«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#137, 2009-07-23 | #138, 2009-07-24 | #139, 2009-07-25


ԱՐՓԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ. ԼՂ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԱՌԱՋՆԱՅԻՆ Է

Պետք է ապահովել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը եւ ղարաբաղյան հարցի կարեւորման բանակցություններում ԼՂ մասնակցությունը: Երեկ «Տեսակետ» ակումբում այս մասին կրկին հայտարարեց Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի գրասենյակների տնօրեն Արփի Վարդանյանը :

Նա հիշեցրեց նախորդ օրը հրապարակված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի առնչությամբ իրենց հայտարարությունը, որի համաձայնՙ Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) կրկին հաստատում է իր դիրքորոշումն այն հարցում, որ ղարաբաղյան հակամարտության առնչությամբ յուրաքանչյուր որոշում պետք է ընդունելի լինի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար:

«Ղարաբաղյան հակամարտության խնդիրը բարդ է եւ ժամանակ է պահանջում բոլոր կողմերի, առաջին հերթին ԼՂՀ ժողովրդի համար ընդունելի որոշման ձեռքբերման նպատակով», նշվում է հայտարարության մեջ:

ԱՀՀ-ն հիշեցնում է բանակցային գործընթացում Հայաստանի հայտարարությունը, որ համաձայնագիր չի կարող ձեռք բերվել առանց Լեռնային Ղարաբաղի ղեկավարության եւ ժողովրդի համաձայնության: «Մենք լիովին հավանություն ենք տալիս այդ մոտեցմանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ անում հնարավորինս շուտ ապահովել Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը բանակցային գործընթացին»:

Համագումարը նաեւ ԱՄՆ-ին կոչ է արել կատարել Բարաք Օբամայի նախընտրական խոստումը. ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն եւ երկարատեւ կարգավորման ձեռքբերման ուղղությամբ: Ընդ որում, Ամերիկայի հայկական համագումարն ընդգծում է, որ այդ որոշումը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար` հիմնված լինելով ժողովրդավարության եւ ինքնորոշման սկզբունքների վրա:

«Մենք Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահներին, Մինսկի խմբի համանախագահներին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ռազմատենչ հռետորիկայի դեմ: Նոր պատերազմը ոչ միայն կձախողի խաղաղ գործընթացը, այլեւ կհանգեցնի Հարավային Կովկասում իրադրության ապակայունացմանը», նշված է ԱՀՀ հայտարարության մեջ:

Արփի Վարդանյանը երեկ նշեց, որ համագումարը կարեւորում է նաեւ հասարակության մեջ տարբեր քննարկումներն ու հնչող գնահատականները, ընդգծմամբ, որ ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցություններն այլընտրանք չունեն որպես հակամարտության լուծում: Ինչ վերաբերում է մադրիդյան սկզբունքների գաղտնազերծման գնահատականներին, ապա այդ առնչությամբ Արփի Վարդանյանի մեկնաբանությունն այն է, որ արդեն իսկ հրապարակման մոտեցումները վերջնական չեն ու միայն կարեւոր է, որ դրանցով են շարունակվում բանակցությունները:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4