«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#137, 2009-07-23 | #138, 2009-07-24 | #139, 2009-07-25


ՆՈՐ ԴԵՍՊԱՆ, ՆՈՐ ՀՈՒՅՍԵՐ

Որպես հայ, որպես Ռուսաստանի քաղաքացի միշտ էլ հետաքրքրություն եմ դրսեւորել Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հրապարակային գործունեության հանդեպ: Հիշո՞ւմ եք Վլադիմիր Ստուպիշինին: Հենց իր հրապարակային ակտիվ ելույթներով եւս նա դարձել էր երեւելի դեմք ռուս-հայկական միջպետական հարաբերություններում, շահել մեր ժողովրդի համակրանքը եւ այսօր էլ շարունակում է մնալ նրա ջերմ բարեկամը: Ես չգիտեմ, Մոսկվայում թե Երեւանում ինչպես է գնահատվել դիվանագիտական առաքելությունը նորերս ավարտած դեսպանի, բայց որ նա անհայտ մնաց հայ ժողովրդին, փաստ է: Կարելի՞ էր նրան համեմատել, ասենք, ԱՄՆ-ի ներկայիս դեսպանի հետ, որ դարձել է մեր ազգային հեռուստատեսության քաղաքական «աստղերից» մեկը: Նրան կտեսնես զանազան հանդիպումներում, մամլո ակումբներում, հարցազրույցներ տալիս եւ այլն, ինչը պատիվ է բերում ե՛ւ իրեն, ե՛ւ իր երկրին: Իսկ Ռուսաստանինը...

Կարելի է առարկել, թե դեսպանի աշխատանքի արդյունքը կախված չէ նրա հրապարակային ակտիվությունից: Գուցե, թեեւ դա էլ է կազմում նրա գործունեության բաղկացուցիչ մասը: Վա՞տ է, երբ երեւանցիները ճանաչում են քաղաքի փողոցով ճեմող ամերիկացի դիվանագետին: Գուցե հայերս հանգիստ ընդունենք, օրինակ, Տրինիդադի եւ Տոբագոյի ինքնամփոփ դեսպանի իներտությունը: Բայց հազիվ թե անտարբեր լինենք մեր կարեւորագույն ռազմավարական դաշնակցի դիվանագիտական պատվիրակի նկատմամբ, մի երկրի, որի հետ ունենք քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար եւ շատ այլ լիարժեք փոխադարձ շահեր: Ի վերջո, այս երկրում ապրում է նույնքան հայություն, որքան Հայաստանում:

Շուտով Երեւանում իր գործունեությունը կսկսի Ռուսաստանի նոր դեսպանը: Հուսանք, որ Վրաստանի բուռն իրադարձությունների միջով անցած դիվանագետն ավելի լավ կհասկանա կովկասյան մենթալիտետը, կուսանի իր ամերիկացի գործընկերոջ գործելակերպը եւ չի խուսափի հրապարակային ելույթներից: Օրինակ, նա կարող է իր առաջին հարցազրույցն ունենալ... «Ազգ» թերթի համար: Նախորդից հուսախաբված մեր թերթը հաստատ կընդառաջի նորի բարի ցանկությունը: Էլ չենք ասում, թե դա ինչքա՜ն կբարձրացնի նրա ժողովրդականությունը...

Անպայման կզետեղվի նաեւ նրա լայնաժպիտ մեծադիր լուսանկարը, որ երեւանցիները նրան էլ ճանաչեն փողոցում ճեմելիս:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4