«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#134, 2009-07-18 | #135, 2009-07-21 | #136, 2009-07-22


ԱՆՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ

94 տոկոս արդյունավետության համակարգի փոխարեն կառավարությունը նախապատվություն է տալիս մինչեւ 50 տոկոս արդյունավետության համակարգին

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մի քանի օր առաջ Հայաստանի նախագահի գրասենյակում տեղի էր ունեցել խորհրդակցություն նվիրված երկրում հակակարկտային համակարգի ստեղծման ծրագրին: Նշենք, որ կառավարությունը, 2008-ի սեպտեմբերի 18-ի որոշմամբ, արդեն հաստատել է Հայաստանի տարածքում մթնոլորտային վտանգավոր երեւույթների վրա ակտիվ ներգործության համակարգի ստեղծման ծրագիրը: Որոշման մեջ նշվում էր նաեւ գործող եւ նոր ստեղծվող հակակարկտային գեներատորային համակարգերի տեղադրման նպատակով հողահատկացում կատարելու մասին: Այսինքն, նոր ստեղծվող համակարգը լինելու է, այսպես կոչված, գեներատորայինը: Չնայած որոշման մեջ անդրադարձ է կատարված նաեւ այլ համակարգերին եւ նրանց արդյունավետության ցուցանիշներին, ինչից երեւում է, որ գեներատորային համակարգը, մեղմ ասած, ամենաարդյունավետը չէ:

Կառավարության որոշման մեջ նախ հիշատակվում է, որ հակակարկտային ռազմականացված ծառայությունը ստեղծվել է 1964-ին: 1980-ականներին ուներ 11 հակակարկտային ռազմականացված կենտրոն` 60 հրթիռահրետանային մարտկոցով: Համակարգում աշխատում էին շուրջ 1700 մարդ: Հայաստանի այն ժամանակվա 15 վարչական շրջանի ավելի քան 1 մլն հեկտար ընդհանուր տարածքի վրա կատարվում էին կարկուտի դեմ պայքարի աշխատանքներ: Այդ աշխատանքներն իրականացվել են ավելի քան 400 միավոր զենիթային հրանոթներով եւ շուրջ 100 միավոր հրթիռային կայանքներով: Մինչեւ 1992-ը հակակարկտային պաշտպանության աշխատանքների արդյունավետությունը, ըստ վիճակագրական տվյալների, կազմել է 94 տոկոս: Արդյունքում կարկտահարությունից վնասված տարածքները տարեկան նվազել են միջին չափով 20 անգամ, իսկ ստացված եկամուտները գերազանցել են ծախսերն ավելի քան 5 անգամ: Ծառայությունն իրականացրել է նաեւ ակտիվ ներգործության աշխատանքներ Սեւանի ավազանում տեղումների արհեստական ավելացման ուղղությամբ: Այս դեպքում ստացված եկամուտները գերազանցել են կատարված ծախսերը 8-10 անգամ:

Սակայն 1992-ից հակակարկտային աշխատանքները դադարեցվել են ֆինանսական հատկացումների բացակայության պատճառով: Հրթիռահրետանային տեխնիկայի, զինամթերքի, կապի ու տրանսպորտային միջոցների, ռադիոլոկացիոն համակարգերի մի մասը 1990-1993-ականներին ոչնչացել է սահմանամերձ գոտում մարտական գործողությունների ընթացքում, իսկ մնացած մասըՙ հանձնվել պաշտպանության նախարարությանը:

Հակակարկտային ծառայության չգործելու հետեւանքով միայն բուսաբուծության ճյուղում կորուստները հասնում են 15-20 մլրդ դրամի: Միաժամանակ, հողերը ենթարկվում են էրոզիայի, առաջանում են սողանքներ, մեծապես տուժում են անտառները, արոտավայրերը, բույսերը, կենդանիները, թռչունները, ինչպես նաեւ շենքերը, շինությունները, կոմունիկացիաները, սոցիալ-հոգեբանական ծանր վիճակում են հայտնվում աղետից տուժած գյուղացիները: Ուստի, կառավարությունը անհրաժեշտ է համարել վերագործարկել այս ծառայությունը: Որոշման մեջ թվարկվում են այն մեթոդները, որոնցով պայքար է տարվում կարկուտի դեմ:

Հրթիռային մեթոդը նշվում է որպես կիրառվող մեթոդներից ամենաարդյունավետըՙ մինչեւ 70 տոկոս արդյունավետություն, բայց եւ ամենաթանկը: Թվարկվում են այս մեթոդը Հայաստանում կիրառելու դժվարություններըՙ հրթիռները ոչ կառավարվող են եւ չի բացառվում, որ դրանք պայթեն հարեւան երկրների տարածքում կամ, գործարանային խոտանի պատճառով, հենց գետնի վրաՙ պատճառելով ավերածություններ եւ զոհեր: Ավիացիայի պատճառով կարող են տեղի ունենալ պարտադրված արգելքներ: Մեկ ներմուծվող հրթիռի արժեքն է 100 հզ. դրամ, իսկ տարեկան անհրաժեշտ կլինի շուրջ 30 հազար հրթիռ:

Ավիացիոն մեթոդը հրթիռայինի համեմատ էժան է, բայց արդյունավետությունը կազմում է 50 տոկոս: Այս մեթոդի կիրառումն այժմ անհնար է: Բանն այն է, որ կարկտաբեր ամպերը հիմնականում առաջանում են Հայաստանի արեւմտյան սահմանների մոտ ու շարժվում դեպի մեր տարածք: Այս դեպքում կարկտաբեր ամպերի վրա ներգործելու աշխատանքները պետք է կատարվեն հարեւան երկրի տարածքում, որը ներկայումս անհնար է: Մեր տարածքում կիրառելն էլ կապված է բարդ լեռնային ռելիեֆի հետՙ կարկուտից պաշտպանվող տարածքները մասնատված են: Այս մեթոդը կիրառելու համար անհրաժեշտ են նաեւ 4-5 հատուկ սարքավորումներով հագեցված ինքնաթիռներ:

Ացետիլենով գործող գազագեներատորային մեթոդի արդյունավետությունը նույնպես կազմում է մինչեւ 50 տոկոս: Չնայած դրան, այս մեթոդի կիրառումը մեր երկրում կառավարությունը նպատակահարմար է համարել: Ընդունելի է համարվել նաեւ քիմիական ռեագենտով գործող գեներատորային մեթոդը, որի արդյունավետությունը կազմում է արդեն մինչեւ 45 տոկոս, որն ամենաէժան տարբերակն է:

Հայաստանում գազագեներատորային հակակարկտային համակարգերի ներդրումը սկսվել է 2004-ից: Արգենտինյան SAPOI. SA ընկերության հետ կնքված պայմանագրով, Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանում կառուցվել են շինություններ եւ տեղադրվել 15 ացետիլենային գեներատորներ, որոնք կարկտահարությունից պաշտպանում են 1200 հա տարածք: 2007-ից այդ համակարգերը շահագործող «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ը կառուցել ու գործարկել է նոր 15 հակակարկտային համակարգեր, որոնցով պաշտպանության տակ է վերցվել եւս 1200 հեկտար գյուղատնտեսական տարածք: Այս ընթացքում հրդեհապայթունավտանգ եւ շահագործման մեծ ծախսեր ունեցող ացետիլենի փոխարեն սկսվել է կիրառվել հեղուկացված պրոպան-բութան գազախառնուրդը: Իսկ ինչպիսի՞ն են այս համակարգի կիրառման արդյունքները:

Համենայն դեպս, կառավարության որոշման մեջ նշվում է, որ այս մեթոդը «բավականին արդյունավետ» է եղել թույլ, միջին եւ անգամ ուժեղ կարկուտների կանխման համար: Սակայն ընդգծվում է նաեւ, որ շատ ուժեղ եւ աղետալի կարկուտների դեպքում պայքարի արդյունավետության աստիճանը որոշելու համար անհրաժեշտ են եւս 2-3 տարվա գիտափորձարարական աշխատանքներ, ինչպես նաեւ Արմավիրի եւ Արագածոտնի մարզերից յուրաքանչյուրում 20-ական նոր հակակարկտային համակարգերի տեղադրում:

Առնվազն զարմանք է հարուցում արդյունավետության աստիճանը որոշելու վերոնշյալ տրամաբանությունը: Փաստորեն, նախ հարկ է ծախսեր կատարել, բերել նոր գազագեներատորային համակարգեր, ապա տեսնել, դրանք արդյունավե՞տ են ուժեղ կարկուտների դեպքում, թե՞ ոչ: Իսկ եթե արդյունավետ չլինե՞ն: Ի՞նչ պետք է անենք: Հե՞տ ուղարկենք հակակարկտային համակարգերը, թե՞ ճարահատյալ եւ անարդյունավետ շահագործել ենք, քանի որ արդեն վճարել ենք դրանց համար: Չէ՞ որ հենց կառավարության որոշման մեջ է նշված, որ այս համակարգերն ունեն մինչեւ 50 տոկոս արդյունավետություն: Ուստի շատ հավանական է ու տրամաբանական, որ դրանք անարդյունավետ լինեն ուժեղ կարկուտների կանխման դեպքում: Եվ ընդհանրապես, որտե՞ղ է նման ցածր արդյունավետություն ունեցող համակարգերով հակակարկտային ծառայություն ստեղծելու կառավարության մոտեցման տրամաբանությունը: Ի՞նչ է, կրա՞կն ենք ընկել նախկին գյուղնախարար Դավիթ Լոքյանիՙ արգենտինացիներից այս համակարգերի գնման պայմանավորվածության պատճառով:

Ինչպե՞ս կարելի է փոխարինել նախկինում գործող եւ մինչեւ 94 տոկոս արդյունավետություն ունեցող հրթիռահրետանային հակակարկտային համակարգը մինչեւ 50 տոկոս արդյունավետության համակարգերով: Արդյունավետության եւ շահավետության ցուցանիշների սոսկ համադրումը բավարար է ճիշտ կողմնորոշվելու եւ եզրակացության հանգելու համար: Եթե այդ հրանոթների պահպանված մասը գտնվում է պաշտպանության նախարարության ենթակայության ներքո, ապա հնարավոր է այն վերականգնել եւ ավելի քիչ ծախսերով: Հաստատ այդ հրանոթները որեւէ կարեւոր նշանակություն չունեն մեր բանակի ունեցած ռազմական տեխնիկայի շարքում եւ դրանց ավելի արդյունավետ կիրառման դաշտը հենց հակակարկտային ծառայությունն է: Հուսով ենք, որ կառավարությունը կհրաժարվի անտրամաբանական եւ անիմաստ ծախսեր կատարելուց ու հակակարկտային նոր համակարգ ստեղծելիս հիմք կընդունի տասնամյակներ շարունակ բարձր արդյունավետություն ցույց տված մեթոդը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4