«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#139, 2009-07-25 | #140, 2009-07-28 | #141, 2009-07-29


ԳՅՈՒՍՏԱՎ ՖԼՈԲԵՐԻ ՈԳԵՇՆՉՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

Բրիտանացի գրականագետ Դեյվիդ Ուոլլերը հայտնաբերել է ֆրանսիացի հանճարեղ գրող Գյուստավ Ֆլոբերի` անգլուհի Գերտրուդ Թեննեթին ուղղված նամակները: Հայտնաբերված 24 նամակները, որ հիմնականում անտիպ են, տեղ են գտել Ուոլլերի «Հրաշալի տիկին Թեննեթը» գրքում, որի շնորհանդեսը կայացել է երեկ Լոնդոնում:

Գերտրուդ Թեննեթը պատկանում էր 19-րդ դարի լոնդոնյան արիստոկրատ ընտանիքներից մեկին, որ նամակագրական կապ էր պահպանում ժամանակի հայտնի մտածողների` Օսկար Ուայլդի, Հենրի Ջեյմսի, Վիկտոր Հյուգոյի հետ: Նամակների գոյության մասին Թեննեթի ընտանիքի անդամները տեղյակ չեն եղել: Ուոլլերն այն գտել է Թեննեթի գրադարանում: Փոքրիկ ծրարը վերնագրված էր «Հայտնի մարդկանց նամակներ: Չվառել»:

Գերտրուդ Թեննեթն ու Գուստավ Ֆլոբերը ծանոթացել են 1842-ին Տրուվիլ փոքրիկ քաղաքում: Այդ ժամանակ Ֆլոբերն ընդամենը 22 տարեկան էր: Հետագայում նրանց ընկերությունը շարունակվեց Փարիզում: 1844-ին Ֆլոբերը Գերտրուդին ուղարկված նամակներից մեկում գրում է, որ կցանկանար ժամանակն անցկացնել միայն նրա հետ: Ուոլլերը գրքում ենթադրում է, որ նրանց միջեւ սիրավեպ չի եղել:

«Անկասկած նրանց միջեւ առաջացել է ֆրանսերենից թարգմանած amitie amoureuse` կրքոտ ընկերություն, բայց ոչ սիրավեպ: Թեպետ վստահաբար Գերտրուդը ոգեշնչել է ֆրանսիացի հանճարեղ գրողին»:

Առժամանակյա դադարից հետո, Ֆլոբերն ու Գերտրուդը նամակագրական կապը վերահաստատում են 1857-ին: Գերտրուդն ամուսնացել էր, իսկ Ֆլոբերը դարձել էր ժամանակի հայտնի գրողներից մեկը. հրատարակել էր «Տիկին Բովարի» վեպը: Նամակներից մեկում Գերտրուդը նկատում է, որ այնքան էլ հիացած չէ վեպով եւ նրան է ուղարկում Ջորջ Էլիոթի «Ադամ Բիդ» գիրքը:

Նրանց վերջին հանդիպումը տեղի է ունեցել 1876-ին գրողի փարիզյան բնակարանում: Այդ ժամանակ Ֆլոբերն արդեն ավարտում էր «Հասարակ սիրտ» գիրքը: Ըստ Ուոլլերի, նրանք մի քանի ժամ զրուցել են, քննարկել տարբեր թեմաներ: Նրանց նամակագրական կապը շարունակվել է մինչեւ Ֆլոբերի մահը` 1880թ.:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4