«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2009-07-24 | #139, 2009-07-25 | #140, 2009-07-28


«ԱՐԱՐԱՏԸ» ՁԵՌՔԻՑ ԲԱՑ ԹՈՂԵՑ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Երեք հանդիպումներով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 3-րդ շրջանը: 15-րդ տուրի «Փյունիկ»-«Բանանց» մրցախաղը հետաձգվել է եւ կկայանա օգոստոսի 19-ին:

Առավել մեծ հետաքրքրություն էր ներկայացնում Գյումրիում կայանալիք «Շիրակ»-«Արարատ» հանդիպումը: Ինչպես տեղեկացրել ենք, առաջնությունում հայտարարված ընդմիջման ժամանակ «Արարատի» կազմը զգալի փոփոխության է ենթարկվել եւ կարելի է փաստել, որ նոր թիմ է ձեւավորվում: Համենայն դեպս, «Շիրակի» հետ «Արարատի» մեկնարկային կազմում խաղադաշտ էին դուրս եկել միանգամից 6 նորեկներ, որոնցից 4-ը լեգեոնականներ էին: Թիմի նախկին ֆուտբոլիստներից խաղում էին դարպասապահ Գեւորգ Պրազյանը, Գեորգի Կրասովսկին, Արտակ Գրիգորյանը, Արթուր Մինասյանն ու Արթուր Պետրոսյանը:

Արարատցիները հաջող սկսեցին հանդիպումը եւ արդեն 21-րդ րոպեին Արտակ Գրիգորյանի հարվածից հետո բացեցին հաշիվը: Բավական ժամանակ գյումրեցիներին չէր հաջողվում վերականգնել հավասարակշռությունը: Միայն 71-րդ րոպեին Տիգրան Դավթյանին վերջապես հաջողվեց գրավել «Արարատի» դարպասը: Մեկ րոպե անց դաշտից հեռացվեց արարատցի Կարեն Ավոյանը: Սակայն մնալով 10 հոգով, «Արարատը» քիչ անց կրկին հաշվի մեջ առաջ անցավ: Աչքի ընկավ թիմի նորեկ Վալերի Ցիգանենկոն:

Խաղավարտից չորս րոպե առաջ 2-րդ դեղին քարտը ցույց տալով Արտակ Գրիգորյանին, մրցավար Վահան Մինասյանը դաշտից հեռացրեց եւս մեկ արարատցու: Շիրակցիներին հաջողվեց իրացնել 2 ֆուտբոլիստների առավելությունը: Ավելացված ժամանակում իր թիմին պարտությունից փրկեց Կարեն Խաչատրյանը: Այսպիսով, «Արարատը» ձեռքից բաց թողեց անդրանիկ հաղթանակը տոնելու հիանալի հնարավորությունը:

Արդյունավետ խաղով աչքի է ընկնում «Ուլիսը», որը 2-րդ անընդմեջ հանդիպումն է շահում խոշոր հաշվով: Նախորդ տուրում ուլիսցիները 3-0 հաշվով հաղթել էին «Արարատին», այս անգամ նույնպիսի արդյունք գրանցվեց «Կիլիկիայի» հետ մրցավեճում: Կրկին աչքի ընկան թիմի գլխավոր ռմբարկուներ Արթուր Քոչարյանն ու Արտյոմ Ադամյանը: Քոչարյանը բացեց հաշիվը, իսկ հետո 2 անգամ մրցակցի դարպասը գրավեց Արտյոմ Ադամյանը (վերջինըՙ 11 մ հարվածով): Նրա առաջին գոլը շատ տպավորիչ էր: Արտյոմը գնդակն ընդունելով մրցակցի տուգանային հրապարակում, շրջադարձ գեղեցիկ հարվածով դարձավ գոլի հեղինակ:

«Գանձասարը» Կապանում հյուրընկալել էր «Միկային»: Եվրոգավաթի խաղարկությունում «Բրեդայից» կրած խայտառակ պարտությունից հետո կապանցիներն այս խաղում պետք է փորձեին վերականգնել իրենց սասանված հեղինակությունը:

«Գանձասարին» դա հաջողվեց: Դաշտի տերերը հաղթեցին 3-1 հաշվով: Հաշիվը բացեց «Միկայի» պաշտպան Գեւորգ Պողոսյանը` գնդակն ուղարկելով սեփական դարպասը: Կապանցիներից մյուս գոլերը խփեցին Վիրգին Մարշավելան ու Միխեիլ Սիմոնյանը: «Միկայից» միակ գոլը գրանցվեց Արա Հակոբյանի օգտին: Նշենք, որ 40-րդ րոպեին դաշտից հեռացվել էր Աղվան Մկրտչյանը եւ «Միկան» խաղում էր 10 հոգով: 3-0 հաշվի ժամանակ «Միկայի» հարձակվող Արամ Ոսկանյանը չիրացրեց 11մ հարվածը:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Փյունիկ14104030-634
2. Միկա15102327-1732
3. Ուլիս1592425-1129
4. Բանանց1490525-1627
5. Գանձասար1562713-2120
6. Շիրակ1535715-2814
7. Կիլիկիա15311112-2610
8. Արարատ1502135-272

Ռմբարկուները

Հենրիխ Մխիթարյան«Փյունիկ»11
Բոտի Դեմել«Միկա»9
Արթուր Քոչարյան«Ուլիս»8
Արամ Ոսկանյան«Միկա»7
Անդրանիկ Բարիկյան«Շիրակ»7
Արտյոմ Ադամյան«Ուլիս»6

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4