«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#132, 2009-07-16 | #133, 2009-07-17 | #134, 2009-07-18


ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ ՏՎԻՆ ՓՈՒՌԸ, ԲԱ ՀՐԱՀԱՆԳ ՏՎՈՂՆԵ՞ՐԸ

Հայաստանի գլխավոր դատախազի կայքէջում երեկ տեղադրված հաղորդագրության համաձայն, մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առիթով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազ Կորյուն Փիլոյանը գրավոր ցուցում է տվել նախաքննական մարմնին` քրեական գործեր հարուցել ոստիկանների կողմից հատուկ միջոցների հետ վարվելու կանոնները խախտելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Հարուցվել է երկու քրեական գործ` քրեական օրենսգրքի 373 եւ 309 հոդվածների հատկանիշներով: Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող գործի նախաքննության փորձաքննությունների եւ այլ միջոցառումներով պարզվել է, որ անկարգությունների ժամանակ մահացած 3 եւ վնասվածքներ ստացած 3 քաղաքացիների մարմիններից հանված օտար մարմինները եղել են «Չերյոմուխա-7» տեսակի փամփուշտներից կրակված գազային նռնակներ եւ դրանց պլաստամասե խցաններ:

Պարզվել է նշված տեսակի կարաբիններ օգտագործած ենթասպաների ինքնությունը: Նշվում է, որ այդ հատուկ միջոցի կիրառումը բաց տարածության մեջ չի արգելվում, սակայն անմիջականորեն մարդու վրա կրակելն արգելվում է: Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության զորքերում հատուկ միջոցների կիրառման կարգի վերաբերյալ նախապատրաստական դասընթացները եւ ուսումնական վարժանքներն իրականացվել են ուժը կորցրած, 1989 թվականի հրահանգով:

Փորձաքննությամբ հիմնավորվել է, որ դիակներից եւ վիրավոր քաղաքացիների մարմիններից հանված «Չերյոմուխա-7»-ի փամփուշտների գազային նռնակների պլաստմասե խցանների վրա կան կողմնակի հետքեր` դեֆորմացիա, պատռվածք, շփման եւ հպման հետքեր, որոնք առաջացել են պինդ մարմինների հետ բախման կամ արգելանյութի միջոցով անցնելու հետեւանքով: Նշվում է նաեւ, որ պատին կամ այլ արգելքի բախվելուց հետո հեռացատկի դեպքում, ինչպես նաեւ որեւէ արգելքի միջով անցնելիս, «Չերյոմուխա-7»-ի փամփուշտների գազային նռնակները կարող են մարդուն վնասվածքներ պատճառել, այդ թվում` մահացու: Անցած տարվա մարտի 1-2-ին, զանգվածային անկարգությունները կանխելու ընթացքում, ոստիկանության զորքերի զինծառայողները խախտել են հատուկ միջոցների հետ վարվելու կանոնները, որի հետեւանքով 3 քաղաքացու` մահ, եւ 3-ի առողջությանն էլ ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են պատճառել: Այդպիսով` նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողների կատարած հանցագործության դեպքեր, ինչի կապակցությամբ 373 հոդվածի երեք մասերի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: Այնուհետեւ հաղորդագրության մեջ ասվում է, որ մարտի 1-2-ի դեպքերը քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը այդ դեպքերի վերաբերյալ լազերային սկավառակ է տրամադրել, որտեղ կան կադրեր, թե ինչպես են վահաններով եւ մահակներով զինված ոստիկանության աշխատակիցները Հանրապետության հրապարակում վազում քաղաքացիական անձանց հետեւից, ռետինե մահակով հարվածում անհայտ քաղաքացուն, իսկ երկու քաղաքացիական անձանց բերման ենթարկելիս եւ ՎԱԶ 2121 ավտոմեքենա նստեցնելիս` ոտքերով եւ ձեռքերով հարվածում վերջիններիս: Այսինքն, եզրակացնում է դատախազության հաղորդագրությունը, պաշտոնատար անձ ոստիկանության աշխատակիցները դիտավորությամբ կատարել են իրենց լիազորություններից դուրս գործողություններ` զուգորդված բռնության եւ հատուկ միջոցների գործադրմամբ: Հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Երկու հարուցված գործերն էլ միացվել են մարտի 1-2-ի դեպքերի առիթով հարուցված գործին:

Ի դեպ, երեկ մարտի 1-ի դեպքերը քննող խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը ողջունել է այդ քրեական գործերի հարուցումը, նշելով, որ հանձնաժողովը երկար ժամանակ իր նիստերում արձանագրում էր այդ փաստերը:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4