Հայաստանի չորս թիմերից եւ ոչ մեկին չհաջողվեց հաղթահարել եվրոգավաթների խաղարկության առաջին փուլի արգելքը: Ֆուտբոլասերները որոշակի հույսեր էին կապել ՀՀ չեմպիոն «Փյունիկի» հետ, որը Երեւանում Զագրեբի «Դինամոյի» հետ հանդիպումն ավարտել էր գոլազուրկ ոչ-ոքիով: Սպասվում էր, որ սեփական հարկի տակ դինամոյականներն առաջին իսկ րոպեներից կնետվեն գրոհների: Սակայն նրանք շատ հանգիստ սկսեցին խաղը, փոխարենը փյունիկցիներն էին ավելի ակտիվ, որոնք արդեն 6-րդ րոպեին Էդգար Մալաքյանի սլացիկ անցումից հետո կարող էին բացել հաշիվը, սակայն Գեւորգ Ղազարյանի հարվածից հետո պաշտպանը փակեց գնդակի ճանապարհը:
Նման սկիզբը լավատեսորեն էր տրամադրել հայ մարզասերներին, որոնք բարեհաջող ելքի հույսեր էին փայփայում: Սակայն 30-րդ րոպեին «Փյունիկն» անհեթեթ գոլ բաց թողեց (Մանջուկիչ): Թվում էր, թե ընդմիջումից հետո «Փյունիկը» կանցնի վճռորոշ գործողությունների, կգործի արագ տեմպով, ինչպես դա տեղի ունեցավ թիմերի երեւանյան խաղում: Սակայն երկրորդ խաղակեսում «Փյունիկի» խաղը լրիվ կազմալուծվեց, փոխարենը դաշտի տերերն ակտիվացան եւ շուտով 2 գոլ խփելով (Բադել, Լովրեն) վճռեցին մրցակցության ելքը:
Այսպիսով, «Փյունիկը» 2-րդ տարին անընդմեջ չկարողացավ հաղթահարել չեմպիոնների լիգայի առաջին փուլի արգելքը: Ավելին, երկրորդ տարին թիմը եվրոգավաթներում չի կարողանում գոլ խփել:
Իսկ ահա մեր հարեւանները հաջող հանդես եկան: Ադրբեջանի չեմպիոն «Բաքուն» պատասխան խաղում հաղթելով Լիտվայի «Էկրանասին» (4-2), մտավ հաջորդ փուլ (առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքիՙ 2-2): Մոլդովայի «Շերիֆը» 1-0 հաշվով հաղթելով ֆիննական «Ինտերին», ուղեգիր նվաճեց: Պայքարը կշարունակի նաեւ Բելառուսի ԲՍՏԷ-նՙ կրկին 2-0 հաշվով հաղթելով «Մակեդոնիային»: Մյուս հանդիպումների արդյունքներն են (փակագծում առաջին խաղի հաշիվն է). «Ստաբեկ» (Նորվեգիա)-«Տիրանա» (Ալբանիա)ՙ 4-0 (1-1), «Սլովան» (Սլովակիա)-«Զրինսկի» (Բոսնիա)ՙ 4-0 (0-1), «Ապոել» (Կիպրոս)-«Ստրեյմյուր» (Ֆարերներ)ՙ 3-0 (2-0), «Պարտիզան» (Սերբիա)-«Ռիլ» (Ուելս)ՙ 8-0 (4-0), «Սան Խուլիա» (Անդորրա)-«Լեւսկի» (Բուլղարիա)ՙ 0-5 (0-4):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ