«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#137, 2009-07-23 | #138, 2009-07-24 | #139, 2009-07-25


ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸՙ ՆՐԱ ԺԱՄԱՆԱԿԻ ԳԵՂԱ-ՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ԿՐՈՂ

Սարգիս Մուրադյանի ստեղծագործությունը արտացոլքն ու կրողն է նրա ժամանակի գեղանկարչության զարգացումների, միաժամանակ ազգային մտածողության է ու կենսունակ տարբեր ժամանակներում: Հիմնականում խորհրդային տարիներին ստեղծագործած նկարիչը կարողացել է մեկտեղել ազգային մտածողությունն իր ազատությամբ ու խորհրդային գեղանկարչության զարգացումները: Այսօր կա խորհրդային տարիների գեղանկարչական հարուստ շերտի վերանայման ու վերագնահատման, այդ թվում եւ Հայաստանի ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանի ստեղծագործական ժառանգությունը:

Այս մասին խոսելու առիթ դարձավ երեկ Ազգային պատկերասրահում նկարչի ընտանիքի միջոցներով հրատարակված «Սարգիս Մուրադյան» գիրք-ալբոմի շնորհանդեսը, որը մեկտեղել էր Սարգիս Մուրադյանի ժամանակակիցներին ու բազում երիտասարդների: Շնորհանդեսի մասնակիցները հնարավորություն ունեցան պատանի երաժիշտների կատարումներ ունկնդրել ու նկարչի Ճամփորդական էտյուդների ցուցահանդեսը դիտել:

Ալբոմն ամփոփումն է Հայաստանի ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանի (1927-2007) ստեղծագործական ուղու: Այն ընդգրկում է 1952-ից մինչեւ 2003 թվականը ներառող 76 գեղանկարչական, 17 գրաֆիկական աշխատանքների եւ Պարույր Սեւակի տուն-թանգարանի (Չանախչի) պատը զարդարող մեծադիր որմնանկարի (2-3 x 22 մ) որակյալ լուսանկարները, Լիլիթ Սարգսյանի հեղինակած ներածական հոդվածը` հայերեն եւ անգլերեն լեզուներով, լուսանկարների ցանկը եւ կյանքի տարեգրությունը` նույնպես երկու լեզուներով, ինչպես նաեւ նկարչի ստեղծագործությանը նվիրված հրապարակումների համառոտ մատենագիտություն: Գրքի մակետի եւ ձեւավորման հեղինակն է Վահան Քոչարը, իսկ տպագրվել է «Անտարես» հրատարակչությունում: Ալբոմը կազմել են Գոհար եւ Զարուհի Մուրադյանները:

Սարգիս Մուրադյանը ծնվել է 1927 թվականին Երեւանում: 1951-ին ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, 3 տարի անցՙ դարձել Հայաստանի նկարիչների միության անդամ: Նկարչի հարուստ կենսագրությունը ձեւավորվել է ոչ միայն ստեղծագործական ուղու հղկմամբ, այլեւ նշանակալի կազմակերպչական գործունեությամբՙ 1964-68 թվականներին նա եղել է Հայաստանի գեղարվեստական խորհրդի նախագահը, 1982-87 թվականներինՙ Նկարիչների միության նախագահը: ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր էր 1985-90 թվականներին, դրան հաջորդած 5 տարիներին էլ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր: Երկար տարիներ դասավանդել է Երեւանի գեղարվեստի ակադեմիայում:

Սարգիս Մուրադյանի ստեղծագործությունը մեծապես կապված է եղել հայրենիքի ու հայության խնդիրների հետՙ 1956 թվականին հեղինակած «Վերջին գիշեր. Կոմիտաս» գործը լայն ճանաչման է արժանացրել նկարչին: Յուրաքանչյուր ոճի դիմելիս Մուրադյանը կարողացել է պահպանել ազգային մտածողությունը:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4