«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#132, 2009-07-16 | #133, 2009-07-17 | #134, 2009-07-18


ՋԱԽՋԱԽՈՒՄ ԲՐԵԴԱՅՈՒՄ

Հենրիխ Մխիթարյանը գոլով նշեց պաշտոնական նորամուտը «Մետալուրգում»

Եվրոգավաթներում Կապանի «Գանձասարի» նորամուտը չափազանց անհաջող ստացվեց: Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Գանձասարը» Հոլանդիայի Բրեդա քաղաքում 0-6 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց տեղի համանուն թիմից: Իհարկե, շատերն էին ենթադրում, որ կապանցիները պարտվելու են: Սակայն նույնիսկ ամենահոռետեսները չէին կարող ենթադրել, որ «Գանձասարը» նման ջախջախման կենթարկվի:

Կապանցիներին միայն առաջին խաղակեսում հաջողվեց քիչ թե շատ դիմադրել մրցակցինՙ սեփական դարպասը բաց թողնելով ընդամենը մեկ գնդակ: 24-րդ րոպեին հաշիվը բացեց Կվակմանը: Իսկ ահա ընդմիջումից հետո ընդամենը 15 րոպեում հոլանդացիները 5 անգամ խոցեցին հյուրերի դարպասը: 55-ից 70-րդ րոպեների միջակայքում երկուական գոլի հեղինակ դարձան Դե Գրաֆն ու Ամոան, մեկ անգամ էլ աչքի ընկավ Լուրլինգը:

«Բրեդայի» հետ խաղում «Գանձասարը» հանդես է եկել հետեւյալ կազմով. Լեւան Բուբուտեիշվիլի, Կարեն Զաքարյան, Արմեն Տատինցյան, Վալերի Ալեքսանյան, Միխեիլ Սիմոնյան (Աղվան Հայրապետյան, 71), Դավիթ Խանիշվիլի, Արա Խաչատրյան, Արտաշես Անտոնյան, Վիրգին Մարշավելա (Վահե Դավթյան, 58), Լեանդրո Պինտո, Արսեն Ավետիսյան (Զազա Սախոկիա, 64):

Մեր թիմից զգուշացվել են Լեանդրո Պինտոն եւ Արտաշես Անտոնյանը:

«Գանձասարը» կրեց ամենախոշոր հաշվով պարտություններից մեկը: Ավելի խոշոր հաշվով (0-7) հայկական թիմերից եվրոգավաթներում պարտվել է «Բանանցը»ՙ 2008-ին ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում զիջելով ավստրիական «Զալցբուրգին»: «Բանանցը» Երեւանում էլ պարտվել էր 0-3 հաշվով ու փաստորեն երկու խաղում ավստրիացիներից 10 անպատասխան գնդակ էր ընդունել սեփական դարպասը: «Գանձասարը» պետք է ձգտի գոնե այդ ռեկորդը չկրկնել:

Հայ ֆուտբոլասերներին մնում է մխիթարվել նրանով, որ մեր ազգային հավաքականի հարձակվող Հենրիխ Մխիթարյանը գոլով նշանավորեց իր պաշտոնական առաջին ելույթը Դոնեցկի «Մետալուրգում»ՙ գրավելով Մինսկի ՄՏԶ-ՌԻՊՕ-ի դարպասը: «Մետալուրգը» Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում սեփական հարկի տակ հաղթեց 3-0 հաշվով: Մխիթարյանն աչքի ընկավ 42-րդ րոպեինՙ կրկնապատկելով հաշիվը: Եվ ինչպես ափսոսանք չհայտնես, որ «Փյունիկը» պատասխանատու մրցաշարից առաջ իր լավագույն խաղացողին տրամադրեց ուկրաինացիներին: Մինչդեռ Մխիթարյանի կարիքը «Փյունիկում» շատ է զգացվում:

«Միկայի» նախկին մրցակից Շվեդիայի «Հելսինգբորգը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց Վրաստանի «Զեստաֆոնիին», որը նախորդ փուլում խոշոր հաշիվներով էր պարտության մատնել հյուսիսիռլանդական թիմին: Հետաքրքրական է, որ «Հելսինգբորգին» հաղթանակ է պարգեւել թիմի առաջատար Հենրիկ Լարսոնըՙ խաղավարտից մեկ րոպե առաջ գրավելով դարպասը:

«Բանանցի» նախկին մրցակից «Շիրոկի բրիեգը» Ավստրիայում 1-2 հաշվով զիջել է տեղի «Շտուրմին»: Դանիական «Ռանդերսը», որում խաղում է Ռոբերտ Արզումանյանը, հյուրընկալվելիս 1-0 հաշվով պարտության է մատնել լիտվական «Սուդուվային»: Ճիշտ է, Ռոբերտ Արզումանյանը նույնիսկ հայտավորված չէր այդ խաղին:

Ներկայացնում ենք նախկին ԽՍՀՄ-ի հանրապետությունների թիմերի մասնակցությամբ հանդիպումների արդյունքները. «Նաֆտան» (Բելառուս)-«Գենտ» (Բելգիա)ՙ 2-1, «Ժիլինա» (Սլովակիա)-«Դաչիա» (Մոլդովա)ՙ 2-0, «Դինամո» (Մինսկ, Բելառուս)-«Տրոմսե» (Նորվեգիա)ՙ 0-0, «Զիմբրու» (Մոլդովա)-«Պասուշ» (Պորտուգալիա)ՙ 0-0, «Մետալուրգ» (Լատվիա)-«Դինամո» (Թբ., Վրաստան)ՙ 2-1, «Սեւոյնո» (Սերբիա)-«Կաունաս» (Լիտվա)ՙ 0-0, «Բնեյ-Եգուդա» (Իսրայել)-«Դինաբուրգ» (Լատվիա)ՙ 4-0, «Սկոնտո» (Լատվիա)-«Դերի Սիթի» (Իռլանդիա)ՙ 1-1, «Ռուսենբորգ» (Նորվեգիա)-«Ղարաբաղ» (Ադրբեջան)ՙ 0-0, «Վետրա» (Լիտվա)-ՀԻԿ (Ֆինլանդիա)ՙ 0-1, «Չեռնո Մորե» (Բուլղարիա)-«Իսկրա-Ստալ» (Մոլդովա)ՙ 1-0, «Տոբոլ» (Ղազախստան)-«Ղալաթասարայ» (Թուրքիա)ՙ 1-1, «Լեգիա» (Լեհաստան)-«Օլիմպի» (Վրաստան)ՙ 3-0, «Բրոնդբյու» (Դանիա)-«Ֆլորա» (Էստոնիա)ՙ 0-1:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4