- Ի՞նչ կանեք, եթե երկրաշարժ լինի,- հարցրեցի 50-ամյա Արմինե Սարգսյանին :
- Կփախչեմ,- պատասխանեց նա, հետո էլ ավելացրեց,- կարելի է սեղանի տակ մտնել, կամ էլ հիմքերի մոտ կանգնել:
Խուճապն ու չգիտես ուր փախչելու մտադրությունն առաջինն են մարդկանց համակում երկրաշարժի դեպքում:
Հարյուր տոկոսանոց սեյսմավտանգ Հայաստանում երկրաշարժի դեպքում գործող վարքականոնները կրթական հաստատություններում ուսուցանվում են ընդամենը մի քանի դասաժամերի ընթացքում:
Աննա Այվազյանը 16 տարեկան է, սովորում է Երեւանի հենակետային բժշկական քոլեջում: Թե ինչ պետք է անի երկրաշարժի դեպքում, ապագա դեղագործը լսել է երկու անգամ: Ռազմագիտության ուսուցիչն առաջնայնորեն նրան երկու կանոն է սովորեցրել. խուճապի չմատնվել եւ կանգնել բնակարանի հիմքերի մոտ: «Կարեւորն այն է, որ խուճապի չմատնվես», ասաց Աննան:
Խուճապը մասսայական, սոցիալ հոգեբանական վիճակ է, հոգեբանական վարակի հետեւանք, նկատում է հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նաիրա Հակոբյանը : «Գիտելիքն ու ինտելեկտն այս դեպքում որեւէ նշանակություն չունեն: Խուճապի դեմ պայքարի միակ ձեւը տեղեկացված լինելն է: Եթե մարդ տեղեկացված է եւ գտնվում է խուճապի մատնված ամբոխում, ապա խուճապը ավելի մեղմ կարտահայտվի եւ այդ հոգեվիճակից ավելի հեշտ դուրս կգա», ասաց Նաիրա Հակոբյանը:
Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության ղեկավար Ալվարո Անտոնյանն ասում է, որ իրենք մշտական աշխատանք են տանում իրազեկման ուղղությամբ, նրանց օգնում են հասարակական կազմակերպությունները: Համեմատելով մարդկանց իրազեկության մակարդակը նախորդ հինգ տարիների հետ` Ալվարո Անտոնյանն առաջընթաց նկատում է: «Վախի եւ խուճապային տրամադրություններ կան: Մենք դասախոսություններ ենք անցկացնում, բուկլետներ տպագրում եւ մարդկանց տեղեկացնում, թե ինչպես պետք է իրենց պահեն երկրաշարժի դեպքում: Սա ամենօրյա աշխատանք է, եւ չի լինի մեկ օր, որ ասենք, թե մեր աշխատանքն այդ ուղղությամբ ավարտված է», ասաց Ալվարո Անտոնյանը:
Աննշան ցնցումներ լինում են օրական 20-25 անգամ: «Սա նորմալ երեւույթ է: Երկրակեղեւն անընդհատ շարժման մեջ է: Հայաստանի տարածքը յուրաքանչյուր տարի 15 մմ շարժվում է դեպի հյուսիս: Վերջին զգալի երկրաշարժը հունիսի 18-ին էրՙ Գառնիից հյուսիս: Երեւանում եւ հարակից բնակավայրերում ցնցումը կազմել էր 3- 4 բալ, էպիկենտրոնում 5 բալ էր», ասաց Ալվարո Անտոնյանը:
Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում փորձում են կանխատեսել երկրաշարժերը` տալով դրանց տեղի, ժամանակի եւ ուժգնության հավանական բնութագրերը: Կանխատեսումները կատարվում են 2-3 ամսվա կտրվածքով: «Առաջիկա ամիսներին զգալի երկրաշարժեր չեն լինելու: Մարդիկ կարող են հանգիստ լինել: Ինչ վերաբերում է հունիսի երկրաշարժին, ապա հետցնցումներն արդեն մարել են, իսկ երկրաշարժն այնքան ուժեղ չէր, որ գրանցվեին երկրակեղեւի փոփոխություններ», հայտարարեց Ալվարո Անտոնյանը:
Ինչ վերաբերում է եղանակի փոփոխությանը, ապա Ալվարո Անտոնյանը վստահեցնում է. եղանակի շատ տաք կամ ցուրտ լինելը երկրաշարժերի հավանականության կամ առաջացման վրա չի ազդում:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ