Ճգնաժամն իր շտկումներն է մտցրել այստեղ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած ( «Ազգ» , 23 հունիսի, 2009) 300 խոշոր հարկատուների ցանկում փոփոխություններ են արձանագրվել ինչպես նախորդ տարվա առաջին կիսամյակի, այնպես էլ այս տարվա առաջին երեք ամիսների համեմատ: Ճգնաժամով պայմանավորված վայրիվերումները հատկապես նկատելի են առաջին հորիզոնականները զբաղեցնող խոշոր հարկատուների ցուցանիշներում:
Այս անգամ խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Հայռուսգազարդը»ՙ 8,7 մլրդ դրամ վճարած հարկերով, որը, սակայն, նախորդ տարվա նրա վճարած հարկերից նվազ է մոտ 700 մլն դրամով: Սակայն այս տարվա առաջին եռամսյակի համեմատ «Հայռուսգազարդը» մոտ 2,5 անգամ ավելացրել է վճարած հարկերը: Ինչպես 2008-ի առաջին կիսամյակում, այնպես էլ 2009-ի առաջին եռամսյակում ընկերությունը 2-րդն է եղել խոշոր հարկատուների ցանկում:
Այս անգամ երկրորդ տեղում «Արմենտելն» է, որը վճարել է 7,1 մլրդ դրամ կամ 1 մլրդ դրամով պակասՙ անցյալ տարվա առաջին կիսամյակի համեմատ: Այս ընկերությունը նույնպես մոտ 2,5 անգամ ավելացրել է հարկային վճարումները առաջին կիսամյակի համեմատ, իսկ 2008-ի առաջին կիսամյակի եւ 2009-ի առաջին եռամսյակի համեմատՙ վեր բարձրացել մեկ հորիզոնականով:
Երրորդ տեղում անցյալ տարվա առաջին կիսամյակում առաջին տեղում գտնվող «Ղ-Տելեկոմն» է («Վիվասել-ՄՏՍ-ը): Այս անգամ ընկերությունը պետբյուջե է վճարել 6,5 մլրդ դրամ: Այս ցուցանիշն անհամեմատ զիջում է 2008-ի առաջին կիսամյակում նրա վճարած 15 մլրդ դրամին, բայց ավելի քան 3 անգամ ավելի է այս տարվա առաջին եռամսյակի վճարած հարկերի ցուցանիշից, ինչի արդյունքում «Ղ-Տելեկոմը» 5-րդից բարձրացել է 3-րդ տեղը:
2009-ի առաջին եռամսյակի արդյունքներով առաջին տեղում գտնվող «Ալեքս-գրիգը», որը պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին եւ իրականացնում է խոշոր եւ մեծ մասամբ մենաշնորհային ներկրումներ, այժմ 4-րդն է 6,3 մլրդ դրամ վճարած հարկերով: Սա մոտ 100 մլն դրամով ավելի է նախորդ տարվա այս ժամանակահատվածում «Ալեքս-գրիգի» եւ դրա նախորդ «Սալեքս գրուպ» ընկերության համատեղ վճարած հարկերից: Սակայն այս տարվա առաջին եռամսյակին «Ալեքս-գրիգը» վճարել էր 3,5 մլրդ դրամ, ինչը նշանակում է, որ վերջին երեք ամիսներին նրա վճարած հարկերը մոտ 800 մլն դրամով նվազել են առաջին եռամսյակի համեմատ: Բացի այդ, «Ալեքս գրիգի» վճարած շահութահարկը նույնպես շատ փոքր թիվ էՙ 17 մլն դրամ: Սա պետք է որ հարցեր առաջացնի, քանի որ տնտեսական ակտիվությունը տարվա երկրորդ եռամսյակում ավելի բարձր է լինում, քան առաջինում, իսկ Սամվել Ալեքսանյանի բիզնեսում առանձնապես դժվարություններ չեն եղել:
5-րդ տեղում վառելիք ներմուծող խոշորագույն ընկերությունն էՙ «Ֆլեշը», որի վճարած հարկերը կազմել են 5,3 մլրդ դրամ: Այս ընկերությունը մոտ 600 մլն դրամով ավելի է վճարել անցյալ տարվա առաջին կիսամյակի համեմատ եւ մեկ հորիզոնականով բարձրացել խոշոր հարկատուների ցանկում: Առաջին կիսամյակի համեմատ եւս «Ֆլեշը» հարկային վճարների ավելի քան կրկնակի աճ է ունեցել:
6-րդը «Հայաստանի էլեկտրական ցանցերն» էՙ մոտ 3 մլրդ դրամ հարկային վճարումներով: Նախորդ տարվա հունվար-հունիսի համեմատ սա 400 մլն դրամով պակաս է: 7-րդը «Վիդիս Դիսթրիբյուշն» ընկերությունն է, որը ձեռք է բերել «Ֆիլիպ Մորիս» ընկերության ծխախոտներըՙ Հայաստան ներմուծելու իրավունքը եւ վճարել է 2,7 մլրդ դրամ: Անցյալ տարի նույն բիզնեսով զբաղվող «Պարես Արմենիան» վճարել էր 2,4 մլրդ դրամ: 8-րդը դարձյալ վառելիք ներմուծող «Սիթի պետրոլ գրուպն» էՙ 2,6 մլրդ դրամ ցուցանիշով, որին պետք է ավելացնել նրա նախորդող եւ տարվա ընթացքում լուծարված «Քաղպետրոլսերվիս» ընկերության 1,8 մլրդ դրամը: Այս 2 ընկերությունների 4,2 մլրդ դրամ վճարած հարկերը մոտ 300 մլն դրամով պակաս են նախորդ տարվա առաջին կիսամյակում «Քաղպետրոլսերվիսի» վճարածից:
9-րդ եւ 10-րդ տեղերը զբաղեցնում են «Գրանդ հոլդինգի» երկու խոշոր ընկերություններըՙ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը» եւ «Գրանդ տոբակոն» համապատասխանաբար 2,2 մլրդ դրամ եւ 1,9 մլրդ դրամ հարկային վճարներով:
Հայաստանյան բանկերից ամենախոշոր հարկատուն «Արդշինինվեստբանկն» էՙ 1,6 մլրդ դրամով (13-րդ տեղ), ինչը 200 մլն դրամով ավելի է նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ: Այնուհետեւ գալիս են «Ակբա կրեդիտ ագրիկոլ» բանկըՙ 1 մլրդ 426 մլն դրամ եւ 15-րդ տեղ, «ՎՏԲ-Հայաստան բանկը»ՙ 1 մլրդ 403 մլն դրամ եւ 16-րդ տեղ: Նշենք, նաեւ, որ 14-րդ տեղում ԱԷԿ-ն է 1,5 մլրդ դրամ հարկային վճարումներով:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որ տարիներ շարունակ թիվ 1 հարկատուն էր, այժմ 32-րդն էՙ 806 մլն դրամ վճարած հարկերով: Ճգնաժամի ազդեցությունն այս ընկերության վրա նկատելի է եղել, ինչն արձանագրվել է նաեւ հարկերի վճարման ցուցանիշով: Համեմատության համար նշենք, որ անցյալ տարվա 6 ամիսներին կոմբինատը վճարել էր 7,9 մլրդ դրամ: Նույն պատճառով նվազել են նաեւ «Մաքուր երկաթի գործարանի» վճարած հարկերը, նախորդ տարվա 2 մլրդ դրամի փոխարենՙ 561 մլն դրամ: «Ռուսալ Արմենալը» թեեւ հայտարարեց, որ ավելացրել է արտադրության ծավալները նախորդ տարվա նույն ժամակահատվածի համեմատ, բայց այս տարի մոտ 120 մլն դրամով ավելի քիչ հարկեր է վճարել:
Ի տարբերություն անցած տարվա առաջին կեսի, երբ կտրուկ ավելացել էին ավտոմեքենա ներկրորղների վճարած հարկերը, այս տարվա առաջին կեսին դրանք կտրուկ նվազել են: Օրինակՙ «Տոյոտա Երեւանն» այս անգամ վճարել է 757 մլն դրամՙ նախորդ տարվա 1,4 մլրդ դրամի փոխարեն, «Կարկոմավտոն»ՙ 432 մլն դրամՙ նախորդ տարվա 1 մլրդ դրամի փոխարեն, «Գլոբալ մոթորսը»ՙ 359 մլն դրամ, նախորդ տարվա 584 մլն դրամի փոխարեն եւ այլն:
Խոշոր գործարարներին կամ, ինչպես ասում են, օլիգարխներին պատկանող ընկերություններից Միխայիլ Բաղդասարովի «Միկա քորփորեյշնը» վճարել է 1 մլրդ դրամ, «Միկմետալը»ՙ 569 մլն դրամ, «Արմավիա» ավիաընկերությունըՙ 255 մլն դրամ, «Միկա ցեմենտը»ՙ 242 մլն դրամ: Նախորդ տարվա համեմատ «Միկմետալի» եւ «Արմավիայի» հարկային վճարները էապես նվազել են, «Միկա ցեմենտինը»ՙ ավելացել:
Ցեմենտի արտադրության մյուս խոշոր ընկերությունըՙ «Արարատցեմենտը», որը պատկանում է Գագիկ Ծառուկյանին, ընդհանրապես բացակայում է ցանկից: Մինչդեռ նախորդ տարի վճարել էր 882 մլն դրամ: Այս օլիգարխին պատկանող «Մուլտի լեոնը» ցանկում 139-րդն էՙ 212 մլն դրամով, «Դուստր Մարիաննան»ՙ 208-րդը,145 մլն դրամով, «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը»ՙ 245-րդը, 121 մլն դրամով: Բացառությամբ «Դուստր Մարիաննայի», մյուս ընկերությունների վճարած հարկերը նույնպես նվազել են:
Առաջին անհրաժեշտության ապրանքներիՙ բրինձ, ալյուր, հացահատիկ եւ այլ սննդամթերք խոշոր ներմուծողների մի մասի վճարած հարկերը նույնպես նվազել են, մյուսներինըՙ ավելացել: Այսպես, «Դերժավա Ս»-ն, «Սլավ գրուպը», «Քեթրին գրուպը», «Վալետտան» նախորդ տարվա 6 ամիսների համեմատ ավելի քիչ հարկեր են վճարել, «Սովռանոն», «Մոկոնաթը», «Մանանա գրեյնը» փոքր-ինչ ավելի շատ, իսկ «Ապեյրոնը»ՙ գրեթե անփոփոխ:
Տոնավաճառներից 300 խոշորների ցանկում «Ռաֆայել Տաթեւը» (Մալաթիայի տոնավաճառ) եւ «Հրազդան մարզահամալիր վարձակալական ձեռնարկությունը» պակասեցրել են իրենց վճարած հարկերը, իսկ «Փեթակն» ու «Նարեկը»ՙ ավելացրել:
Խոշոր հարկատուների ցանկում են նաեւ հայաստանյան խոշոր պետական բուհերը, որոնք շատ հաճախ ավելի պարտաճանաչ հարկատուներ են, քան անհամեմատ ավելի մեծ իրական շրջանառություն ունեցող մասնավոր ընկերությունները: Երեւանի պետական համալսարանը (91-րդ տեղ եւ 311 մլն դրամ վճարած հարկ) ավելի շատ հարկ է վճարել, քան «Մանչո գրուպը», «Արայը», «Արաքս թռչնաֆաբրիկան», «Արմենիա հյուրանոցային համալիրը», «Մեծ անիվը», կամ Երեւանի Մխ. Հերացու անվան բժշկական համալսարանը (113-րդ տեղ եւ 257 մլն դրամ)ՙ ավելի շատ, քան «Արմավիա» ավիաընկերությունը, «Միկա ցեմենտը», «Ռաֆայել Տաթեւը», «Զիգզագը»: Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը, որը խոշոր հարկատուների ցանկում 128-րդն էՙ 234 մլն դրամ վճարած հարկերով, առաջ է անցել «Մուլտի լեոնից», «Վեդի ալկոյից», «Փեթակ» եւ «Հրազդան» տոնավաճառներից, «Վալենսիայից» («Ջրաշխարհ» եւ «Աքվատեկ») եւ ուրիշներից:
Թերեւս այսքանը, չնայած 300 խոշորների ցանկում շատ ավելի հետաքրքրաշարժ ցուցանիշներ կան, որոնք բոլորը հնարավոր չէ ընդգրկել լրագրային հոդվածում: