Երեկ մարդաշատ էր Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի մարզադահլիճը: Հավաքված բազմությունը եկել էր ականատեսը դառնալու Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի դասախոս, ՀՀ վաստակավոր մարզիչ Դավիթ Ֆահրադյանի կողմից Գինեսի ռեկորդների գրքում գրանցման ենթակա նոր ռեկորդի սահմանմանը: 28-ամյա Դավիթը պատրաստվում էր պտտաձողի վրա հետ պտույտներ կատարել:
Երբ ամեն ինչ պատրաստ էր վարժության կատարմանը, հանձնաժողովի անդամները դահլիճում հավաքվածներին խնդրեցին լռություն պահպանել, դադարեցնել անցուդարձը, որպեսզի ոչինչ չխանգարի Դավիթին ռեկորդային նվաճման հասնելու համար: Ի պատիվ Դավիթի, նա վստահ կատարեց վարժությունըՙ 354 անգամ պտույտ կատարելով պտտաձողի վրա: Եվ երբ նա ավարտեց վարժությունը, դահլիճը թնդաց ծափողջույններից ու բացականչություններից: Նախկին ռեկորդը պատկանում էր ռուսաստանցի մի մարզիկի, որը 250 անգամ էր պտտաձողի վրա պտույտներ կատարել:
Դավիթին առաջինը շնորհավորեցին հանձնաժողովի անդամները, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը, Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը: Վերջինս խոստացավ Դավիթին պարգեւատրել երկու ամսվա աշխատավարձի չափով:
Դավիթ Ֆահրադյանը 7 տարեկանից զբաղվում է մարմնամարզությամբ, սպորտի վարպետ է, մարզչական գործունեություն է իրականացնում Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության մարզադպրոցում, դասավանդում է ֆիզկուլտուրայի ինստիտուտում, եւ Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում: Թեեւ Դավիթը բավական հոգնած էր, սակայն սիրով իր զգացումները կիսեց լրագրողների հետ. «Անչափ ուրախ եմ, որ հաջողվեց Գինեսի ռեկորդների գրքին արժանի նվաճման հասնել: 2005-ից եմ փորձել այս վարժությունը: Իմ անունը գրանցված է Հայաստանի «Դյուցազնագրքում»: Այն ժամանակ 307 պտույտ էի կատարել: Փետրվարից նախապատրաստվում էի ռեկորդի սահմանմանը: Օրական 2 պարապմունք եմ անցկացնում, բավական քրտնաջան մարզվում եմ, իսկ պտտաձողի վրա այս վարժությունը փորձում եմ շաբաթական մեկ անգամ, քանի որ վերականգնողական գործընթացը շատ դժվար է տեղի ունենում: Ընդհանուր առմամբ պետք է դիմացկուն լինես, ամուր ձեռքեր ու սիրտ-անոթային համակարգ ունենաս: Վստահ էի, որ այսօր կհաջողվի Գինեսի ռեկորդների գրքին արժանի նվաճման հասնել, քանի որ լավ էի նախապատրաստվել: Այդ գրքում գրանցվելը հնարավորություն կտա ինձ պայմանագիր կնքել Լոնդոնի կենտրոնական գրասենյակի հետ հետագայում շոու-մրցույթների հրավիրելու համար: Շնորհակալություն եմ հայտնում ինձ աջակցողներին, համալսարանի ռեկտոր պարոն Զոլյանին, որը մարզումների եւ աշխատանքի համար բոլոր պայմանները ստեղծել է»:
Այժմ հանձնաժողովը ռեկորդի սահմանման տեսանյութն ու բոլոր փաստաթղթերը պետք է ուղարկի Լոնդոն եւ սպասի դրական պատասխանի: Ինչպես նշեց «Արտասովոր շարժողական գործունեության գրանցման» հանձնաժողովի նախագահ Վարդան Թովմասյանը, Գինեսի ռեկորդների գրքում նվաճման գրանցումը տեւում է 2-4 ամիս: Դա բավական աշխատատար գործընթաց է, քանի որ նմանատիպ նվաճումներ աշխարհի բոլոր ծայրերից ստանում է հանձնաժողովը: Հարկավոր է դիտել եւ ուսումնասիրել ռեկորդի սահմանումը վկայող տեսանյութը, ստուգել եւ համոզվել, որ կադրերը մոնտաժված չեն: Ըստ Թովմասյանի, լինում են դեպքեր, որ հանձնաժողովը մերժում է ռեկորդի գրանցումն առանց որեւէ պատճառաբանություն ներկայացնելու: Այնպես որ, հարկավոր է համբերատար սպասել ու հուսալ, որ Լոնդոնից դրական պատասխան կստացվի:
Նշենք, որ Դավիթ Ֆահրադյանը կլինի Գինեսի ռեկորդների գրքում գրանցված 8-րդ հայը: Վերջինը Արտակ Գրիգորյանն է, որն օղակների վրա «խաչ» վարժություններ էր կատարում («Ազգը» ժամանակին հանգամանորեն անդրադարձել է Արտակի նվաճումներին): Հայաստանում 1991-ին Գինեսի գրքի օրինակով հիմնվել է «Դյուցազնագիրքը»: Հանձնաժողովի առաջին նախագահը եղել է Միքայել Իսպիրյանը, հետոՙ Արթուր Գեւորգյանը, 1998-ից այն ղեկավարում է Վարդան Թովմասյանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ