Թեեւ միայն հունիսին մայիսի համեմատ գրանցվել է կտրուկՙ 39,7 տոկոս տնտեսական աճ
Համաձայն ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալների, այս տարվա հունվար-հունիս ամիսներին Հայաստանում գրանցվել է 16,3 տոկոս տնտեսական անկում: Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 83,7 տոկոսը կամ մոտ 1 տրիլիոն 119 մլրդ դրամ: Առաջինը, որ աչքի է ընկնում այս ցուցանիշների մեջ, տնտեսական անկման տեմպի դանդաղումն է: Եթե հունվարին տնտեսական անկումը կազմել էր 0,7 տոկոս, հունվար-փետրվարինՙ 3,7 տոկոս, հունվար-մարտինՙ 6,1 տոկոս, հունվար-ապրիլինՙ 9,7 տոկոս, հունվար-մայիսինՙ 15,7 տոկոս, ապա վերջինիս համեմատ հունվար-հունիսին անկումն արդեն ավելացել է ընդամենը 0,6 տոկոսով: Եթե սրան ավելացնենք, որ հունիսին մայիսի նկատմամբ գրանցվել է էականՙ 39,7 տոկոս աճ, ապա կարելի է պնդել, որ մեր տնտեսությունը սկսում է դուրս գալ ճգնաժամից:
Մեր նախորդ հրապարակման մեջ («Երբ կդադարի խորանալ տնտեսական անկումը», 9 հուլիսի, 2009) կանխատեսել էինք, որ յուրաքանչյուր հաջորդ ամիս նախորդ ամսվա նկատմամբ կարձանագրվի տնտեսական աճ, ինչը փաստորեն ակնհայտորեն արձանագրվել է հունիսին: Նույն հրապարակման մեջ նշել էինք, որ հուլիսին հունիսի նկատմամբ աճն արդեն նկատելի կլինի եւ այժմ դրան կարող ենք ավելացնել, որ հուլիսի ցուցանիշների շնորհիվ հունվար-հուլիս ամիսներին տնտեսական անկման ցուցանիշը կսկսի կայունանալ եւ գուցե նաեւ նվազել:
Ըստ տնտեսության ճյուղերի, 2009-ի հունվար-հուլիսին պատկերը հետեւյալն է: Արդյունաբերության անկումը կազմել է 11,5 տոկոս, իսկ միայն հունիսին մայիսի նկատմամբ արձանագրվել է 2 տոկոս աճ: Առանց էլեկտրաէներգիայի արտադրության, արդյունաբերության անկումը կազմել է 12,2 տոկոս: Էլեկտրաէներգիայի արտադրությունը հունվար-հունիսին նվազել է 11,6 տոկոսով, իսկ հունիսին մայիսի նկատմամբ նույնպես աճ է գրանցվելՙ 6,4 տոկոսով:
Գյուղատնտեսության համախառն արտադրանքը նվազել է 2,5 տոկոսով, բայց այս ճյուղում հունիսին մայիսի նկատմամբ զգալիՙ 61,4 տոկոսով աճ է արձանագրվել, ինչը պայմանավորված է այս տարվա բարձր բերքատվությամբ: Մանրածախ առեւտրում այս տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զրոյական աճ, իսկ հունիսին մայիսի նկատմամբՙ 7,2 տոկոս աճ: Եվ վերջապես ծառայությունների ոլորտում հունվար-հունիսին արձանագրվել է աճՙ 0,9 տոկոսով: Միայն հունիսին մայիսի նկատմամբ աճն այստեղ կազմել է 11,8 տոկոս:
Ամենամեծ անկումը շարունակվում է արձանագրվել շինարարության ոլորտումՙ այս անգամ 55,5 տոկոսով: Այդուհանդերձ, հունվար-հունիս ամիսներին այդ անկման տեմպը փոքր-ինչ նվազել է, քանի որ հունվար-մայիսին անկումն այստեղ 56,1 տոկոս էր: Այդ փոքրիկ դրական առաջընթացը պայմանավորված է եղել հունիսին մայիսի նկատմամբ շինարարության ծավալների ռեկորդայինՙ 130,8 տոկոս աճով:
Արտաքին առեւտրաշրջանառությունը այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 1 մլրդ 659 մլն դոլար եւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 31,5 տոկոսով: Արտահանումը կազմել է 281 մլն դոլարՙ նվազելով 45,9 տոկոսով, ներմուծումը 1 մլրդ 387 մլն դոլարՙ նվազելով գրեթե 27,5 տոկոսով: Արտաքին առեւտրաշրջանառության մեջ, այս տարի առաջին անգամ հունիսին նախորդ ամսվա համեմատ նկատվել է աճՙ 44,2 տոկոսով: Հունիսին մայիսի նկատմամբ արտահանման ծավալներն ավելացել են 37,9 տոկոսով եւ ներմուծմանըՙ 45,7 տոկոսով:
Պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվն ավելացել է 10,3 տոկոսով: Միջին աշխատավարձն ավելացել է 12,7 տոկոսով, կազմելով մոտ 98 հազար դրամ: Պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է մոտ 81 հազար դրամ, մասնավորումՙ մոտ 122 հազար դրամ:
Այսպիսով, թեեւ Հայաստանում տնտեսական անկումը շարունակվում է, բայց հունիսին արձանագրված ցուցանիշները վկայում են, որ հեռու չէ կայունացման եւ անկման տեմպերի նվազման շրջանը: Ինչպես արդեն նշեցինք, այդ գործընթացը թերեւս կսկսվի արդեն մեկ-երկու ամիս հետո:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ