«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#133, 2009-07-17 | #134, 2009-07-18 | #135, 2009-07-21


ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՍԿՍԵՑ ԳՈՐԾԵԼ ԱՐՄԵՆԱԿԱՆ-ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիսի 9-ին ՀՀ պետռեգիստրը գրանցել է Արմենական-Ռամկավար ազատական կուսակցությունը` վկայական 03Ա 085552, գրանցման համարըՙ 211.172.05109: Հայաստանում Արմենական-ՌԱԿ-ի գրանցումը պատմական կարեւոր նշանակության իրողություն է, ինչն ազդարարում է ոչ միայն հայ ավանդական կուսակցության` ՌԱԿ-ի նոր զարթոնքը մայր հայրենիքում, այլեւ քաղաքական-գաղափարական հավասարակշիռ ուղղությանՙ ժողովրդավարության եւ ազատականության տարածումն ու արմատավորումը:

Կուսակցության հիմնադիր համագումարից մոտ մեկ ամիս է անցել, սակայն այս ընթացքում կուսակցության հանդեպ նկատվում է մեծ հետաքրքրություն, ոչ միայն Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցության նախկին անդամների, այլեւ ռամկավար-ազատական գաղափարախոսության ջատագովների ու համակիրների կողմից: Կուսակցությունը հանդես է գալիս Արմենական անունով, մատնանշելով իր կապը դեռ 124 տարի առաջ Վան քաղաքում ստեղծված Արմենական կուսակցության եւ նրա գաղափարախոսության հետ, ինչն առաջին փորձն էր հայ ազգային հզոր, միավորիչ քաղաքական ուժի ստեղծման: Եթե այն տարիներին նման կուսակցության ստեղծումը խորհրդանշում էր հայ ժողովրդի պայքարի եւ միավորման նոր ժամանակաշրջանը, ապա այսօր որդեգրելով այդ անունը մենք ձգտելու ենք Հայաստանը դարձնել իրական ժողովրդավարության եւ արդարության երկիր: Միաժամանակ, կուսակցությունը հնարավոր ամեն ինչ անելու է միավորելու սփյուռքում գործող Ռամկավար ազատական կուսակցության բոլոր շրջանակները եւ ՌԱԿ-ը դարձնելու հայաստանակենտրոն:

Արմենական-Ռամկավար ազատական կուսակցությունն ի սկզբանե հայտարարում է Հայաստանում մի քաղաքական ուժի ստեղծման մասին, որը սկսելու է ձեւավորել նոր քաղաքական բեւեռՙ իր շուրջը համախմբելու համար այն կազմակերպություններին, որոնք վճռական են երկրում համակարգային ու խորը փոփոխությունների սկզբնավորման համար:

ԱՐՄԵՆԱԿԱՆ-ՌԱԿ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4