32 ակումբում տեղի ունենալիք մենահամերգից առաջ լրագրողների հետ հանդիպել էր «Էմփիրեյ» խմբի մենակատար Սարգիս Մանուկյանը : Սովորական ասուլիսը, սակայն դարձավ ոչ միայն ռոքի խնդիրները ներկայացնելու, այլեւ սեփական մտքերը բարձրաձայնելու հնարավորություն:
Հայաստանը յոլաստա՞ն
Հարմարվողականությունը բերում է փակուղու եւ ստեղծագործական անկման: Հայաստանն այսօր կարելի է յոլաստան անվանել: Երաժշտության համար այսօր դաշտ չկա: Հայաստանում երաժիշտները կայանալու խնդիր ունեն: Սակայն ամենուր մարդիկ յոլա են գնում: Իսկ յոլայի մեղավորը հասարակությունն է:
Ակումբներում ելույթ չենք ունենում, քանի որ պարզ պայմաններ չկան: Գուցե նոր խմբերի համար ակումբները կարող են հարթակ լինել, բայց 15 տարվա պատմություն ունեցող մեր խմբի համար ակումբներն այսօր ելույթի համար անհրաժեշտ պայմանները չեն ապահովում: Հարմար չէ, երբ երգելու ժամանակ ձեռքդ կպչում է որեւէ մեկի գարեջրի շշին: Ակումբ կա, որ բեմ չունի: 32 ակումբում կայանալիք համերգն ակումբների հետ համագործակցության մեր առաջին փորձն է: Նրանք լավ տեխնիկա եւ պայմաններ են առաջարկել, իսկ մենք շատ բծախնդիր ենք: Ակումբներն իրականում անհրաժեշտ են, ամբողջ աշխարհում ակումբներն են, որ երաժիշտներին ստիպում են տեմպի մեջ մնալ:
Մենք մեր ներսից հրաման ունեինք
Կան մարդիկ, ովքեր կենդանի երգելու համար հրամանագրերի կարիք ունեն: Երգիչ կա, որ տասը տարի երգելուց հետո, որոշել է գնալ վոկալի դասերի: Երբ 15 տարի առաջ ձեւավորվեց «Էմփիրեյ» խումբը, մենք որեւէ հրամանագիր չունեինք, մենք մեր ներսից հրաման ունեինք` չխաբել հանդիսատեսին: Հավաքական համերգներին չենք մասնակցում: Մեզ կոմերցիոն չեն համարում, մենք էլ չենք երգի պլյուսի կամ մինուսի տակ: Նման արտահայտություններ, ի դեպ, միայն Հայաստանում կան: Կրթվածության եւ ճաշակի պակասն է համատարած ռաբիսության պատճառը:
Հայերենը ռոքի լեզու չէ՞
Մինչեւ 2002 թվականը միայն անգլերենով էինք երգում, 2003 թվականից որոշեցինք, որ ռոքը պետք է հայերենով ներկայացնենք: Ոսկե միջինը Գիսանե Պալյանի տաղանդի շնորհիվ ձեւավորվեց: Բառային պրոբլեմ չունենք, փորձում ենք ճիշտ լուծումներ գտնել: Ռոքը Հայաստանում իր ծախսերը չի փակում, բայց մեր «դուխի» հաշվին ռոքը պահում ենք: Մենք դեմ ենք տրեխավոր արվեստին: Ազգային ինքնության հետ դա կապ չունի: «Մարո, յարո ջան» մենք չենք երգի: Երբ այդպիսի երգիչներից հարցնում ես` ինչ է ազգային ինքնությունը, պատասխան չեն ունենումՙ իրենց համար դրանք բառեր են, որոնց տակ թաքնվում են:
Մեր հանդիսատեսը
Մեր հանդիսատեսը սիրում եւ լսում է լավ երաժշտություն: Նվիրված հանդիսատես է, ով ոչ միայն գիտի մեր երգի տեքստերը, այլեւ վերլուծել է: Մեր հանդիսատեսը մեր խմբի անդամն է:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ