Հայ քաղաքական միտքը կրկին ալեկոծման մեջ է. լուռ կամ բացահայտ մեղադրանքներ հանրապետության նախագահին, մեղադրանք եւ հրաժարականի պահանջ արտգործնախարարին, մեղադրանք իշխող կոալիցիային եւ, վերջապես, մեղադրանք միմյանց հասցեին: Եվ, փոխադարձաբար, արդարացումներ ու հիշեցումներՙ «պաշտոնապես այդպես չենք ասել», «այդ հարցը չի քննարկվել», «հանգստացեք, ոչ մի համաձայնագիր էլ չի ստորագրվելու», «Մադրիդյան սկզբունքներն ընդամենը որպես բանակցությունների հիմք ենք ընդունել», «ոչ թե հայ-թուրք պատմաբանների հանձնաժողով, այլ միջպետական հանձնաժողով եւ ենթահանձնաժողովներ», «սպասեք, բանակցություններում Ղարաբաղի մասնակցության ժամանակը կգա» եւ այլն, եւ այլն:
Լղոզված է ամեն ինչ. միջավայրը, մթնոլորտը, քաղաքագետների խոսքը, միջնորդների հայտարարությունները, հայտնի չէ միջնորդ երկրների մտադրությունը: Հետեւաբար դուռը միշտ բաց է մնում ամեն տեսակի ենթադրությունների, սպեկուլյատիվ մտքերի, կտրուկ դիրքորոշումների ու քաղաքական շահարկումների առաջ: Արդյունքումՙ ժողովրդին ամենաշատը շահագրգռող, մտահոգող հարցը մնում է չլուսաբանված, չպատճառաբանված, չբացահայտված եւ անհասկանալի:
Ո՞ւր է բուն ճշմարտությունը: Համենայն դեպս, ոչ այնտեղ եւ ոչ այն հարցերում, որոնց մի մասը թվարկվեց վերեւում, եւ որոնց համար իրար մեղադրում են կողմերըՙ հին ու նոր ընդդիմադիրները, հին ու նոր իշխանամետներն ու իշխանականները: Ճշմարտությունն այդ շատ չոր ու դաժան կանգնած է մեր առաջ ու մենք չտեսնելու ենք տալիս նրան (բացառություն էր նախորդ օրը Սամվել Բաբայանի մատնանշումը). դա Արցախի վերաբնակեցման հիմնահարցի ձախողումն է, որի համար մեղավոր ենք բոլորսՙ մեր զույգ կառավարությունները, մեր քաղաքական, տնտեսական, բարեգործական կազմակերպությունները, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների ժողովուրդը, սփյուռքը: Ընդամենը 100 հազար բնակչությամբ անհնար է տեր մնալ եւ անխոցելի պահել ԼՂՀ-ն իր ազատագրված տարածքներով: Հողը գրավում է հետեւակ զինվորը, իսկ պահում է գյուղացին: Մենք 15 տարի անտեսել ենք այս ճշմարտությունը: Այս ուղղությամբ կազմած մեր ծրագրերը մնացել են օդում: Մեզ պակասել են կամքը, զոհողության ոգին, ինչ-որ տեղ ռոմանտիզմը: Կարճամտությունը, ու երբեմն էլ ընչաքաղցությունը խանգարել են մեզ: Եվ այս հարցում առաջին պատասխանատուները ղարաբաղցիք իրենք են, ոչ միայն ՀՀ-ում, այլեւ Ռուսաստանում եւ այլուր դիրքի, հարստության, իշխանության տիրացածները:
Ինչքան արագացած տեմպեր ու գրգիռներ տրվեն ԼՂ կարգավորման խնդրին, առնվազն դեռ մի քանի տարի կտեւի հարցի լուծումը: Մինչ այդ կարո՞ղ ենք անհրաժեշտ քանակի բնակչությամբ վերաբնակեցնել մեր երկրի այդ հատվածը:
Ապահով ու անձեռնմխելի երկիր ունենալու հարցի պատասխանը կախված է դրանից: Մնացածը երկրորդական է:
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ