Այն տեսակետը կա, որ եթե մադրիդյան սկզբունքներին հասարակական հակազդեցություն չլիներ, ապա դրանք սահուն կիրարկում կունենային: Սրանով էր, երեւի, պայմանավորված հայաստանյան ու ղարաբաղյան հասարակական-քաղաքական կառույցների հայտարարությունների վերջին «շքերթը»: Եթե այսպիսի համերաշխությամբ ՀԿ-ներն ու քաղաքական ուժերը 1998-ին բարձրաձայնեին բանակցություններից ԼՂՀ-ի դուրս մնալու անհեռանկարայնության մասին, գուցե թե կարգավորման գործընթացն այլ հունով ընթանար:
Բայց արդյոք հասարակական-քաղաքական կառույցների այդօրինակ ակտիվացումը, կոնկրետ մադրիդյան սկզբունքների առնչությամբ, էական ազդեցությո՞ւն է ունեցել: Անշուշտ, հասարակական կարծիքը կարեւոր է, սակայն հազիվ թե Մինսկի խմբում ընդգրկված միջնորդների համար: Վերջիններս իրենց խաղաղարար առաքելությամբ, ըստ էության, ապահովում են սեփական երկրի աշխարհաքաղաքական շահերը տարածաշրջանում, իսկ հայկական ու ադրբեջանական շահերը ներկա դեպքում դիմադարձ ուղղություն ունեն:
Մենք չգիտենք` Դմիտրի Մեդվեդեւը փորձե՞լ է, ասենք, Մոսկվայում համոզել Իլհամ Ալիեւին` հրաժարվել Ղարաբաղից: Մեզ համար սա շատ կարեւոր է, ինչպես որ ադրբեջանցիների համար արժանապատվության հարց է ԼՂ-ն չտալը: Եվ տվյալ իրավիճակում, արդյոք նախընտրելի՞ է այնպիսի հապշտապությունը, որը չի բխում մեր ակնկալիքներից:
Երբ հարցերը նոր հարցեր են ծնում, նշանակում է վաղաժամ է սպառիչ պատասխան գտնելը: Ավելորդ էմոցիաներ դրսեւորելը, կարծես թե, պարապ զբաղմունք է դառնում: Ոչ ոք չի կասկածում հայի` մեր սոսկական հայրենասիրությանը. ղարաբաղյան խնդիրն այն միակ հարթակն է, որտեղ դիմադիր, թե ընդդիմադիր ուժերի տեսակետները համընկնում են:
Ղարաբաղում ընդհանրապես տեսակետների միատարրություն է` ամեն ինչ գնահատվում է ԼՂՀ անվտանգության դիտանկյունից: Թե՛ ազատագրված տարածքների մի մասի հանձնման եւ թե՛ կարգավիճակի վերաքվեարկման հեռանկարները զգուշավորության նույն հենքի վրա են: Այն, ինչ կարող է վտանգել ԼՂՀ հետագա գոյությունը, բացարձակ անընդունելի է, եւ բանակցություններին Ղարաբաղի մասնակցության հետաձգումը, փաստորեն, Ադրբեջանի պատրաստ չլինելու բացատրության մեջ կարելի է տեսնել, ինչը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւս լավ են հասկանում:
Միջնորդներն էլ, մենք էլ` սպասում ենք, թե Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները երբ լիարժեք համաձայնության կգան քննարկվող սկզբունքների շուրջը: Այդ համաձայնությունը կարող է ուշանալ, կարող է նույնիսկ տեղի չունենալ, էականն այն է, որ ղարաբաղյան հակամարտության լուծումներում ընդգրկված կողմերը, այդ թվում` միջնորդները, գիտակցում են ԼՂՀ-ի վճռական շահերը` նրա անվտանգության ապահովման ու ինքնորոշման իրավունքի իրացման առումներով: Իսկ այդ գիտակցումը, միեւնույն է, բերելու է Ղարաբաղի հետ Ադրբեջանի առդեմ բանակցելուն: Անգամ միջնորդներն են խոստովանել, որ առանց Ղարաբաղի` հարցի վերջնական լուծում չի լինի: Իսկ քանի դեռ ԼՂՀ-ն իր խոսքը չի ասել, անիմաստ է ինչ-որ դրական բան հուսալը:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ