«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2009-07-22 | #137, 2009-07-23 | #138, 2009-07-24


ՀՈՒՆԻՍԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ «ՈՐՈՇ ԴՐԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐ» ՈՒՆԵԻՆ

Կառավարության երեկվա նիստը սկսվեց ազգային վիճակագրական ծառայության կողմից տնտեսության վիճակը բնութագրող ցուցանիշներին վարչապետ Տիգրան Սարգսյանի անդրադարձով եւ մեկնաբանություններով: Դժգոհություն հայտնելով, որ այս ցուցանիշների քաղաքական վերլուծության պակաս չկա, նա ափսոսանք հայտնեց, որ զանգվածային լրատվական միջոցներում «չենք տեսնում մասնագիտական վերլուծություններ»:

Այս տարվա 6 ամիսների 16,3 տոկոս անկումը Տիգրան Սարգսյանը պայմանավորեց 2008-ի նույն ժամանակահատվածում տնտեսական բարձր աճով եւ առաջին հերթին շինարարության աննախադեպ աճով: Այս ոլորտի տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքում (ՀՆԱ) գերազանցեց 30 տոկոսը: Վարչապետը հայտնեց, որ շինարարության 70 տոկոսը իրականացվում է մասնավոր հատվածի հաշվին: Դրանից կառուցապատողների սեփական միջոցները չեն գերազանցում 30 տոկոսը եւ շինարարությունը հիմնականում իրականացվում է ապագա բնակարանների սեփականատերերի հաշվին: «Դա նշանակում է, որ մեր քաղաքացիների եւ ներդնողների սպասումները տնտեսական աճի տեսակետից ունեն էական նշանակություն: Մեր կանխատեսումներով, մոտակա ամիսների տնտեսական աճի ցուցանիշների անկումը ավելի խորը պետք է լիներ», ասաց Տիգրան Սարգսյանը, ավելացնելով, որ դա հոռետեսական սցենարն էր: Սակայն հունիս ամսվա ցուցանիշները «որոշ դրական ազդակներ» էին պարունակում: Դա շինարարության աննախադեպՙ շուրջ 230 տոկոս աճն էր, որն արդյունք էր դրական սպասումների ձեւավորման, 6 կառուցապատողներին պետական երաշխիքների տրամադրման եւ մասնավոր հատվածից եկող ներդրումների, այսինքն, որ «մեր քաղաքացիները սկսեցին բնակարաններ ձեռք բերել»: Այնուհետեւ վարչապետը ներկայացրեց տնտեսության մյուս ճյուղերիՙ արդյունաբերության, էլեկտրաէներգիայի արտադրության, գյուղատնտեսության ցուցանիշները եւ մանրամասնեց մանրածախ ապրանքաշրջանառության ցուցանիշը: Նշելով, որ չնայած մասնավոր տրանսֆերները այս վեց ամիսների ընթացքում նախորդ տարվա վեց ամիսների համեմատ կտրուկ նվազել են, չնայած ունենք 16 տոկոս տնտեսական անկում, բայց մանրածախ ապրանքաշրջանառության ծավալը ոչ միայն չի նվազել, այլեւ փոքր աճի միտում ունի: Տիգրան Սարգսյանը դա բացատրեց երկու հանգամանքով: Առաջինը, որ այս տարվա վեց ամիսներին աշխատավարձը Հայաստանում աճել է շուրջ 13 տոկոսով, թոշակներըՙ առնվազն 14 տոկոսով եւ մարդկանց վճարունակությունը բարձրացել է: Երկրորդը ՀԴՄ-ների կիրառումն է, որը հնարավորություն է ստեղծել ստվերից դուրս բերելու մանրածախ ապրանքաշրջանառությունը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4