«Ղարաբաղը երբեւիցե չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Հստակ կարծիք եմ ասում: Իհարկե, շահարկումներ են լինում: Ես կողմնակից չեմ շահարկումների: Կարծում եմ, Հայաստանի քաղաքական ուժերը գոնե պիտի կարողանան ոչ թե շահարկումների ճանապարհով անցնեն, այլ հստակ իրենց կարծիքն արտահայտեն», երեկ «Տեսակետ» ակումբում հայտնեց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը :
Լրագրողներն ասացին, թե Լեռնային Ղարաբաղի սահմաններում զինվորականների հետ խոսելիս լսել են նրանց կարծիքը, որ զինվորականները չեն համաձայնի որեւէ տարածք վերադարձնելուն, եւ այդ վերադարձնելու մասին կարծիքները համարում են քաղաքական գործիչների «մուտիլովկաները»:
«Նախ Ղարաբաղի կարգավիճակը: Մնացյալ բոլոր խնդիրները, լուծումները կախված են այդ կարգավիճակից», ասում է Սահակյանը:
Հարցին, թե արդյոք կարգավիճակի դիմաց պե՞տք է տարածք հանձնել, եւ եթե այո, ապա ինչքա՞ն տարածք, Գալուստ Սահակյանը չտվեց ուղիղ պատասխան: «Եթե մենք սկսենք ընկնել այն պրոցեսի մեջ, թե ինչ ենք տալու, ինչ ենք վերցնելու, գլխավոր միտքը կաղավաղենք», եւ կարծում եմ, այն, ինչին սպասում ենք, շատ դժվար լուծումներ կլինեն», ասում է Գալուստ Սահակյանը:
Գալուստ Սահակյանին լրագրողները հարցրինՙ եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, Հայաստանի քաղաքական էլիտայի ներկայացուցիչների որդիները կամավոր կգնա՞ն հայրենիքի համար կռվելու, թե՞ կապավինեն միայն կանոնավոր բանակին: Լրագրողներից մեկն էլ իր հերթին նկատեց, թե արդյոք կամավոր կգնա՞ն, օրինակ, Գալուստ Սահակյանի որդիները:
«Այսօր որ հային էլ հարցնենք, կասիՙ կգնամ պատերազմ: Այն պատերազմը, որ տեղի ունեցավ, աշխարհաքաղաքական այլ պայմաններում էր: Ես հավատում եմ մեր ազգի արյանը, յուրաքանչյուր գյուղացու արյան մեջ այդ ոգին կա», պատասխանեց պատգամավորը:
«Գյուղացիներից կգնան պատերազմ, իսկ Հանրապետականից, «Բարգավաճ Հայաստանից» պաշտոնյաներ կգա՞ն պատերազմ», հաջորդած հարցին Սահակյանը պատասխանեց. «Նման խնդիրները այսօր դնել մի հարթության մեջ եւ փորձել լիրիկական զեղումների գնալ, պետք չէ»:
Վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցած հրազենային միջադեպերի մասին հարց ուղղվեց, թե արդյոք ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանին չի՞ մտահոգում այդ երեւույթը: Հարցը Սահակյանին հետաքրքրում է միայն որպես քաղաքացու եւ որպես այդօրինակ երեւույթներն անթույլատրելի համարող մարդու, բայց որպես ՀՀԿ ղեկավարներից մեկի այդ հարցը նրան չի մտահոգում:
Լրագրողները հիշեցրին, որ այդ հրազենային միջադեպերի «հերոսները» կամ նրանց հովանավորները սերտ կապ ունեն հենց ՀՀԿ-ի հետ:
«Հայաստանի Հանրապետության Յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն էՙ որտեղ դիմում կգրի եւ որ կուսակցության շարքերը կանցնի: Իսկ զտման պրոցեսներ, կուսակցությունն իր կանոնադրությանը հատուկ այդ շրջանակներում կարողանում է հնարավորինս ձերբազատվել, եթե նման մարդիկ կան, որոնք գաղափարապես թույլ են կամ ավելի հակված են հանցագործության: Բնականաբար այդ զտումը անընդհատ կատարվում է», ասում է Գալուստ Սահակյանը:
Ն. Մ.