Ասում է Գալուստ Սահակյանը
«Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի բաց նամակում Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը որակվում է «ստախոս, զրպարտիչ...»:
«Ազգը» ցանկացավ տեղեկանալ պրն Սահակյանի հակազդեցությանը, եւ ահա թե ինչ ասաց նա. «Ես երբեք չեմ հայհոյում, իսկ եթե հայհոյում եմՙ միայն տղամարդավարի: Չեմ պատասխանում Ր. Հովհաննիսյանին, ներկայացնում եմ փաստերը:
1992-ի փետրվարի 28-ին ԵԱՀԿ ավագ պաշտոնյաների կոմիտեն բոլոր ԵԱՀԿ անդամ երկրների ներկայացուցիչների, այդ թվումՙ Հայաստանի ներկայացուցչի համաձայնությամբ (կոնսենսուսով) ընդունեց առաջին միջազգային փաստաթուղթը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Այդ փաստաթղթում տեղ են գտել հետեւյալ ձեւակերպումները.
«Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի տարածք»:
«Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններ, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի տեղական իշխանություններ»:
«Հարգել բոլոր սահմանների անձեռնմխելիությունը, լինեն դրանք ներքին կամ արտաքին»:
Այդ ձեւակերպումները միանշանակ վկայում են, որ 1991-ի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով անկախացած, դրանից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրված պառլամենտի կողմից 1992-ի հունվարին աշխարհի բոլոր պետություններին, այդ թվումՙ Հայաստանի Հանրապետությանն իր անկախությունը ճանաչելու հայտարարությամբ դիմած ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ավագ պաշտոնյաների փաստաթղթով դիտարկվում էր որպես Ադրբեջանի տարածք, իսկ հարցի կարգավորումըՙ Լեռնային Ղարաբաղը պահպանելով-վերադարձնելով Ադրբեջանի կազմ:
1992-ի մարտի 14-ին ավագ պաշտոնյաների կոմիտեի նիստը կրկին բոլոր մասնակիցների, այդ թվումՙ Հայաստանի ներկայացուցչի համաձայնությամբ վերահաստատեց իր նախորդՙ 1992-ի փետրվարի 28-ի որոշումը:
1992-ի մարտի 24-ին Հելսինկիում կայացավ ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպումը, որտեղ Հայաստանը ներկայացնում էր արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը: Հանդիպման արդյունքում կոնսենսուսով նախարարները եկան մի շարք եզրակացությունների, այդ թվում. «Նախարարները իրականացրին ԵԱՀԿ շրջանակներում ընթացիկ գործունեության դիտարկում եւ ամբողջապես հավանություն տվեցին ավագ պաշտոնյաների կոմիտեի ընդունած որոշումներին»:
Դրանով իսկ ՀՀ այն ժամանակվա արտգործնախարարը, ինչպես եւ իրեն ենթակա պաշտոնյան համաձայնել են, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է եւ հարցի կարգավորումը ենթադրում է ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերադարձը Ադրբեջանի կազմ:
Այնուհետեւ պրն Սահակյանը նշելով այլ փաստեր, ամփոփում է, որ «1992 թվականի սկզբներին Ր. Հովհաննիսյանը եւ իր ղեկավարած արտաքին գործերի նախարարությունն ակտիվորեն իրականացնում էին «Ղարաբաղը Ադրբեջանի կազմում» Հայաստանի այն ժամանակվա իշխանությունների քաղաքականությունը»:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ