ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ
Հայաստանում բուժման նպատակով նարկոլոգիական կենտրոն դիմողների թիվը տարեկան աճում է 100 տոկոսով, թմրանյութ օգտագործողների քանակը` 10 տոկոսով: Եվ թեպետ տարածաշրջանում եւ անգամ ամբողջ աշխարհում թմրանյութ օգտագործողների ցուցանիշով Հայաստանը ամենաբարվոք պայմաններում է, նարկոլոգիական կենտրոնի տնօրենը «բարվոք» բառը գերադասում է օգտագործել միայն չակերտների առկայության դեպքում:
2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառված է 1141 թմրամոլ, որոնցից 12-ը կանայք են: Սրանք այն մարդիկ են, ովքեր երբեւիցե դիմել են բուժօգնության: Մինչդեռ, միջազգային կազմակերպությունների ներկայացրած հաշվարկներով, Հայաստանում կա 30.000 թմրամոլ, նրանցից 5000-7000-ը թմրանյութն ընդունում են ներերակային ճանապարհով: Կենտրոնի ղեկավարի տվյալներով, Թբիլիսիում միայն հաշվառված թմրամոլների թիվը 45.000-ն է, Բաքվում` 28.000:
Ներկայումս նարկոլոգիական կենտրոնում բուժվում է 11 հիվանդ: Սակայն գաղտնի բուժվողների թիվը մի քանի անգամ ավելին է: «Թմրամոլների տարիքը 25-45 է: Նրանք պարզապես ավելի երկար չեն ապրում: Սոցիալական խումբն այս պարագայում որեւէ նշանակություն չունի: Նրանց հիմնական մասը մայրաքաղաքից է», «Հայելի» ակումբում ասաց նարկոլոգիական կենտրոնի տնօրեն Պետրոս Սեմերջյանը :
2008 թվականին կենտրոն է դիմել 490 մարդ: Վիճակագրությունը սկսելով 2001 թվականից` Պետրոս Սեմերջյանը նշում է, որ աճ տարեցտարի գրանցվում է: «2001 թվականին մեզ դիմել էր ընդամենը 7 մարդ», ասաց նա:
Բուժումը Հայաստանի քաղաքացիների համար անվճար է: Կենտրոնում բուժումն ընթանում է երկու ուղղությամբ` կախվածության վերացում եւ առողջության վերականգնում: «10 օրից մինչեւ 6 ամիս ժամկետում կարելի է վերացնել կախվածությունը: Ընդ որում, ֆիզիկական կախվածությունն ավելի հեշտ է բուժվում, քան հոգեբանականը: Շատ հաճախ գերադասելի է լինում ժամանակավոր հաճույքը, եւ մեզ դիմում են, երբ արդեն ծանր վիճակում են», ասաց Պետրոս Սեմերջյանը: Բուժման դիմելուն խանգարում է ամոթը, հասարակության կարծիքը: Բացի դրանից, թմրամոլությունը քրեորեն պատժելի է: «Հայաստանում եթե կամովին դիմում են բուժման, ապա ազատվում են քրեական պատասխանատվությունից», հայտարարում է նարկոլոգիական կենտրոնի տնօրենը:
Կենտրոն շատ են դիմում Վրաստանից, Ռուսաստանից եւ Իրանից: «Ռուսաստանում 45.000 հայազգի թմրամոլ կա: Իրանում 3.5 մլն թմրամոլ կա, որն աշխարհում վատագույն ցուցանիշն է», ասաց Պետրոս Սեմերջյանը:
Պատանիներ թմրամոլների շրջանում կան: «Սա հենց այն շրջանն է, երբ սկսում են օգտվել թմրանյութերից: Թմրամոլ երեխաներ չկան: Մեկ-երկու դեպք եղել է մանկատան 12-13 տարեկան երեխաների շրջանում: Նրանք, սակայն տառապում էին թունամոլությամբ, երբ օգտվում են տարբեր նյութերից, հիմնականում` սոսինձ կամ բենզին», նկատեց Պետրոս Սեմերջյանը:
Կենտրոնի տնօրենը, ելնելով 28 տարիների իր փորձառությունից, նշում է, որ Հայաստանում առավելապես տարածված են հերոինը եւ կանեփից ստացվող թմրանյութը: «Պահանջարկի դեպքում առաջարկի պակաս չի լինում: Թմրանյութի հասանելիությունը կախված է գումարի չափից», նկատեց Պետրոս Սեմերջյանը: