«Գրանդ Քենդի» ընկերությունը ֆինանսավորելու է Րաֆֆու հանրահայտ «Խաչագողի հիշատակարանը» վեպի նկարահանումը: Այդ կապակցությամբ երեկ ընկերությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «Գրանդ Քենդիի» նախագահ Կարեն Վարդանյանը հայտնեց, որ սա երկրորդ դեպքն է (առաջինը եղել է «Սպանված աղավնին»), երբ Հանրային հեռուստաընկերությամբ էկրանավորվում է դասական ստեղծագործություն: Նոր ֆիլմի շնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերին: «Գրանդ Քենդին» ֆիլմի միակ ֆինանսավորողն է: Կարեն Վարդանյանը նշեց, որ տրամադրված գումարի չափը առեւտրային գաղտնիք է: Նա նաեւ ընդգծեց, որ այս ֆիլմը տարբերվելու է մինչ այժմ եղած կրիմինալ բնույթի սերիալներից: Ըստ Կարեն Վարդանյանի, մեզ պետք են մեր ազգային հերոսների մասին ֆիլմեր, որոնք հայրենասիրական ոգի կմտցնեն հասարակության մեջ: «Գրանդ Քենդիի» ղեկավարը ցանկություն հայտնեց տեսնելու Սասունցի Դավթի, Գեւորգ Մարզպետունու, Գարեգին Նժդեհի մասին ֆիլմեր: Նրա կարծիքովՙ լավ կլինի, որ լինի պետական գրաքննություն, որը կորոշի, թե ինչ կարելի է նայել երեխաներին եւ ինչըՙ ոչ:
«Խաչագողի հիշատակարանը» ֆիլմի ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը շեշտեց, որ սա առաջին դեպքն է, երբ գործարարը ամբողջությամբ ֆինանսավորում է ֆիլմի նկարահանումը, եւ իր շնորհակալությունը հայտնեց Կարեն Վարդանյանին: Նա տեղեկացրեց, որ շուտով կսկսվեն նկարահանման աշխատանքները: Ֆիլմը կլինի արկածային ժանրով, համագործակցության պայմանավորվածություն կա «Ուզբեկֆիլմի» հետ, որը Խորհրդային Միության լավագույն կինոստուդիաներից էր: Կինոնկարի սցենարի հեղինակը Արտակ Արզումանյանն է: Նկարահանվելու են հայտնի դերասաններ, որոնց անունները ռեժիսորը դեռ չցանկացավ հայտնել: «Խաչագողի հիշատակարանը» լինելու է լիամետրաժ ֆիլմ, որը ցուցադրվելու է 4 կամ 5 սերիաներով: Հրաչ Քեշիշյանը նաեւ հայտնեց, որ առաջիկայում Հանրային հեռուստատեսությամբ նախատեսվում են նկարահանել կենսագրական ֆիլմեր Եղիշե Չարենցի եւ Խաչատուր Աբովյանի մասին: Իսկ «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմի պրոդյուսերը Մամիկոն Չատինյանն է:
Ա. Մ.