Որ Վրաստանի նախագահը անկանխատեսելի գործիչ է եւ ընդունակ ուզած քայլի, արդեն հայտնի փաստ է: Դրա հետ մեկտեղ հայտնի է նաեւ, որ Միխեիլ Սաակաշվիլին առատաձեռն է խոստումներում եւ բավականին հաճախ է դիմում PR տեխնոլոգիաներին, անգամ, երբ սեփական հեղինակությունը հնարավոր նվազագույն ցուցանիշով է արտահայտվում:
Վրաստանի նախագահի` The Wall Street Journal-ում մեջբերված ելույթում նշվում է, որ Վրաստանի համար օգոստոսյան պատերազմի արդյունքում հիմնական երեք նպատակ կար: Նախ, անդամակցությունը ՆԱՏՕ-ին եւ Եվրոմիությանը, ինչպես նաեւ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վերադարձը, որոնցից որեւէ մեկն արդեն, ըստ Սաակաշվիլու, դժվար թե հասանելի է մոտ ժամանակներս:
«ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի հույսերը գործնականում մեռած են», հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Մոտ ապագայում, ըստ Սաակաշվիլու, Վրաստանը ոչ կարող է ՆԱՏՕ-ին անդամակցել, ոչ էլ վերադարձնել Աբխազիան եւ Հարավային Օսիան: «Սա ողբերգական է, դա նշանակում է, որ ռուսները կռվում էին ճիշտ պատճառների համար», նշվում է պարբերականում Սաակաշվիլու խոսքը:
Վրաստանի նախագահը խոստացել է 2013-ին, երբ կլրանա իր նախագահության ժամկետը, ամենայն հանգստությամբ թողնել իշխանությունը, մինչ այդ երկիրն էլ ավելի ժողովրդավարական դարձնելով:
Ա. Հ.