«Տարածաշրջանում ստեղծված իրավիճակն է ստիպում ունենալ երկրի անվտանգությունն ապահովող զինված ուժեր: Պաշտպանության բանակը միշտ կարողացել է կատարել իր առջեւ դրված խնդիրները եւ շարունակում է զսպող դեր կատարել` թույլ չտալով հակառակորդին ոտնձգություն կատարել Արցախի ժողովրդի նկատմամբ», երեկ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը : Նախարարի համոզմամբ, Ադրբեջանն ի վիճակի չէ ռազմական ճանապարհով լուծելու հիմնախնդիրը, քանզի եթե պատրաստ լիներ դրան, ապա Ղարաբաղի վրա կհարձակվեր առանց որեւէ մեկից թույլտվություն վերցնելու:
Համառոտ ներկայացնելով կիսամյակի արդյունքները, ՊԲ հրամանատարը արդյունավետ է գնահատել դրանք: Այս տարի անցկացված զորավարժություններն, օրինակ, հերթական անգամ փաստել են ԼՂՀ զինված ուժերի աճող մարտունակությունը: Զորավարժություններում ընդգրկված է եղել ամբողջ բանակը, եւ առաջին անգամ դրանց մասնակցել է կցագրված սպայական կազմը: Մովսես Հակոբյանը միաժամանակ կարեւորել է այն փաստը, որ զորավարժություններին մասնակցած զրահատեխնիկան լրիվ անխափան է աշխատել:
Այս տարվանից սկսած, նախքան երդման արարողությունը, նորակոչիկներին տանում են պատմական հուշավայրեր, որպեսզի նրանք երդում տալուց առաջ ավելի լավ ճանաչեն իրենց հայրենիքը, տեղեկացրել է նախարարը:
Հուլիսի մեկից զգալիորեն ավելացել է զինծառայողների աշխատավարձը, սակայն դա չէ լավ ծառայության խթանիչը, պաշտպանության բանակում պարզապես չեն աշխատում` նրանք ծառայում են. ընդգծել է Մ. Հակոբյանը: ՊԲ հրամանատարը հաստատել է, որ բանակում իրոք ծառայում են այլազգիներ: Նրանք 96-ն են, որոնք ՀՀ քաղաքացիներ են:
Լրագրողների այն հարցին, թե ինչպես կվարվի ռազմական գերատեսչության ղեկավարը, եթե Հայաստանը ոչ ղարաբաղանպաստ փաստաթուղթ ստորագրի, Մովսես Հակոբյանը պատասխանել է, որ պաշտպանության բանակն իր առանձնահատուկ բնույթից ելնելով` քաղաքականությամբ չի զբաղվում: Միեւնույն ժամանակ, ըստ նախարարի, քանի դեռ նման փաստաթուղթ չի ստորագրվել` ինքը չի կարող որեւէ մեկնաբանություն տալ: Քննարկվում են ընդամենը սկզբունքներ, իսկ դա քաղաքական ղեկավարության գործն է, ընդ որում, բանակցություններ առայժմ ընթանում են միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ: Բացի այդ, կա զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար` հանրապետության նախագահը, եւ պաշտպանության նախարարն ի պաշտոնե պարտավոր է կատարել նրա բոլոր հրամանները:
«Ազգը» խնդրել է գնահատական տալ Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլիի վերջերս արած այն հայտարարությանը, թե իբր Ստեփանակերտ գալու ճանապարհին ինքն անցել է ոչ թե սահմանով, այլ շփման գծով:
Կա ստեղծված իրավիճակ, որի հետ պետք է հաշտվել, նկատել է Մովսես Հակոբյանը: Իսկ եթե որեւէ մեկը կարող է առանց ԼՂՀ իշխանությունների թույլտվության անցնել դիմակայության գծով, ապա թող փորձի: Նրա խոսքով, նման ձեւակերպում դիվանագետն արել է քարոզչական նկատառումներով` ներքին լսարանի համար, իսկ դա արդեն իր գործն է:
Ազդե՞լ է արդյոք միջազգային տնտեսական ճգնաժամը բանակի վրա, նախարարին հարցրել են լրագրողները: Բանակը ոչ թե տնտեսական, այլ սպառող մարմին է, ասել է Մ. Հակոբյանը, հավելելով, որ առ այսօր ՊԲ-ի համար նախատեսված ֆինանսական միջոցները չեն նվազել ու չեն ուշացվել:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ