«Ժառանգությունից» Ստեփան Սաֆարյանը ընդամենը մի քանի ամիս է, ինչ ՆԱՏՕ-ում հայաստանյան պատվիրակության անդամ է եւ աշխատում է այդ կառույցում` փոխարինելով Րաֆֆի Հովհաննիսյանին:
Երեկ «Հայելի» ակումբում հյուրընկալված Ստեփան Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ ՆԱՏՕ-ի ներգրավվածություն կովկասյան որեւէ հակամարտությունում չի լինի: ՆԱՏՕ-ն ինքն է խուսափում դրանից, կարծում է Ստեփան Սաֆարյանը` վկայակոչելով ռուս-վրացական հակամարտությունը, նշելով, որ ցանկության դեպքում ՆԱՏՕ-ն վաղուց կխառնվեր այդ խնդրին: Ըստ Ստյոպա Սաֆարյանի` ակնհայտ է ՆԱՏՕ-ի զգուշավորությունը այս տարածաշրջանում ներգրավվածության առումով, բայց մեկ այլ հարց է քաղաքական ներգրավվածությունը. «ՆԱՏՕ-ի պարագայում մենք կտրականապես դեմ ենք ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությանը, եւ ոչ միայն ՆԱՏՕ-ի, այլեւ ցանկացած խաղաղապահ առաքելության, եթե այդ խնդիրը կիսալուծումներ է ստանալու: Դատելով այսօր ղարաբաղյան խնդրի կարգավորման հրապարակված սկզբունքների բովանդակությունից` ՀՀ իշխանությունները համաձայն են խնդրի կիսատ լուծմանը, եւ այս իրավիճակներում, երբ խնդիրը չի դրվում հստակ, բնականաբար ոչինչ չի մնում, քան համաձայն լինել ինչ-ինչ խաղաղապահ ուժերի ներկայությանը` լինի ՀԱՊԿ, լինի ՆԱՏՕ...»:
Ակումբի մյուս հյուրը` հանրապետական պատգամավոր Կարեն Ավագյանը, հայտարարեց, թե ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունները գործընկերային ծրագրի շրջանակներում են եւ նպատակը մեր պաշտպանությունն ու անվտանգությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելն է: «Կոնկրետ ղարաբաղյան հարցով իրենք որեւէ հայտարարություն չեն արել, ուղղակի նրանք կողմ են Մինսկի խմբի հայտարարություններին ու սկզբունքներին: Այսինքնՙ այդ հարցը իրենք թողել են Մինսկի խմբին: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին` այսօր նա բավականին մեծ մարտահրավերներ ունի եւ կանգնած է շատ հարցերի առաջ»:
Ստեփան Սաֆարյանը նկատեց, որ ՆԱՏՕ-ն շատ լավ դաշտ է միջազգային կարծիք ձեւավորելու համար այնպես, ինչպես Ադրբեջանն է անում` այդ ամբիոնն օգտագործելով ԼՂ հարցով միջազգային կարծիք ձեւավորելու համար: «Ժառանգության» պատգամավորը նշում է, թե իշխանությունների վերաբերմունքը ՆԱՏՕ-ի նկատմամբ պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ, մինչդեռ իրենց կուսակցության մոտեցումը եվրատլանտյան այս դաշինքի նկատմամբ պայմանավորված է սկզբունքայնությամբ:
2 պատգամավորների միջեւ վեճ առաջացավ, Կարեն Ավագյանը գործընկերոջը հանդիմանեց, թե ՆԱՏՕ-ն ԵԽԽՎ-ից տարբերվում է նրանով, որ այնտեղ, բարեբախտաբար, հնարավոր չէ ստորագրություններ հավաքել:
Ապա Ստեփան Սաֆարյանը գնահատական տվեց Գալուստ Սահակյանի մի հայտարարությանըՙ ասելով, որ Գալուստ Սահակյանը ստել է. «Ստոր, անամոթ սուտ: Կեղտոտ սուտ: Այսքանը»:
Գալուստ Սահակյանն ասել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը 1992 թվականին ստորագրել է ԵԱՀԽ նախարարների կոմիտեի մի որոշում, որով փաստվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Ստեփան Սաֆարյանը «Հայելի» ակումբ էր բերել ԵԱՀԽ նախարարների կոմիտեի 1992 թվականի որոշումը, որտեղ, ըստ նրա, որեւէ խոսք չկաՙ ինչի մասին խոսում է Գալուստ Սահակյանը: Ստեփան Սաֆարյանը նշեց, թե դա նշանակում է, որ կամ Գալուստ Սահակյանը խոսում է մի բանից, որ տեղյակ չէ, կամ ԵԱՀԽ փաստաթղթերի մի մասը գաղտնի պահվում է Գալուստ Սահակյանի տանը, կամ նա միտումնավոր զրպարտել է Րաֆֆի Հովհաննիսյանին: Ստեփան Սաֆարյանը հակված է երրորդ տարբերակին, այսինքնՙ զրպարտության վարկածին:
Նա ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ինքը ելույթով կամ հոդվածով կպատասխանի Գալուստ Սահակյանի այդ հայտարարությանը: Իսկ «Հայելի» ակումբում Գալուստ Սահակյանի փոխարեն ստիպված էր պատասխանել նրա կուսակից Կարեն Ավագյանը: Նա նշեց, որ Գալուստ Սահակյանը չի ստել եւ չի զրպարտել, իսկ Ստեփան Սաֆարյանին էլ ասաց, թե նա այն մարդը չէ, որ իրավունք ունենա գնահատական տալու Գալուստ Սահակյանին. «Ստորության եւ անամոթության մասին դուք ընդհանրապես իրավունք չունեիք խոսելու»:
Ն. Մ.