուրաքանչյուր հաջող մրցելույթ կամ «սայթաքում» կարող է զգալիորեն ազդել մրցաշարային իրավիճակի վրա: Չորս շախմատիստներՙ Լեւոն Բաբուջյանը, Սերգեյ Ժիգալկոն, Ֆերենց Բերկեշն ու Սամվել Տեր-Սահակյանը 3,5-ական միավորով հետապնդում են առաջատարին: Նրանցից կես միավորով հետ են մնում Իգոր Լիսիջը, Ավետիք Գրիգորյանը եւ Չհաո Լին: 1,5-ական միավորով աղյուսակը եզրափակում են Տիգրան Քոթանջյանն ու Ռինատ Ջումաբաեւը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4