«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2009-07-24 | #139, 2009-07-25 | #140, 2009-07-28


ԱՉՔԻ ԾԻԱԾԱՆԱՓԱՅԼ ԹԱՂԱՆԹ` ՄԱՐՄՆԻ ՊԱՏՈՒՀԱՆԸ

Ժողովրդական, ավանդական, ոչ ավանդական, լրացուցիչ, այլընտրանքային, բնաբուժական. էլ ինչ անուն ասես չեն տալիս բժշկության, ախտորոշման եւ վերականգնման շուրջ 140 այն տեսակներին, որ ոչ թե մասնագետ բժիշկները, այլ դեղաբույսերից, կենդանիներից, տիեզերքից ու բնությունից հասկացող մարդիկ են ձեւավորել: Կյանքը ցույց է տալիս, որ ինչպես էլ կոչենք ու որակենք` ժողովրդական, ավանդական, այլընտրանքային, թե` բոլորը միասին, նրա հետեւորդների բանակն օրեցօր աճում է: Ժամանակը դրել է իր կնիքը եւ ոչ ավանդական կամ այլընտրանքային բժշկությունը ձեռք է բերել «ժամանակակից» տարբերակներ. արտթերապիա` երաժշտության, պարի, գեղանկարչության ու քանդակի միջոցով, գունային, հոտային, աշխատանքի եւ հեքիաթների թերապիաներ, խաղային թերապիա...

30-ից ավելի տարիների փորձառության ավանդական բժիշկ` ասեղնաբույժ եւ մանուալ թերապեւտ Մկրտիչ Ավագյանն (Առողջապահության ազգային ինստիտուտի ուսումնական գծով փոխտնօրեն, ավանդական եւ այլընտրանքային բժշկության ամբիոնի վարիչ) այդ հետաքրքրությունն անվանեց «անհասկանալի»: «Եթե հասկանալի է, որ աֆրիկյան ու ասիական շատ երկրների հեռավոր ու աղքատիկ գյուղերի բնակիչները զրկված են ժամանակակից բժշկության դեղորայքային հնարավորություններից անհասանելիության եւ դեղերի թանկության պատճառով եւ ուզած-չուզած ինքնաբուժությամբ կամ ժողովրդական բժշկությամբ են դարմանում իրենց, ապա անհասկանալի է զարգացած երկրների բնակչության հետաքրքրության նման աճը: Բժշկության նման ահռելի զարգացման պայմաններում իսկապես անհասկանալի է, թե ինչու գրեթե յուրաքանչյուր երկրորդ ամերիկացին կամ յուրաքանչյուր երրորդ ֆրանսիացին ինչ-որ մի ժամանակ դիմում է ժողովրդական, ավանդական եւ այլընտրանքային բժշկական ծառայություններին»: Այս թվերը Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրությունից են (2002 թ.): Հզորագույն այս կազմակերպությունը 2008 թվականի նոյեմբեր ամսին հավաքեց այլընտրանքային բժշկության աշխարհի մասնագետներինՙ որոշելու բժշկության այս տեսակի հետագա զարգացման ուղին: Մինչ միջազգային հավաքն արդյունավորվի կոնկրետ աշխատանքներով, փաստենք, որ ժողովրդական, ավանդական եւ այլընտրանքային բժշկությամբ զբաղվում են հեքիմները, կախարդներն ու սնըխչիները եւ վերջում միայն` բժիշկները: Ու եթե հիմնական բժշկության հետեւորդ, մասնագետ բժիշկը փորձում է հիվանդությունը բուժել մասնագիտական գիտելիքների իմացության եւ տրամաբանության սահմաններում, սնըխչին ու հեքիմը պատրաստ են ե՛ւ աղոթքի զորությամբ, ե՛ւ մոմ թափելով, ե՛ւ ներշնչանքով հասնել անհավատալի արդյունքների:

Գանք համեմատության ֆինանսական կողմին: Նույն ԱՀԿ-ի 2005 թվականի տվյալներովՙ ժողովրդական, ավանդական եւ այլընտրանքային բժշկության ծառայությունների շուկայական շրջանառությունը միայն ԱՄՆ-ում մեկ տարում գնահատվել է 27 միլիարդ դոլար: 2002-ին դեղերի 400 միլիարդ արժողության շուկայական շրջանառությունից 60 միլիարդը բաժին է ընկել ժողովրդական, ավանդական եւ այլընտրանքային դեղամիջոցներին: Համաձայնեք, շատ չէ, բայց քիչ էլ չէ: Այդ է պատճառը, որ մասնագետները, նաեւ` ԱՀԿ-ը, հեգնանքը փոխարինեցին ուշադրությամբ եւ, մինչ դուք կարդում եք այս հոդվածը, այլընտրանքային բժշկության համաշխարհային ռազմավարություն են մշակում: Անկեղծ ասած, նրանք կարող են խճճվել, քանի որ հարուստ ժառանգություն ունեն` յոգա, ռեֆլեքսոթերապիա, ասեղնաբուժություն, մերսում, հոմեոպաթիա, ախտորոշում ականջի խեցու, զարկերակի, ինչպես նաեւ աչքի ծիածանափայլ թաղանթի միջոցով եւ այլն ...

Հայկական ավանդական բժշկության ձեռքբերումներն են անօրգանական նյութերից ցեխաբուժությունը` հայտնի bolus armena-ով, նարեկաբուժությունը, մեղվաբուժությունը, տզրուկաբուժությունը...

Բայց, ի՞նչ բժշկության մասին կարող ենք խոսել, եթե այն չունի ուրույն ախտորոշման եւ վերականգնողական ծառայություններ: Այսինքնՙ գոյություն ունի ոչ միայն ժողովրդական, ավանդական եւ այլընտրանքային բժշկության 140 տեսակ իր վեց խոշոր բաժանումներով եւ բազմաթիվ դասակարգումներով, այլեւ առնվազն դրա կեսի չափ ախտորոշող եւ վերականգնողական եղանակ: Խոսենք մեկի` իրիդոդիագնոստիկայի կամ հայերեն` աչքի ծիածանափայլ թաղանթի միջոցով նախնական ախտորոշման մասին:

***

«Ձեր հաստ աղու հատվածում փոփոխություններ կան, իսկ միզուղիներդ լավ են գործում, լավ է... Ձեր սիրտն էլ անպայման թող ստուգեն: Գիրանալու ժառանգական հակվածություն կա, զգուշացեք, կարող է լյարդը վնասվի»: Սա հատված է իրիդոախտորոշման խորհրդատվությունից, որից այցելուն կարող է հստակ կողմորոշվել, թե բժշկական սենյակներից որի՞ դուռը հատկապես պետք է թակի: Հանուն այս` հիմնականում 100 տոկոսանոց ճշգրտության ախտորոշման, նա պետք է առանց լարվածության, անշարժ նստի աչքի ծիածանափայլ թաղանթը խոշորացնող սարքի առջեւ 10-20 րոպե եւ ընդամենը լայն բացի աչքերը: Դիագնոստն ամենայն հավանականությամբ կարդարացնի նրա հույսերը եւ կկարդա այն, ինչ գրված է նրա աչքերում: Միայն թե այցելուն ռոմանտիկ քիչ բան կլսի:

***

«Միկրոհամակարգ» է կոչվում մարդու մարմնի այն հատվածը, որը պարունակում է ողջ մարմնի ինֆորմացիան: Այդպիսին է, ասենք, մեր ականջի խեցին, որի վրա կա 200 կետ եւ, իհարկե, աչքի ծիածանափայլ թաղանթը, մանրամասնում է Մկրտիչ Ավագյանը: Դրանք մեր մարմնի տարբեր մասերի մասին ինֆորմացիա են պարունակում»:

Հնագույն ժամանակներում հովիվներն իրենց ոչխարների, կովերի ու ձիերի աչքերին նայելով մոտավորապես որոշում էին կենդանու անհանգստության պատճառը: Իսկ ինչո՞վ էր հիվանդ մարդը նրանցից պակաս ...

Որպեսզի ախտաբանական հետազոտման այս խիստ օգտակար ձեւը չկորչի սերունդների համար, խելոքները քարանձավի պատերին նկարել են աչքն ու նշել մարդու մարմնի հատվածները «պրոյեկտող» կետերը: Դրա համար, իհարկե, խորին շնորհակալություն Փոքր Ասիայի իմաստուն բնակիչներին: Իրիդոախտորոշման մասին մանրամասների փոխանցման գործում երախտիք ունեն նաեւ Հիպոկրատն ու Ֆիլոստրատը: Մեր երախտիքները նաեւ նրանց, քանի որ նրանց աչքի տեսածը շատերի երեւակայությանն անգամ անհավանական կթվա նույնիսկ մեր օրերում:

Իրիդոախտորոշումն առավել հստակ է պարզաբանում օրգանիզմի հակվածությունը այս կամ այն հիվանդությանը, հրաշալի արդյունավետությամբ հուշում է սակավարյունության պատճառները, հիպերտոնիկի կամ շաքարային հիվանդություն ունեցողի սրտի, ուղեղի, երիկամների, լյարդի բարդությունների բնույթն ու ծանրությունը: Մասնագետները հավաստում են, որ իրիդոախտորոշման «շնորհն» է պաթոլոգիկ պրոցեսից առաջ` առանց ախտանշանների ընթացքի ժամանակ ցուցադրել հիվանդությունը, մինչդեռ սովորական ախտորոշիչ եղանակները զուրկ են նման «զգայականությունից»: Հատկապես երեխաների համար պակաս կարեւոր հանգամանք չէ, որ հետազոտման այս եղանակն անցավ է եւ հնարավոր է իրականացնել ամեն պահի: Ճիշտ է, իրիդոախտորոշումը չի կարող անոթային ճնշման պատճառը կամ շաքարի ու էրիթրոցիտների քանակը ցուցադրել, բայց այլ հիվանդությունների կանխարգելման կամ ախտորոշման նպատակով այն կարելի է հաճախ կրկնել` վստահ լինելով, որ ախտորոշման այս եղանակը բացասական հնարավոր հետեւանքներ չունի:

«Նախնական ախտորոշման այս եղանակը կօգնի տարանջատել ռիսկային խմբերը, ասենք, 1000-ավոր մարդկանց շրջանում ըստ տարիքի հայտնաբերել հնարավոր կամ առկա ճիճվակրության տոկոսը, տարբեր հիվանդությունների հակվածությունը, թույլ իմունիտետի կանխորոշումը եւ այլն», ասում է Մկրտիչ Ավագյանը: Նա նաեւ ափսոսանք է հայտնում, որ իրիդոախտորոշումը հազարամյակների պատմություն ունենալով հանդերձ, դեռ մինչեւ վերջ ուսումնասիրված չէ: Մկրտիչ Ավագյանը հաստատում է, որ իրիդոախտորոշումը կարող է ոչ միայն հիվանդությունը կանխորոշել, այլեւ կյանքի տեւողությունը հայտնել:

Դիագնոստիկ այս եղանակով տարբեր զարգացած երկրների (Մեծ Բրիտանիա, ԱՄՆ) ռազմական բազաների դպրոցներում կենսաչափական անձնագրեր են սարքում աշխատակիցների իսկությունն ու անհատական անցաթուղթն ապահովելու համար, քանի որ ավելի յուրահատուկ բան, քան աչքն է, մարդը կարծես թե չունի:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4