Առանց մեկնաբանության, թարգմանաբար ստորեւ ներկայացնում ենք Բակինգեմշիրից (Միացյալ թագավորություն) Օդեթ Բազիլիՙ խմբագրությանն ուղղված նամակը:
«Ամեն օր տարբեր թերթերի մեջ ներկայացնում են մեր երկրի եւ Ադրբեջանի ու Թուրքիայի առաջնորդների միջեւ կայացած բանակցությունների բազմապիսի տարբերակներ, որոնցից շատերի բովանդակությունը հետագայում ժխտում են բանակցությունների մասնակիցները: Ամեն օր խոսվում է մադրիդյան սկզբունքների մասին, լրագրողները հավանություն են տալիս դրանց կամ դժգոհում, սակայն ոչ ոք հստակ չի նշում, թե իրականում որոնք են այդ սկզբունքները: Խոսվում է նաեւ ճանապարհային քարտեզի մասին, բայց ոչ ոք չի տեսել այդ քարտեզը եւ չի կարող նկարագրել որտե՞ղ է ճշմարտությունը:
Հայկական մամուլը սոսկ ասեկոսենե՞ր է տպագրում, թե՞ զբաղված է լուրջ լրագրությամբ: Հարցազրույցներ են վերցվում քաղաքագետներից, գիտնականներից, դերասաններից, վերլուծաբաններից, նույնիսկ դասատուներից, եւ նրանց կարծիքներն ամեն օր ամենայն մանրամասնությամբ ներկայացվում են ընթերցողներին, սակայն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տեսակետներն այդ հարցերի վերաբերյալ հայտնի չեն ոչ Հայաստանի բնակիչներին, ոչ էլ սփյուռքի իրենց հայրենակիցներին:
Նորին սուրբ օծությունը մեր բոլորի հոգեւոր առաջնորդն է, մեր կայունության, պաշտպանվածության եւ մեր շարունակականության սրբազան օրրանի ներկայացուցիչը, որի մխիթարական ու հանգստացնող խոսքերին մենք կարիք ունենք ամեն օր, թե՛ խաղաղ ժամանակներում եւ թե՛ առավել եւս պատերազմի, հուսահատության եւ աղետի ժամանակներում: Հայաստանի համար այս վճռորոշ օրերին ընդունված որոշումները աներկբայորեն ազդելու են բոլորիս վրաՙ հայրենիքում թե սփյուռքում:
Մենք ցանկանում ենք իրազեկ լինել:
Ասեք մեզ, խնդրում եմ, ճշմարտությունը»: